HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հրազդանի» մոտ առևտրի կենտրոն կկառուցվի՞. Ռուբեն Հայրապետյանը դեմ է, Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչը համոզում է

Այսօր Հանրային խորհրդում քննարկվեց «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում առևտրի կենտրոնի կառուցման և մարզադաշտը ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու հարցը:

Քննարկմանը մասնակցում էին մշակույթի, արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների միության ներկայացուցիչներ: Իսկ Երևանի քաղաքապետարանից և բնապահպանության նախարարությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել:

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պետական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Գուրգեն Մուշեղյանն ասաց, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելը աբսուրդ է, անգրագիտություն և անվտանգության նորմերի չիմացություն:

Մարզադաշտի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելու դեպքում կխախտվեն քաղաքաշինական նորմերը, և երբ բազմահազարանոց հանդիսատեսով ֆուտբոլային խաղերի ժամանակ մարդիկ հեռանան մարզադաշտից, շարժվելու տարածք չի լինի:

«Բուն «Հրազդանից» ամբողջ ճանապարհները դուրս են գալիս մոտ 180 մետր, էվակուացիոն ճանապարհ մենք ունենք ընդամենը 60 մետր, այսինքն՝ այսօր մենք 3 անգամ պակաս ճանապարհներ ունենք հեռացման համար, քան «Հրազդանի» բուն աստիճաններով կամ ուղիղ հարթակներով, որ մենք դուրս ենք գալիս»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Նա օրինակ բերեց Հանրապետության հրապարակը, որում տեղավորվում է 10 հազարից ոչ ավելի մարդ: Հրապարակից դուրս է գալիս մոտ 200 մետր փողոց: «Եվ մի փոքր հրդեհի պարագայում ի՜նչ իրարանցում էդտեղ ստեղծվեց: Մարզադաշտերի ամբողջ պատմությունը կա, թե ինչեր են տեղի ունեցել մարզադաշտերում, և ինչպիսի վնասներ են եղել՝ մարդկային զոհերով հանդերձ: Վերջին ընդհարումների ժամանակ կարծեմ 71 զոհ եղավ»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Նա նշեց, որ այդ հարակից տարածքը «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մասն է: Նման տարածքներում անհրաժեշտության պարագայում պետք է մարդկանց նաև բուժօգնություն ցույց տրվի, օդային տրանսպորտ իջնի, տուժածներին տեղափոխի:

«Հրազդան» մարզադաշտը, մարզահամերգային համալիրը, Ծիծեռնակաբերդը համաքաղաքային նշանակության մի համալիր է, որը խորհրդանշում է և հիշատակ, և սպորտային վերելք: Եվ եթե այդ համալիրը չլինի, Հայաստանը չի կարողանա անցկացնել ոչ միայն հանրապետական լուրջ մրցումներ, այլևս դուրս կմնա տարածաշրջանային միջոցառումներից:

2004թ. կնքվել է մարզադաշտի շահագործման պայմանագիրը: Գուրգեն Մուշեղյանը կարդացել է պայմանագրի այն կետը, որում մշակույթի այն ժամանակվա նախարար Ռոլանդ Շառոյանը գրում է, որ «Հրազդանում» ֆունկցիոնալ փոփոխություն կատարել չի կարելի, եթե անգամ մարզադաշտը տրվում է ենթավարձակալության:

Գուրգեն Մուշեղյանն ասաց, որ քաղաքապետարանում բարձրացրել է այս հարցը, և նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ երբ նախագիծը քննարկենք, ձեզ կհրավիրենք: «Այսինքն՝ դրանով փակվեց քաղաքապետարանի գործը»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Քննարկմանը 30 րոպե ուշացումով եկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա ասաց, որ այն աշխատանքները, որոնք մարզադաշտում կատարվում են այսօր ու կատարվելու են առաջիկա 4-5 տարում, «Հրազդանը» կդարձնեն ոչ միայն խորհրդային, այլ այսօրվա չափանիշերով գերժամանակակից կառույց:

«Ամենայն հավանականությամբ, մեր աշխատանքները կատարելուց հետո միջազգային շատ ավելի խոշոր միջոցառում, ինչպիսին չեմպիոնների լիգայի ֆինալն է, մենք փորձելու ենք բերել նաև «Հրազդան» մարզադաշտում խաղացնել: «Հրազդան» մարզադաշտը էս պահին էլ համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, և աշունը մենք կունենանք շատ կարևոր խաղ, որը Իտալիայի հավաքականի հետ խաղն է»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ «Հրազդան» մարզադաշտը մշակութային արժեք է իր ողջ շրջակա տարածքով, քանի որ ժամանակակից մարզադաշտերն ունենում են նաև ենթակառուցվածներ:

«Ինչ կասե՞ք մարզադաշտին կից տարածքում, որը նրա անբաժանելի մասն է համարվում, առևտրի կենտրոն կառուցելու վերաբերյալ»,- հարց ուղղվեց Ռուբեն Հայրապետյանին: Նա պատասխանեց, որ 3-4 տարի առաջ այս նույն իրավիճակում հայտնվել էր Կիևի մարզադաշտը, նույնիսկ շինարարությունը սկսված էր, բայց ՖԻՖԱ-ն դադարեցրեց շինարարությունը, ընդ որում՝ շինարարությունն անում էր Ուկրաինայի նախկին նախագահի՝ Վիկտոր Յուշչենկոյի որդին:

«Մեր մարզադաշտի 70% հանդիսատեսը հենց էվակուացվում է այդ արևմտյան կողմով: Էնտեղ, Աստված մի արասցե, որևէ բան եղավ, բնական աղետ եղավ, որևէ մի բանով մենք չենք կարա էնտեղից էվակուացնենք ժողովրդին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Բացի դրանից՝ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն մի քանի օր առաջ մարզադաշտերին ներկայացրել են նոր պահանջներ, ըստ որոնց՝ մարզադաշտերում պետք է լինեն վիրահատություններ իրականացնելու համար նախատեսված սենյակներ: «Այսինքն՝ մենք չենք կարա էնտեղ որևէ կառույց սարքենք 100-150 մետր հեռավորության վրա: Դա չի վերաբերում մարզադաշտի անկյունից սկսած 100 մետրը: 100 մետրը վերաբերվում է էն տարածքներից, որոնք էվակուացիայի համար տարածքներ են»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Գուրգեն Մուշեղյանն էլ ասաց, որ այս ամենից հետո վերջերս քաղաքապետարանը նամակ է գրել կառավարությանը և նշել, թե մարզադաշտին հարակից տարածքը խառը կառուցապատման գոտի է: Մինչդեռ այն ոչ թե խառը կառուցապատման գոտի է, այլ «Հրազդանի» անբաժանելի մասը, ընդհանուր օգտագործման, բազմաֆունկցիոնալ տարածք: «Եթե էսօր կառուցվում է առևտրի կենտրոն, վաղը դրա կողքին կարող է կառուցվել այլ կենտրոն, էն մյուս կողքին, եթե թույլատրեն, կազինո և այլն, և այլն»,- ասաց Գուրգեն Մուշեղյանը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքերով՝ միակ լուծումն այն է, որ մարզադաշտը ներառվի ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, «որպեսզի որևէ մեկը այլևս չմտածի՝ կարելի է բիզնեսով պահել մարզադաշտը»: «Դա կլինեմ ես, թե Աղաբաբյան Աշոտը: Անձերի խնդիր չի, ժողովուրդ ջան: Ոչ մի անձերի խնդիր չկա: Դա լինեմ ես, ես էլ չեմ կարալու պահեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Քննարկմանը մասնակցում էր մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչ, գործադիր տնօրեն Գագիկ Ժամհարյանը: Նա ասաց, որ հուշարձանը մեծ արժեք ունի և երկրի հարստությունն է: Միաժամանակ, մարզադաշտի պահպանման համար ծախսվում են «շատ մեծ գումարներ», որոնց միակ աղբյուրը գործող տոնավաճառն է:

«Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնին, ապա մենք ընդամենը ստացել ենք ճարտարապետանախագծային հանձնարարություն: Նախագծերը պատրաստվում են, հիմա ընթանում է քննարկում: Դա նաև սոցիալական հարց է լուծում: Էդ մարդիկ, որոնք հիմա աշխատում են տոնավաճառում, անհատ ձեռներեցները, էս հարցը լուծելով՝ էդ բոլոր տաղավարները մաքրվելու են, տարածքը ամբողջովին ազատվելու է էդ ամեն ինչից: Ժամանակակից առևտրի կենտրոն հեռավոր տարածքում՝ էն տեղում, որտեղ թույլ կտան՝ համապատասխան չափորոշիչներից ելնելով: Այսինքն՝ չեն խանգարելու ոչ տարհանմանը, ոչ ֆուտբոլային խաղերի, միջոցառումների անցկացմանը»,- ասաց Գագիկ Ժամհարյանը:

Նա նշեց, որ առևտրի կենտրոնի կառուցումը կխանգարի տարհանմանը, բայց ըստ հոկտեմբերին «Հայսեյսմշինի» տված եզրակացության՝ մարզադաշտի սեյսմակայությանը չի վնասի:

Ռուբեն Հայրապետյանը հարցրեց, թե ինչպե՞ս ենք էվակուացնելու 54 հազար հանդիսատեսի, որը խաղից հետո, ենթադրենք, ագրեսիվ կամ ոգևորված վիճակում դուրս է գալիս մարզադաշտից: «Ներկա պահին դա ապահովված չի՞, պրն Հայրապետյան»,- հարցրեց Գագիկ Ժամհարյանը: «Իհարկե, ոչ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Իսկ Գուրգեն Մուշեղյանը հավելեց, որ ներկա պահին նստելու տեղերն ավելի շատ են, քան էվակուացիոն տեղերը:

Քննարկմանը մասնակցող, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասաց, որ սեփականաշնորհելու քայլն արդեն արված է, մարզադաշտն ունի սեփականատեր: «Այդ մարդը պիտի պահի էդ դաշտը: Եթե նա չէր կարող դա պահել, ինչո՞ւ էիք դա սեփականաշնորհում»,- ասաց գիտաշխատողը:

Նրա համոզմամբ՝ այժմ պետությունը պետք է մտածի սեփականատիրոջը փոխհատուցում տալու կամ այլ բան անելու մասին, քանի որ ստեղծված իրավիճակում ակնհայտ հակասություն կա: «Քայլը սխալ արված է, հիմա պիտի դրա տակից դուրս գալ»,- ասաց Բորիս Գասպարյանը:

Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պետական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը ընթերցեց քաղաքաշինության նախարարության դիրքորոշումը: Ըստ այդմ, նախարարությունն առաջարկում է մարզադաշտին հարող տարածքի կառուցապատման առաջարկությունը ներկայացնել հասարակության իրազեկմանը և համապատասխան քննարկումից հետո հանգել հանրության կարծիքի հետ փոխհամաձայնեցված լուծումների՝ ապահովելով ՀՀ օրենսդրության և նորմատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության 2011թ. հոկտեմբերի գրության մեջ ասվում է, որ մարզադաշտին կից տարածքի գործառնական նշանակությունը փոխելով, այդ տարածքում արդեն իսկ կառուցված ոչ կապիտալ շինությունների և առևտրի կենտրոնի կառուցմամբ անտեսվում են անվտանգության ապահովման պահանջները: Դա կխաթարի մարզադաշտի լիարժեք շահագործումը, կխոչընդոտի մարզադաշատից մարդկանց անարգել և անվտանգ տարհանմանը, արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, իրականացման և հետևանքների վերացման գործընթացին: Ուստի, ԱԻՆ-ը անթույլատրելի է համարում մարզադաշտին կից տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն էլ 2012թ. փետրվարի նամակով հայտնել է, որ ՈւԵՖԱ-ի բոլոր առաջնությունների համար օգտագործվող մարզադաշտերի համար տեղական իշխանությունները պետք է տրամադրեն անվտանգության երաշխիքներ: Հակառակ դեպքում մարզադաշտը չի կարող օգտագործվել:

Գուրգեն Մուշեղյանը մեկ ամիս ուսումնասիրել է խնդիրը և քննարկման ժամանակ ներկայացրեց իր ուսումնասիրությունը:

Մարզադաշտի շինարարությունը սկսվել է 1960-ականների վերջերին: Մարզադաշտը բացվել է 1971թ.: Այդ տարիներին ողջ ԽՍՀՄ-ի տարածքում արգելված էր որևէ հասարակական կառույցի շինարարություն. ընթանում էր միայն զանգվածային բնակելի շինարարություն: Եվ ուրեմն որքա՜ն մեծ էր «Հրազդան» մարզադաշտի նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը ԽՍՀՄ ղեկավարությանը հիմնավորել է Երևանում նման կառույցի անհրաժեշտությունը:

90-ականներին ամբողջ ԽՍՀՄ-ում սպորտը անկում ապրեց, և բոլոր մարզադաշտերում հնարավորություն ստեղծվեց բացել տոնավաճառներ, որոնցից ստացված եկամուտները պետք է ծառայեին մարզական կառույցներին: Այդպիսի իրավիճակ ստեղծվեց նաև «Հրազդան» մարզադաշտում:

1982թ. Վարշավայում հրատարակվել է անտիկ աշխարհից մինչև 1980-ականները կառուցված համաշխարհային ամենանշանավոր սպորտային կառույցների ցանկը: Գրքում ներառված է նաև «Հրազդան» մարզադաշտը: Ավելին, մարզադաշտի նկարը տպագրված է գրքի կազմին:

Անցյալ տարի հրատարակվել է «Советский модернизм» գիրքը, որում ներառված են խորհրդային ժամանակաշրջանի նշանավոր կառույցները: Գրքում Հայաստանից ներառված է 7 աշխատանք, այդ թվում նաև «Հրազդան» մարզադաշտը:

Այս տարվա սկզբին Ճարտարապետների միջազգային միության «Ճարտարապետություն, շինարարություն և դիզայն» ամսագիրն անդրադարձել է գերժամանակակից ֆուտբոլային մարզադաշտերին, այդ թվում նաև «Հրազդանին»:

Մեկնաբանություններ (2)

as
tenanq es anam ov inchqan poxa lsnelu ira grpan@ sax monopoliaya eli,,,,,,te urish tex chka henc ekel chamur es exel marzadashti taracqin
HARUT
HAVATANK VOR POXENK,,,,P.S IHARKE DA VERABERVUM E VOCH HANRAPETAKANNERIN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter