Ընթերցո՞ւմ է արդյոք գորիսեցին, կամ ընթերցասեր հասարակությունը մեր օրերում
2012թ. ապրիլի 23-ին Երևանը ճանաչվեց գրքի մայրաքաղաք: Այդ օրը մեծ տոն էր ամբողջ Հայաստանում: Օրվա դերն ու նշանակությունը հատկապես կարևորում էին այն մարդիկ, ովքեր անչափ մոտ են գրականությանը և շատ են սիրում ընթերցել:
Իսկ արդյո՞ք դա մեծ ոգևորություն առաջացրեց հայ հասարակության մեջ, արդյո՞ք տոնը բազմաթիվ երիտասարդների ուղղեց դեպի գրադարանները:
Իմ հարցերի պատասխանը գտնելու համար այցելեցի Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժին, որտեղ գրադարանավարուհի Սուսաննա Հարությունյանը հանգամանալից պատասխանեց ինձ հուզող բոլոր հարցերին:
Ի ուրախություն բոլորիս՝ տիկին Հարությունյանը նշեց, որ Գորիսում ընթերցասիրությունը բարձր մակարդակի վրա է, գրադարանն ունի շատ այցելուներ, որոնց մեծ մասն ուսանող է:
Հենց նույն պահին նա հիշեց նաև ամենաընթերցասեր երիտասարդներից երկուսին՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտ Հակոբ Օհանջանյանին և Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Ալինա Թելունցին: Սակայն տիկին Հարությունյանը ցավով նշեց, որ գրադարանում գրքի մեծ պակաս է զգացվում:
«Ցավոք սրտի, շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ ստիպված ենք լինում մերժել այցելուներին՝ պահանջած գիրքը չունենալու պատճառով»,- ասաց տիկին Սուսաննան:
Նա նշեց նաև, որ շատ անգամ են դիմել կրթության և գիտության նախարարությանը, անգամ նամակ են գրել անձամբ նախարարին, սակայն՝ ԼՌՈւԹՅՈՒՆ...
Խնդիր է նաև այն, որ գրադարանի «կահ-կարասին», որտեղ պահվում են երկար կյանք ապրած գրքերը, բավականին հին է և օգտագործման քիչ պիտանի:
Գրադարանի անձնակազմը մեծ հույս ունի, որ միջազգային այս մեծ հաղթանակը հաղթանակ կդառնա նաև Գորիսի գրադարանի համար:
Հասմիկ Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել