HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանեսովը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման համակարգչային սաբոտաժի համար

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել համակարգչային սաբոտաժի համար Բ. Ավանեսովին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն՝ Գ.Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների հնարավորությունները, «DDoS» տեսակի հարձակումներ է իրականացրել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող կայքերի և IP-հասցեների վրա՝ խափանելով այդ կայքերի բնականոն աշխատանքը, ուղեփակելով այնտեղ պահվող համակարգչային տեղեկատվությունը և ոչ պիտանի դարձնելով այդ համակարգչային համակարգերը։

Մասնավորապես, 2010թ. հոկտեմբերի 1-ին Գ. Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների թվաքանակի 25 տոկոսը, «DDoS» տեսակի հարձակում է իրականացրել ռուսաստանյան «Մակոմնետ» ՓԲ ընկերությանը (http://macomnet.ru) պատկանող IP հասցեի վրա, որի հետևանքով հիշյալ կազմակերպության համապատասխան սարքավորումը ժամանակավորապես շարքից դուրս է եկել, և մոտ 192 հաճախորդ զրկվել է «Մակոմնետ» կազմակերպության մատուցած համացանցային ծառայություններից օգտվելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. մայիսի 21-ի դատավճռով Գ. Ավանեսովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից Գ. Ավանեսովին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով և 256-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը, հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ին ընդունված որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Գեորգի Ավանեսովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածով և 256-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter