Ներառական կրթության դերը մեր կրթօջախներում և Գորիսի օրինակը
ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, հանրակրթական դպրոցները պետք է ապահովեն մատչելի կրթություն բոլորի համար:
Երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն մեր կրթօջախները հնարավորություն չունեին իրենց հարկի տակ առնելու այն երեխաներին, ովքեր ֆիզիկական կամ մտավոր խնդիրների պատճառով մեկուսացել են հասարակությունից:
Արտասահմանյան փորձը ցույց է տվել, որ հատուկ կարիքներով երեխաների հասարակությունից մեկուսացումը պատճառ է դառնում կրկնակի և եռակի սթրեսի, ուստի նրանք պետք է ընդգրկվեն մեր շարքերը և իրենց զգան ինչպես հասարակության լիիրավ անդամ:
Արդեն 3 տարի է, ինչ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ներառական կրթություն» ծրագրի մեջ: Վերապատրաստվել են մանկավարժների մի խումբ՝ սոցիոլոգ, հոգեբան և լոգոպետ, ովքեր ձեռք են բերել համապատասխան հմտություններ հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու համար:
Ամբողջ ուսուցչական անձնակազմը նույնպես վերապատրաստվել է և կարողանում է ընդհանուր դասապրոցեսի ընթացքում աշխատել այդ աշակերտների հետ:
Մի քանի օր առաջ այցելել էի թիվ 3 հիմնական դպրոց` հատուկ կարիքներով երեխաների հետ ավելի անմիջական շփան համար:
Ինձ հյուրընկալեցին 6-րդ դասարանի աշակերտները: Այդ դասարանում սովորում է նաև Նարեկը, ով պակաս ուշադրության կենտրոնում չէր և սովորում է ինչպես մյուսները:
Աշխարհագրության դաս էր. թեման՝ Անտարկտիդան: Դասը բովանդակալից ու հետաքրքիր էր, իսկ աշակերտները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքը: Ուսուցչուհին հանձնարարել էր Անտարկտիդան ներկայացնել «1 բառ, 1 բառակապակցություն» մեթոդով:
Դասին ակտիվորեն մասնակցեց նաև Նարեկը, ով հիանալի ներկայացրեց իր պատասխանը: Վերջում մենք նրան հարցրինք, թե ինչ լոգո կամ էսքիզ կպատկերի Անտարկտիդային համարժեք, նա պատասխանեց. «Ես պինգվին եմ նկարել»:
Ստանալով համադասարանցիների, ուսուցչի և իմ խրախուսական ծափողջյունը՝ Նարեկն իրեն շատ լավ զգաց և ոգևորված ասաց, որ այսուհետ սովորելու է աշխարհագրության բոլոր դասերը:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխություններն ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողները:
Սեդա Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել