HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անասունների համաճարակ Լոռիում

Լոռու մարզի Աթան գյուղում, որտեղ 400 մարդ է բնակվում, 15-20 օր է` ըստ գյուղացիների, անասունների դաբաղ հիվանդության համաճարակ է բռնկվել:

Աթանեցի Սուսաննա Սիմոնյանն ասաց, որ «գյուղի ողջ անասունները հիվանդ վերդառած են, նրանց բերանից փսլինք է գնում, չեն կարողանում քայլել, վայր են ընկնում, կուրծերը վերքոտ են: Գյուղի անասնաբույժի կիրառած բուժումն անարդյունավետ է, դեղորայքը քիչ է, բոլոր անասուններին չի հասնում, բացի այդ` նա մենակ չի կարողանում բոլոր անասուններին օգնել, իսկ դրսից որեւէ աջակցություն չենք ստանում»:

Աթանեցիները որոշել են ողջ գյուղով հավաքվել ու գնալ Լոռու մարզպետարան` աջակցություն հայցելու: Աթան-Ալավերդի երթուղային ավտոբուսի վարորդն ասաց. «Համաճարակից արդեն սատկել է գյուղապետ Շալիկոյի կովը, որին երեկ երեկոյան գյուղապետը ձորն է շպրտել: Գյուղն ունի 2000 գլուխ անասուն, եւ հինգ անասունից չորսը հիվանդ է»:

Աթանեցիների ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է: Շատերը մեծ գումարների վարկերով են անասուններ գնել ու հիմա խիստ մտահոգ են: Բացի այդ, համաճարակի պայմաններում գյուղացիները չեն կարողանում ստեղծել ձմեռվա իրենց եկամուտը:

«Աթանի անասուններին վարակը փոխանցվել է Նոյեմբերյանի եւ Դիլիջանի կողմից, որոնց հարեւանությամբ` 40կմ շառավղով, գտնվում են Աթանի արոտավայրերը»,- ասաց Աթանի անասնաբույժ Վրույր Մարուքյանը:

Անասնաբուժական հակահամաճարակային կենտրոնի գլխավոր անասնաբույժ Համլետ Ապրեսյանն էլ հայտնեց, որ «Աթանի անասունները հիվանդ են ոչ թե դաբաղով, այլ նիկրոբացիլոզով, այն է` փտախտ հիվանդությամբ»: Գլխավոր անասնաբույժը բացատրեց, որ հիվանդության տարածմանը նպաստել է երկարատեւ երաշտը: Ըստ նրա` Աթանում անասունների վիճակը տեսել են նաեւ մարզի մասնագետները, իսկ իրենք երկու խմբաքանակ հնարավոր դեղորայք են ուղարկել Աթան: Հակահամաճարակային կենտրոնում հավաքված այլ համայնքների անասնաբույժները գլխավոր անասնաբույժի հետ մեզ համոզում էին, որ նիկրոբացիլոզն արագ բուժվող հիվանդություններից է, 2-3 օրը բավական է անասուններին բուժելու համար: Այդ դեպքում, ինչու՞ 15 օրից ավելի Աթանում անասունների վարակը չի կանխվում` սպառնալով հարեւան Շամուտ, Լորուտ եւ մյուս գյուղերին: Գլխավոր անասնաբույժն այսպես պարզաբանեց. «Բոլոր նշանակումները մեր կողմից արված են, սակայն մի կողմից` բուժումներն արվում են, մյուս կողմից` անասունները ցեխն են մտնում: Արեւոտ եղանակ է պետք:

Դեղորայք ստացել ենք, սպասարկումը կատարվել է պետպատվերի շրջանակներում: Աթանի դեպքում արտապլանային երեւույթ է, դրսից եկած վարակ է, աշխատում ենք եղած հնարավորություններով»:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության անասնաբուժական ծառայության տեսչության Լոռու մարզի գլխավոր մասնագետ Արամ Մարտիրոսյանը խոստովանեց, որ արտակարգ իրավիճակում հայտնված Աթանում ոչ միայն մասնագիտական բոլոր միջոցները չեն կիրառվել համաճարակը կանխելու համար, այլեւ Թումանյանի տարածաշրջանի մյուս համայնքներում անասնաբույժները լուրջ հիմնախնդիրներ ունեն:

«Մենք մեր ուժը պատածով ամեն ինչ անում ենք, 2000 անասուն կա Աթանում` եւ միայն մեկ անասնաբույժ, պետպատվերի շրջանակներում ֆիզիկապես նա ի վիճակի չէ հատ-հատ մշակել այդ քանակի վարակված անասուններին: Գյուղացիներին դեռ թվում է, թե նախկին` խորհրդային տարիների անասնաբուժարանն է, ու ամեն ինչ պետպատվերով գալիս է` անտիբիոտիկներից սկսած, յոդով վերջացրած: Բայց այսօր մենք միայն ստանում ենք պետպատվերով սահմանված պատվաստանյութերը»,- ասաց Արամ Մարտիրոսյանը:

Լոռու գլխավոր մասնագետի խոսքից պարզվեց, որ ինչպես Աթանում, այնպես էլ վարակի հարեւան օջախներում անասունների հիվանդության ախտորոշման լաբորատոր ուսումնասիրություններ չեն կատարվել, ախտորոշումը կատարվել է իրենց ուժերով: Գլխավոր մասնագետը փորձում էր համոզել, որ մտահոգվելու կարիք չկա: Մեր հարցին, թե ինչու են աթանեցիներն այդքան վախեցած, նա պատասխանեց. «Նրանք, կոպիտ ասած, ուզում են վայնասուն բարձրացնել, իմացել են, որ ինչ-որ «իքս» պրեպարատ գոյություն ունի, պետությունն իրենց փող տրամադրի, իրենք ծախս չանեն, 1000 դրամ չտան շիբ ու մարգանցովկա առնեն, լվացում անեն: Գյուղացիներին թվում է, թե անասնաբույժը պարտավոր է առավոտից իրիկուն իրենց անասունը մշակել»:

Մարտիրոսյանի նշած «իքս պրեպարատը» հանրահայտ «Արմենիկումն» է, որին անասնաբույժները թերահավատ վերաբերվեցին` նշելով, որ անցյալ տարի Տաշիրում ինչքան սրսկեցին, միեւնույնն է` անասունները սատկեցին: Ինչպես գլխավոր մասնագետը, այնպես էլ նրա աշխատասենյակում հավաքված անասնաբույժները դժգոհեցին իրենց ցածր աշխատավարձից` 27 հազար դրամ, որն էլ 6 ամիսը մեկ անգամ են ստանում, իսկ դրանով ընտանիք պահել հնարավոր չէ:

Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքներից անասնաբույժ ունեն 22-ը: Ծառայությունը չունի ավտոմեքենա, անասունների պատվաստումների հավաքատեղի, իսկ միմյանցից 35 կմ հեռավորությամբ գտնվող սարվորների անասունների պատվաստումը ոտքով հնարավոր չէ կատարել, այն դեպքում, երբ պատվաստանյութի մեկ ամպուլան նախատեսվում է 100 անասունի համար, մեկ սարում այդքան անասուն հաճախ չի լինում, իսկ պատվաստանյութը 4 ժամվա ընթացքում կորցնում է իր ազդեցությունը: Անասնաբույժները նաեւ դժգոհեցին, որ ներարկիչներ ու ասեղներ չեն տալիս, պատահում է` տալիս են ներարկիչներ առանց ասեղների: Բացի այդ, տարածաշրջանում չկա սպանդանոց, որտեղ պատահի անասուն են մորթում, եւ սա էլ կարող է համաճարակի պատճառ դառնալ:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter