HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

ՀԿ-ները լրատվամիջոցներին կոչ են անում իրենց վրայից հանել համասեռամոլի պիտակը (լրացված)

Կանանց իրավունքները պաշտպանող «Կանանց ռեսուրսների կենտրոնը», ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն առցանց լրատվամիջոցներից պահանջում են ապատեղեկատվություն չտարածել կամ գոնե տարածելուց հետո հանել «Գեյ-շքերթ», «Սրանք голубой են», «Նույնասեռականների հավաքը տապալվեց» ու նմանատիպ այլ արտահայտությունները, քանի որ իրենք չեն մասնակցել այդպիսի բովանդակությամբ միջոցառմանը:

Երեկ' մայիսի 21-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում էր ՄԱԿ-ի հաստատած, մշակութային բազմազանության պաշտպանությանը նվիրված տոնը: Հայաստանում նույնպես փորձեցին նշել այդ օրը, և տարբեր հասարակական կազմակերպություններ ներգրավվեցին այդ գործընթացին:

Նկարիչների միության շենքում պետք է տեղի ունենար միջոցառում տոնի շրջանակներում: Սակայն այս ամենը շատ արագ որակվեց որպես այլասերվածություն, մշակութային բազմազանությունը ասոցացվեց միասեռականության գովերգման հետ, և տոնակատարության մասնակիցների շքերթը, որը սկսվել էր Կասկադից, հարձակման ենթարկվեց ազգայնական որոշ ուժերի կողմից:

Շքերթի մասնակիցները համոզված են, որ այդ ամենը չի կարելի վերագրել հայրենասիրության և ազգայնականության ինքնաբուխ դրսևորումներին. տոնակատարության խափանումը և դրան սեռական փոքրամասնությունների շքերթի պիտակ փակցնելը կանխամտածված գործողությունների հետևանք էին: Այս մասին նրանք որոշ մեկնաբանություններ տվեցին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կանանց ռեսուրսների կենտրոնի» ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը ափսոսանք է հայտնում, որ իրենց կազմակերպության մասնակցությանը ՄԱԿ-ի հաստատած միջոցառմանը նմանօրինակ պիտակ փակցվեց:

«Ապշեցուցիչ ապատեղեկատվության արդյունքում այն վերածվեց իսկական քաոսի,- նշեց կանանց իրավունքների պաշտպանը:- Կոնկրետ մեր ՀԿ-ն նպատակ ուներ Իրաքից և մուսուլմանական այլ երկներից բռնագաղթված կանանց իրավունքները բարձրաձայնել, որոնց հասարակության մեջ հաճախ «մուսուլման» կամ «թուրք» անվանումներն են տալիս: Այդ կանանցից ոմանք, ովքեր առանց այդ էլ հոգեբանական առումով խոցելի էին և ունեին պաշտպանության կարիք, նույնպես ներկա էին միջոցառմանը և այս ամենից հետո կարող են կորցնել հավատը՝ հասարակական աջակցություն ստանալու հանդեպ»:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն ներկայացնող Հովհաննես Մադոյանի հավաստմամբ՝ ոչ միջոցառման հրավերների տեքստերում, ոչ իրենց երթի պաստառների վրա չկային միասեռականության քարոզ պարունակող արտահայտություններ, ինչ-որ մարդկանց ուղղակի ձեռնտու էր աղմուկ բարձրացնել:

«Ես ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր առանձնանում են իրենց կենսակերպով, և նրանց մշակույթը մի փոքր տարբերվում է, այդ մարդիկ հասարակության կողմից մեկուսացվում են ինչ-ինչ պատճառներով:

Հանրային առողջապահության տեսանկյունից մշակութային բազմազանության դեմ պայքարելը վտանգ է պարունակում: Պայքարել կարելի է ինչ-որ բանի կողմ, դա ավելի շատ բարոյական բավականություն կարող է պատճառել: Իսկ ահա դեմ դուրս գալը շատ ավելի հեշտ է: Հասարակության մեծամասնությունը դեմ է, օրինակ միասեռականներին, քանի որ նրանք չեն կարող սերունդ տալ, և դա վնաս է ազգապահպանմանը, սակայն քչերը հանդես կգային բազմազավակությունը խրախուսող նախաձեռնություններով»,- ասաց Հովհաննես Մարդոյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին նաև այն բանի վրա, որ մշակութային բազմազանության երթի մասնակիցների թիվը շատ ավելի փոքր էր և ընթացքում ավելի փոքրացավ, քան երթը միասեռականների շքերթ անվանողների և դրանց դեմ պայքարողների թիվը:

«Բազմազանության» տոնի էության մասին մասնագետի պարզաբանումները 

Գյուլնարա Շահինյան` Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական` ժամանակակից ստրկության գծով 

«Այս տարի նշվում է մշակութային բազմազանության համաշխարհային օրվա տասնամյակը: Այն որպես պաշտոնական տոն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Մշակույթի բազմազանությունը հարստություն է ցանկացած երկրի համար, այն օգնում է հաղթահարել կոնֆլիկտները, աղքատությունը, բերում է հարմոնիայի: Իմ կարծիքով` այս տոնին մասնակցություն պետք է ունենար ոչ միայն հասարակական սեկտորը, այլ նաև ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Հայաստանում, երկրի կառավարությունը:

Այս տոնը կարող էր վերջերս նշված գրքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարունակությունը լինել: Տեղի ունեցած միջադեպի պատճառներից մեկը կարող էր այն լինել, որ գուցե հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէր սպասվելիք միջոցառումների մասին:

Երեկվա տեղի ունեցածը ստերիոտիպային քաղաքական միջոցառում էր. երբ պետք է աղմուկ բարձրացնել, հայտնվում են ինչ-որ խմբեր, ջինը հանում են շշից, նացիոնալիստական խաղաքարտն օգտագործում են, հետո ջինը նորից փակում են շշում մինչև մյուս առիթը: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, էդտեղ նորություն չկար, սպասելի էր:

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ընդհանուր հռչակագրին, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով և իրենց արժանապատվությամբ:

2011-ին Մարդու իրավունքների խորհուրդը հռչակեց մի հռչակագիր սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնության դեմ: Մեր կառավարությունը ստորագրեց այդ հռչակագրի տակ և կողմ քվեարկեց: Իսկ փաստաթղթի տակ ստորագրել, նշանակում է նաև վերաբերմունք ձևավորել այդ երևույթի հանդեպ»:

Մեկնաբանություններ (3)

drizzlebrain
Բնության չքնաղ երևույթը` Ծիածանը իր հարուստ ներկապանակում բազմազան գույներ ունի` երկնագույն. վարդագույն և այլն, սակայն երթեր չի կազմակերպում ու մարդկանց զահլան չի տանում: Ինչու եք դուք ձեր միա/բազմա/նույնա/-սեռականությունը պարտադրում հասարակությանը: Բացի ձեր գույներից, ուրիշ ինչ ունեք ներկայացնելու` հանճարեղ արվեստի գործեր, բժշկության նորագույն նվաճումներ, գիտական պայծառ միտք, տաղանդ...Պետք է, որ ձեր այդ տարբեր լինելը արտահայտվի ձեր արտասովոր գիտական, տաղանդավոր, հանճարեղ մտքի արգասիքով: Թե չէ մենակ գույներով անիմաստ է փողոց դուրս գալ, երբ մայր բնությունը ժամանակ առ ժամանակ մեզ Ծիածանի գույներով է կախարդում: Բովանդակության պակաս կա, ոչ թե գույների...
Աշոտ
եթե այդպես է, ուրեմն առաջին հերթին թող մեղադրեն պինկ ակցիայի կազմակերպիչ փինկի աշխատակցին, ով կասկադի մոտ աղջիկներից մեկին լեզբիություն էր քարոզում: դիտեք տեսանյութը, ուր մեկ այլ կազմակերպիչ՝ Թուֆենկյան հիմնադրամից Մարոն, լրագրողի հարցին ուղղակի պատասխանում է՝ ոչ, մշակութային չէ, այլ սեռական բազմազանություն: Այդ ինչու՞ մշակութային բազմազանության տոնը վերածեցին սեռական բազմազանության: Կնոջից ու տղամարդուց բացի այլ սեռ գոյություն ունի՞
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համասեռամոլ? Իսկ դուք ինչ եք? ՏԱՐԱՍԵՌԱՄՈԼ?.................................................Այո,կնոջից ու տղամարդուց բացի այլ սեռ գոյություն ունի. դա այս արևի տակ ծնված ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ սեռն է: Հետո, գոյություն ունի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ սեռի, սեքսի,գենդերի ու սեռական կողմնորոշվածության մեջ: Ոստի ԼՐԻՎ հնարավոր է,որ ասենք 2 տղամարդ իրար հետ ունենան սեռային կապ,բայց չլինեն միասեռական (կամ նույնիսկ երկսեռական): Սեռական բարդույթը (տղա)մարդու կյանքում ամենահզորն ու ամենաբարդն է.ուստի այն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ քարոզել: Ու ՈՉ ՄԻ հիվանդություն մարդուն ներքին երջանկություն չի կարող տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter