Ուդի մենահամերգ՝ Նարեկացի արվեստի միությունում
Մայիսի 19-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ Նարեկացի ժողնվագարանների համույթի սան, ուդահար Մարիամ Միրզոյանի մենահամերգը:
Համերգի ընթացքում հնչեց հայկական, արեւելյան ու եվրոպական ժողովուրդների երաժշտություն:
Ներկաները տպավորված էին համերգից: Նրանց խոսքով` հակառակ Մարիամի երիտասարդ տարիքին՝ նա բավականին լավ է տիրապետում գործիքին, մինաժամանակ կարողանում է փոխանցել տրամադրություն:
Թեեւ ամեն քայլափոխի կարելի է լսել, որ ժողգործիքներն այնքան էլ պահանջարկ չունեն ներկայումս, սակայն Մարիամի մենահամերգը ճիշտ հակառակն ապացուցեց. դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ ոգեւորված էին: Գուցե հենց դա էր պատճառը, որ համերգը նախատեսվածից երկար տեւեց:
«Ես կարծում եմ՝ հիմա ժողգործիքները վերածնունդ են ապրում, ինչը չէի ասի մի քանի տարի առաջ, -ասաց Մարիամը՝ ավելացնելով, որ դրա պատճառը նաեւ լուսաբանման պակասն է.- զանգվածային լրատվամիջոցներով պրոպագանդվում է շատ վատորակ երաժշտություն, հատկապես հեռուստատեսությամբ, կարծես ամեն ինչ անում են, որ իսկական արվեստ չներկայացվի»:
Մարիամն արդեն վեց տարի է, ինչ ուդ է նվագում. «Նախկինում քանոն էի նվագում, հետո մեր երաժշտական դպրոցում բացվեց ուդի դասարանը, սկսեցի հաճախել ուդի, նվագել ուդ»,-պատմում է Մարիամը:
Նրա խոսքով՝ ժողգործիքների համերգները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ նաեւ դրանց շնորհիվ են վերջիններս ճանաչում ձեռք բերում, փրկվում մոռացվելուց: Նա վստահ է՝ այս իմաստով Նարեկացի արվեստի միությունը կարեւոր դերակատարում ունի. «Նարեկացին իմ երկրորդ տունն է, շատ եմ սիրում մեր համույթը»,-նշեց նա:
ՆԱՄ-ի նախագահ Նարեգ Հարթունյանի խոսքերով ինքը շատ ոգեշնչված է համերգով. «Այսօր ես սիրահարվեցի ուդին, ինձ համար ուդն ուրիշ կերպ ներկայացավ Մարիամի շնորհիվ: Ես սիրով նվիրում եմ քեզ ՆԱՄ խորհրդանշական նվերները՝ քեզ հաջողություններ ու ավելի մեծ բեմեր մաղթելով»,-Մարիամին ուղղված իր խոսքում ասաց Ն. Հարթունյանը:
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել