HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էրեբունի». թանգարանների եվրոպական գիշերվա պատկերը

Երեկ` 2012թ. մայիսի 19-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ժամը 18:00-ից իր դռները բացեց մեր հասարակության առջև` հաստատելով իր պատկանելությունը թանգարանների եվրոպական ընտանիքին: Գիշերվա մեկնարկի առաջին իսկ պահից այցելուների չդադարող հոսքը շարունակվեց մինչև ուշ կեսգիշեր` լույսով ու կենդանի շնչով լցնելով ոչ միայն թանգարանը, այլ նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդը` բոլոր երևանցիների հպարտությունը:

Գիշերվա մեկնարկից դեռ ժամեր առաջ թանգարանի առջև բացվող հարթակի շուրջ հարմար դիրքավորված հարյուրավոր այցելուներ դարձան պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի և Անի Գալստյանի սաների բալետային ներկայացման հանդիսատեսը: Նրանցից շատերը թանգարանում մնացին ողջ երեկո` չկամենալով բաց թողնել իրար հաջորդող երաժշտական կատարումներից և ոչ մեկը:  Չդադարող ծափողջույններով ընդունված «Մազուրկա» և «Հարաբերություններ» բեմադրություններից հետո հանդես գալով  համառոտ խոսքով` Ռ. Խառատյանը նշեց, որ «սա բալետի պարողների 1-ին թանգարանային գիշերն է և  այս մասնակցությամբ պրոֆեսիոնալ բալետը հասարակությանը ճանաչելի դարձնելու նոր  ձեռնարկի մեկնարկն է տրվում»:

Այցելուներից շատերին, հատկապես դպրոցահասակներին, առանձնակի աշխուժություն պարգևեց Թաեքվոնդոյի Հայաստանի ֆեդերացիայի «Սատորի» ակումբի սաների ցուցադրական դասը` ներկայացնելով խիզախության օրինակներ ձեռքի և սրունքների ուժի գործադրմամբ: 

Էրեբունի ամրոցի միջնաբերդին ծանոթանալուց հետո Թանգարանների գիշերվա մասնակիցներին իր համերգային  ողջույնը հղեց «Փարոս» կամերային երգչախումբը` խմբավար Րաֆֆի Մելիքյանի ղեկավարությամբ:  Երեկոն, որն «Էրեբունի» թանգարանում բացառապես երաժշտական էր, ավարտվեց դաշնակահար Միքայել Գաբրիելյանի և «Շելլ» դաշնամուրային տրիոյի անմոռանալի կատարումներով:

Ընդամենը 6 ժամ տևողությամբ համաեվրոպական նախաձեռնությունը` Թանգարանների եվրոպական գիշերը,  մայիսի 19-ին Էրեբունի՚ արգելոց-թանգարան է բերել 1465 այցելուների, որոնցից շատերը թանգարանից բացի բարձրացել են նաև ամրոցի միջնաբերդ և ծանոթացել հնավայրին: Տարիքային և հետաքրքրությունների առումով այցելուների ամենատարբեր խմբեր  և անհատներ խոստովանել են, որ Էրեբունի ամրոց են այցելել 20-30 տարի առաջ` իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ:   

Թանգարանային գիշերվա հատուկ հյուրերն էին նաև «Մարտիրոս Սարյան» գեղարվեստի դպրոցի սաները` ովքեր հնավայրում իրականացրեցին ճեպանկարի ժամ: Արգելոց-թանգարանի հետ այս համագործակցությունը կշարունակվի նաև տարվա ընթացքում և կամփոփվի ցուցահանդեսով:

Թանգարանների գիշերվա «Էրեբունի» արգելոց-թանգարանի այցելուների թվում են եղել   նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ: Լիլիթ Պիպոյանը նշել է, որ «ինքն Էրեբունի է եկել Զվարթնոցից և վերստին հարստացած ու խաղաղված է մեր մշակութային գանձերի հետ հողորդակցությունից»: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter