HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՀՀ-ն առաջին դրամական փոխհատուցումը կվճարի իր քաղաքացուն

Եվրոպական դատարանը ճանաչել է արդար դատաքննության իրավունքի խախտումը ներպետական դատարանների կողմից

Հունիսի 28-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր որոշմամբ առաջին անգամ դրամական տույժ է կիրառել մեր պետության դեմ` 4000 եվրո:

Հիշյալ գումարը պետությունը պարտավորվում է երեք ամսվա ընթացքում վճարել հայցվոր Միշա Հարությունյանին: Փաստաբան Հայկ Ալումյանը բողոքը Եվրադատարանին ներկայացրել էր 2003 թ. մի շարք խախտումների հիմքով. Եվրոպական դատարանը ճանաչեց, որ ՀՀ-ն Մ. Հարությունյանի նկատմամբ խախտել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը` արդար դատաքննության իրավունքը, որի համար, որպես բարոյական վնասի հատուցում, նրան պետք է վճարի 4000 եվրո:

Փաստաբանը հայտնեց, որ Եվրադատարանը խոշտանգումների մասով նրան պատճառված վնասի հատուցման հարցը չի քննարկել, քանի որ Միշա Հարությունյանի նկատմամբ գործադրված խոշտանգումները տեղի են ունեցել մինչեւ ՀՀ-ի կողմից Եվրոպական կոնվենցիայի վավերացումը: Եվրոպական դատարանը քննարկել է, թե ՀՀ դատարանները իրավունք ունեի՞ն խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները դնել դատավճռի հիմքում եւ դատապարտել Մ. Հարությունյանին, եւ վճռել է, որ դրանով ՀՀ-ն խախտել է կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունը:

«Բոլոր այն խախտումները, որոնք ներկայացրել եմ Եվրոպական դատարանին, ժամանակին ներկայացրել եմ ՀՀ վճռաբեկ դատարանին»,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Դեպքը տեղի է ունեցել 1998թ., երբ հայ-ադրբեջանական սահմանային հենակետում մի զինծառայողի խրամատում սպանված էին գտել, որի համար ռազմական ոստիկանությունը ձերբակալում է 5 զինծառայողների: Նրանցից մեկի` Միշա Հարությունյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ բոլոր ապացույցները տանում էին նրան, որ թշնամու դիրքերից դիպուկահարի դիմահար կրակոցով էր սպանվել զինծառայողը, որովհետեւ նույն ժամանակ այդ վայրում տագնապի ազդանշան է եղել, եւ բոլորը զգուշացվել են խրամատներից դուրս չգալու մասին:

Սակայն փորձագետը բոլորի համար անակնկալ եզրակացություն է ներկայացնում, ըստ որի` զինծառայողը սպանվել է ոչ թե դիպուկահարի կրակոցից, այլ 1-10մ հեռավորությունից: Այդ եզրակացությունը ռազմական ոստիկանությանը հիմք է տալիս, որպեսզի հակառակորդի կրակոցից սպանված լինելու վարկածը թողնի մի կողմ ու մշակի միայն մի վարկած, որ կրակողը այդ դիրքի զինծառայողներից մեկն է եղել: Պաշտպանական կողմին ավելի ուշ հաջողվել էր պարզել փորձագետի ով լինելը` նա բուսական ծագում ունեցող թմրամիջոցների անալիզի մասնագետ էր, բայց այդ ժամանակ հիմք է ընդունվում միայն նրա տված եզրակացությունը: 5 զինծառայողներին տանում են ռազմական ոստիկանություն ու սկսում խոշտանգել: Ինչպես նշեց փաստաբանը, խոշտանգման ստանդարտ մեթոդներից բացի, նաեւ աքցանով սեղմել են մատների եղունգները եւ այդ եղանակով փորձել պարզել, թե 5-ից ով է կատարել սպանությունը:

Զինծառայողներից երկուսն իրենց համար ալիբի են ստեղծել ու հայտնել, որ այդ ժամանակ իրենք գնացել էին կողքի դիրքից սիգարետ բերելու ու հետագայում դատապարտվել են դիրքերն անօրինական լքելու մեղադրանքով: Մյուս երեքից երկուսը միշտ միասին էին եղել, եւ նրանց խոշտանգել են` ասելով, որ միասին են կատարել սպանությունը, կամ էլ Միշա Հարությունյանն է արել, իսկ իրենք տեսել են, որովհետեւ դեպի խրամատ տանող ճանապարհն իրենց տեսադաշտում է եղել: «Խոշտանգումներով երկու զինծառայողներից ցուցմունքներ վերցրին, որ երրորդ զինծառայողը` Մ. Հարությունյանն է կատարողը, եւ նրան կանգնեցրին փաստի առջեւ` հարկադրելով խոստովանական ցուցմունքներ տալ»,- հայտնեց պաշտպան Հ. Ալումյանը: Նրա ասելով` Մ. Հարությունյանը մեկ ամիս դիմացել է իր դեմ կիրառված խոշտանգումներին ու հրաժարվել ցուցմունք տալուց, դրանից հետո նրան հայտնել են, որ, միեւնույն է, իրեն դատելու են սպանություն կատարելու համար, բայց եթե հանձն առնի սպանությունը, գոնե անզգուշությամբ կատարելու համար կդատապարտեն, եթե ոչ` դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով:

«Մենք կարողացանք ապացուցել, որ Միշան եւ մյուս 2 վկաները խոշտանգված են եղել, եւ ստացանք փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` բութ առարկայով սեղմելու միջոցով է Մ. Հարությունյանն այդ վնասվածքները ստացել` 10 մատների եղունգները սեւացած էին»,- հայտնեց փաստաբանը: Այս եզրակացության հիման վրա ռազմական ոստիկանության 4 աշխատակիցներ դատապարտվեցին ցուցմունքներ կորզելու նպատակով 3 զինծառայողների նկատմամբ խոշտանգումներ կիրառելու համար:

Սակայն, դա չի խանգարում, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 13 տարվա ազատազրկման դատապարտի Միշա Հարությունյանին: Դատավոր Լեռնիկ Աթանյանը ռազմական ոստիկանության 4 աշխատակիցների դատապարտումից հետո, չկարողանալով առարկել մեղադրյալների նկատմամբ քննությանը խորթ մեթոդներ կիրառելու փաստի դեմ, դատավճռում գրում է . «Թեեւ նախաքննության ընթացքում բռնություններ են գործադրվել, սակայն դրանք գործադրվել են ճշմարտությունը պարզելու համար»:

Պաշտպանական կողմին հաջողվում է տարիներ տեւած դատաքննության ընթացքում քրեական գործը 3 անգամ վերադարձնել լրացուցիչ նախաքննության, եւ ամեն անգամ զինդատախազությունը կոսմետիկ շտկումներով գործը վերադարձնում է դատարան, իսկ վերջին անգամ ամեն ինչ արվում է, որ մեղադրական դատավճիռ կայացվի: Վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները դատավճիռը թողնում են անփոփոխ, բայց փոքր-ինչ մեղմացնում են պատժաչափը` 10 տարվա ազատազրկման են դատապարտում: «Այսինքն` գործը քննող դատավորները հասկանում էին, որ Մ. Հարությունյանը սպանություն չի կատարել, բայց եթե արդարացման դատավճիռ կայացնեին, նրա փոխարեն ուրիշները պետք է ազատազրկման դատապարտվեին: Դրա համար մեր դատարանները, ընդառաջելով դատախազությանը, մեղադրական դատավճիռ կայացրին, բայց համոզվելով, որ ամբաստանյալի աթոռին անմեղ մարդ է նստած, մեղմ պատժեցին»,- ավելացրեց Հայկ Ալումյանը:

Եւ այդպես, 4.5 տարի կալանք կրելուց հետո, Մ. Հարությունյանին մարդասպանի պիտակով ազատում են կալանքից` նկատի ունենալով, որ արդեն կրել է պատժի 2/3-ը:

Եվրադատարանի վճռի հիման վրա ազգային դատարանները պարտավորվելու են վերանայել Մ. Հարությունյանի նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը: Իսկ ինչպե՞ս են վարվելու այն դատավորների հետ, որոնց պատճառով Մ. Հարությունյանը զրկանքներ է կրել, եւ որին պետությունը հարկադրված է փոխհատուցել հարկատուներից գանձված գումարներով: Պրն Ալումյանը հայտնեց, որ Քաղաքացիական օրենսգիրքը ռեգրեսիվ հայց է նախատեսում, պետությունը վճարելուց հետո կարող է դիմել եւ այդ գումարը գանձել այն դատավորից, որի պատճառով տույժ է կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter