HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը

Մայիսի 21-ին Չիկագոյում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը՝ շարունակելու օժանդակել Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

«Կործանարար ուժերը խոչընդոտում են խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը Աֆղանստանում: Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն՝ թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլև որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում։ Կարևոր է ապահովել Աֆղանստանում դրական փոփոխությունների ընթացքը, որպեսզի այդ երկիրը չծառայի որպես անհանգստության աղբյուր իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա ամբողջ տարածաշրջանի դրական շարժիչ ուժը և օգտագործի իր բնական հարստություններն՝ ի շահ Աֆղանստանի ժողովրդի, երկրի և տարածաշրջանի զարգացման»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես անվտանգության աջակցության ուժերի՝ մինչև 2014թ. նախատեսվող դուրս բերումը, այդպես էլ դրանից հետո: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter