HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԱԾ-ն միջնորդել է երկարաձգել Արզումանյանի կալանքի ժամկետը

ԱԱԾ քննչական վարչությունը հունիսի 27-ին միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող եւ մայիսի 7-ին ձերբակալված ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով (մինչեւ սեպտեմբերի 7-ը) երկարաձգելու մասին: Դատարանը միջնորդությունը կքննարկի այսօր` հուլիսի 2-ին:

«Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը անհիմն է եւ ապօրինի»,- հունիսի 29-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկին հայտարարեց նախկին արտգործնախարարի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Վերջինիս հավաստմամբ` ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված թիվ 58205607 քրեական գործով փողերի լվացման մեջ մեղադրվող Ա. Արզումանյանի գործողություններում հանցակազմը բացակայում է:

Արսենյանի խոսքերով` վարույթն իրականացնող մարմնի` քննչական գործողություններ չկատարելու կամ կատարելու եւ թաքցնելու պատճառով պաշտպանական կողմը ստիպված դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Այնինչ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն ( խոսքն անմեղության կանխավարկածի մասին է ) ` պաշտպանական կողմը չէ, որ պետք է ապացուցի մեղադրյալի անմեղությունը:

«Ես ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի հսկողության տակ վերցվի սույն քրեական գործը, հատկապես ուսումնասիրվեն քրեական գործ հարուցելու հիմքերը, ինչպես նաեւ Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության հիմքերը,- ասում է փաստաբան Արսենյանը:- Եթե ընդունենք, որ գումարները ՀՀ-ի կողմից հետախուզվող գործարար, ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի կողմից են ուղարկված, ինչպես ԱԱԾ-ն է հայտարարել, ապա առաջին հերթին պետք է ապացուցել, որ դրանք «կեղտոտ» փողեր են: Եթե իսկապես այդպես էլ է, ապա ոտնձգություն է կատարվել Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ոլորտի դեմ, եւ ոչ թե` Հայաստանի Հանրապետության: Այդքանով` Արզումանյանի կողմից ՀՀ որեւէ բնագավառի նկատմամբ ոտնձգություն չի կատարվել: Բացի այդ, ըստ օրենքի, գումարը ստացողը պետք է նախապես տեղյակ լիներ, որ դրանք «սեւ» փողեր են, եւ ինքը դրանք օրինականացնելու պարտավորություն է ստանձնում: Սույն քրեական գործով հանցակազմի այս երկու տարրերը բացակայում են»:

Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությանը կցված է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջնորդություն-երաշխավորագիրը` Արզումանյանի նկատմամբ ընտրված կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու մասին:

Փաստաբան Հ. Արսենյանը նշում է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` այսօր բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում գրավի միջոցով կարելի է ազատ արձակել կալանավորվածին, այսինքն` փոխել խափանման միջոցը: Քննարկման ժամանակ Արսենյանը ներկայացրեց ԱԺ այն 19 պատգամավորների ( այդ թվում` Խաչատուր Սուքիասյան, Վիկտոր Դալլաքյան , Գրիգորի Մարգարյան ( անկուսակցական ) , Րաֆֆի Հովհաննիսյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան ( «Ժառանգություն» ) , Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան ( ՕԵԿ ) , Մուրադ Գուլոյան ( ԲՀԿ ) , Ալվարդ Պետրոսյան ( ՀՅԴ )) ցանկը, որոնք ստորագրել են Արզումանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդագրի տակ: Վերջինս ուղղվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին:

«Համոզված եմ, որ դատարանը պատգամավորների միջնորդությունը չի հարգելու, որովհետեւ դատարանն անկախ չէ եւ իրավունքի շահերը չի պաշտպանում»,- ասում է Արսենյանը:

Այն բանից հետո, երբ Ա. Արզումանյանի ընկեր, ՌԴ քաղաքացի Սաշիկ Աղազարյանը հանդես եկավ ՀՀ իշխանություններին ուղղված բաց նամակով` ասելով, որ ինքն է «միանգամայն մաքուր փողերը» փոխանցել Արզումանյանին, պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել` գումարների ծագման ու փոխանցման նպատակի մասին Աղազարյանին քննելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել է:

«ԱԱԾ քննչական վարչությունը հաղորդագրություն տարածեց, որ ՌԴ են գործուղվել քննիչներ` գումարների սկզբնաղբյուրը, ուղարկման նպատակը եւ այլ հանգամանքներ պարզելու համար: Հենց միայն այդ փաստը խոսում է այն մասին, որ մեղադրանքը շինծու է, արհեստածին` ենթադրության վրա հիմնված: Եթե արդեն իսկ բավարար ապացույցներ էին ձեռք բերվել, որ գումարները Լեւոն Մարկոսի կողմից են ուղարկվել, ապա ԱԱԾ-ն չպետք է քննիչներ գործուղեր կամ բավարարեր մեր միջնորդությունը: Սա խոսում է մեր ճշմարտացիության մասին»,- նշում է Հ. Արսենյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ` օրեր առաջ իր առաջին ցուցմունքն է տվել Ա. Արզումանյանը: Այն բանից հետո, երբ նրան նորից հարցրել են, թե արդյոք ցանկանում է ցուցմունք տալ, Արզումանյանն ասել է, որ մամուլից տեղեկացել է, թե Սաշիկ Աղազարյանը գումարների հետ կապված հայտարարություն է արել, եւ պաշտպանական կողմը միջնորդել է հարցաքննել վերջինիս: Նա նաեւ նշել է, որ եթե ԱԱԾ-ն հարցաքննի Աղազարյանին, պարզ կդառնա, որ անհիմն հետապնդում է իրականացվում իր նկատմամբ:

Հունիսի 19-ին վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջը` Մելիսա Բրաունին, ով, իր ասելով, այդ հանդիպումից առանձնապես ակնկալիքներ չի ունեցել. «Ես չէի գնացել ինչ-որ բան խնդրելու համար, պարզապես ժողովրդի կողմից գրված նամակը հանձնեցի նրան: Երկու հարց ունեի` վարչապետի բացատրությունը խնդրի շուրջ եւ նրա խորհուրդը: Ո՛չ բացատրությունը, ո՛չ էլ խորհուրդը ես չէի ընդունում: Խորհուրդն այն էր, որ չշփվեմ լրագրողների, պատգամավորների, կուսակցությունների հետ: Չգիտեմ, թե ինչու...»:

Այդ հանդիպման հաջորդ օրը` հունիսի 20-ին, ԱԱԾ-ն արգելել է Արզումանյանի տեսակցությունն այլ անձանց հետ` բացառությամբ փաստաբան Արսենյանի: Վերջինս նշում է, որ օրենքով 15 օրը մեկ թույլատրվում է տեսակցություն, բայց վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված չէ այն արգելելու հարցում:

Մ. Բրաունը մեծ ցավով ու անսպասելիությամբ է ընդունել ամուսնու հետ տեսակցությունների արգելման մասին լուրը, բայց հուսով է, որ արգելքը երկար չի տեւի. «Նելսոն Մանդելան 27 տարի է նստել, իսկ նրա կինը միայն երեք անգամ է տեսել նրան: Եթե նրանք դիմացան, մենք էլ կդիմանանք»:

Ո՛չ Հովիկ Արսենյանը, ո՛չ էլ Մելիսա Բրաունը հույս չունեն, որ դատարանը չի բավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հ.Գ. Այսօր` հուլիսի 2-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը` Ալեքսանդր Արզումանյանի կալանքը մինչեւ սեպտեմբերի 7-ը երկարացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter