Արմեն Աշոտյան. «5 տարվա մեջ ունենալ միջազգային հավատարմագրված 5 բուհ կամ կրթական ծրագիր»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը: Երկու տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկած ծրագիրը տարեվերջին մոտենում է իր ավարտին:
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացրել «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Հասմիկ Ղազարյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 31.26 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչից' հանրակրթության ոլորտի բարեփոխումներ և Բոլոնիայի գործընթացի շրջանակում աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին:
Ըստ ԾԻԳ-ի տնօրենի' հանրակրթության ոլորտի բարելավման հիմնական ուղղություններից մեկի' դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման շրջանակում 2010-2011 թթ. ՀՀ համայնքներում իրականացվել են մի շարք նախադպրոցական միկրոծրագրեր:
«Քայլ առ քայլ» ԲՀ-ն վերապատրաստել է 124 համայնքի շուրջ 300 դաստիարակի: 2012 թ. նոյեմբերին նախատեսվում է վերապատրաստել ևս 200 մանկավարժի: Համապատասխան ծրագրով 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերապատրաստվել է ատեստավորման ենթական շուրջ 6 հազար ուսուցիչ' տարբեր առարկաների գծով:
Ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՀՀ 1360 պետական դպրոցների վարչական և կառավարչական գործառույթների իրականացման համար տրամադրվել են համակարգչային սարքավորումներ, իսկ մոտ ապագայում Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին կփոխկապակցվի ևս 459 հանրակրթական ուսումնական հաստատություն:
Ավագ դպրոցների բարեփոխումների աջակցության շրջանակում 81 ավագ դպրոցներում 2010-2011թթ. ստեղծվել են ռեսուրս կենտրոններ, որոնք համալրվել են անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:
Ծրագրի երկրորդ բաղադրիչի' բարձրագույն կրթության բարեփոխումների աջակցության շրջանակում իրականացվել են բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի ստեղծման, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) ներդրման, բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի կատարելագործման և մանկավարժական կրթության բարեփոխումների իրականացման աշխատանքներ:
Մասնավորապես, 2011թ. որակի ներբուհական համակարգի ներդրման և կատարելագործման նպատակով ՀՀ 10 պետական բուհի տրամադրվել են համապատասխան դրամաշնորհներ: Երկրորդ փուլին մասնակցելու համար հայտ են ներկայացրել ևս 9 պետական և 5 ոչ պետական բուհ:
Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ուսումնասիրվել է ՄԿԿՏՀ միջազգային փորձը, և իրականացվել է կարիքների նախնական գնահատում: Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ նախատեսվում է որակի ներքին ապահովման համակարգ ներդնել մի շարք բուհերում և հրատարակել համապատասխան որակի ապահովման ձեռնարկ, որում զետեղված կլինի բուհի որակի ապահովման գործընթացների նկարագիրը:
Բացի դրանից՝ 2014 թ. ՈԱԱԿ-ն ունի բացառիկ հնարավորություն՝ դառնալու եվրոպական հավատարմագրման ցանցի լիիրավ անդամ, որն էլ իր հերթին ենթադրում է, որ նշված ժամանակահատվածում հայաստանյան հավատարմագրման գործընթացը կհամապատասխանի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի չափանիշներին:
Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական համակարգի բովանդակային փոփոխությունները, որպես կանոն, արդյունք են նախևառաջ տեխնիկական հագեցվածության, ինստիտուցիոնալ և մեթոդական փոփոխությունների:
«Բուհական հավատարմագրման անցումային այս շրջանը մեծագույն մարտահրավեր է վերջիններիս համար՝ հասարակությանն ապացուցելու իրենց մատուցած կրթական ծառայությունների որակը: Ակնհայտ է, որ իրավական, կառուցվածքային միջավայրը փոխվում է, սակայն կրթության որակի ապահովման տեսանկյունից հայաստանյան բուհերը դեռևս հսկայական աշխատանք ունեն կատարելու: Մեր բանաձևը շատ պարզ է՝ 5 տարվա մեջ ունենալ միջազգային հավատարմագրված 5 բուհ կամ կրթական ծրագիր»,- ասել է Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել