Բետոնապատման աշխատանքներ և փայտե օբյեկտի կառուցում՝ հատուկ պահպանվող տարածքում
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Ս. Կարապետյանին
Հարգարժան պարոնայք,
Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են “Dalarik river, Armenia”, և որտեղ ներկայացված են ինչ-որ օբյեկտի կառուցման մանրամասներ (լուսանկարները ներկայացված են հետևյալ հասցեներով https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1 և https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater/):
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկին, այսինքն՝ չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում:
Լուսանկարներից պարզ երևում է որ.
- Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ-որ փայտե կառույց, և գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,
- վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,
- վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ՝ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:
Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի և ափերի ավիրում, հետևաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:
Հետևաբար, ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Արդյո՞ք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքում,
- ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,
- արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու և տարածքը ցանկապատելու համար:
Միևնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
«Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
22.05.2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել