ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Փոշոտ մոտոցիկլետ, խանդավառ աչքեր ու ճանապարհներ․ 10 տարվա պատմություն



«Բարեւ ձեզ, մենք՝ Ջուլիանը, Լորենան եւ փոքրիկ շնիկ Տրիկոն կատարում ենք շուրջերկրյա ճանապարհորդություն «Լա Պորետա» մոտոցիկլով։ Ճանապարհորդությունը սկսել ենք 2002 թ-ի փետրվարի 25-ին։ Մենք եղել ենք աշխարհի ավելի քան 70 երկրում։ Շնորհակալ կլինենք, եթե օգնեք մեզ վերջացնել ճանապարհորդությունը»,- այս գրության ավելի քան 15 լեզուներով թարգմանությունները երեկ գրավել էին Թբիլիսիի կենտրոնական փողոցի անցորդներին։ 

Արգենտինացի զույգը դեռեւս 10 տարի առաջ որոշում է կայացրել ճանապարհորդել աշխարհով մեկ, գնել է մի դիմացկուն մոտոցիկլետ եւ դուրս եկել բազմաթիվ արկածներին ու դժվարություններին ընդառաջ։ 

Ճանապարհորդությունը սկսել են Հարավային Ամերիկայից, անցել են եվրոպական քաղաքակրթության, աֆրիկյան վայրիության, հնդկական անկեղծության եւ ավստրալական խաղաղության միջով․ այժմ հայտնվել են Կովկասում։ Հայաստանից հետո նրանք անմիջապես մեկնել են Վրաստան, որտեղ էլ վաճառում էին կաշվե թելերից հյուսված ապարանջաններ՝ միեւնույն ժամանակ անցորդներին պատմելով իրենց արկածների մասին։ 

Ջուլիանը շատ չէր խոսում․ նա փորձում էր հնարավորինս արագ վաճառել ապարանջանները, հաշվել եղած գումարն ու ճամփա ընկնել։ Կարծես թե մի քիչ նյարդայնացած էր, քանի որ հաջորդ կայարանն արդեն Ռուսաստանն է՝ Վոլգոգրադ, Վլադիվոստոկ եւ այլ քաղաքներ։

Լորենան շտապել էր վերցնել փոքրիկ համակարգիչն ու վազել առաջին իսկ պատահած սրճարանը՝ սոցիումի հետ շփվելու։ 

«Հեշտ չէ տասը տարի անընդհատ մի մարդու հետ լինել։ Երբեմն վիճում ենք, հետո, հասկանալով, որ ուրիշ ճանապարհ չկա՝ կրկին հաշտվում։ Այս որոշումը շատ արկածային էր, բայց նաեւ դժվարություններով հագեցած։ Որոշ երկրներում խնդիրներ ենք ունեցել նաեւ վիզայի հետ կապված, բայց միեւնույն է, ճանապարհները շատ գրավիչ են»,- ասում է Լորենան։ 

Նա չգիտի, թե որտեղ է ապրելու եւ ինչով է զբաղվելու ճանապարհորդությունից հետո, բայց համարում է, որ այդ տեսակ կյանքը ոչ բոլորի համար է․ «Մինչ ճանապարհորդությունը ես Արգենտինայում աշխատում էի որպես վարսավիր։ Բայց մի օր որոշեցինք՝ ստոպ․ մի քանի ամիս պատրաստվելուց հետո մեկնեցինք։ Դա իրոք համարձակ որոշում էր, որը ոչ բոլոր մարդիկ կկայացնեին»,- պատմում է Լորենան։ 

Հարյուրավոր կիլոմետրերի արանքում հայտնվող բնակելի գյուղերում ու քաղաքներում էլ կանգ են առնում, փռում իրենց ճանապարհորդական ուղին մատնանշող քարտեզը, փոքրիկ ֆոտոցուցահանդես կազմակերպում, իսկ մարդիկ զարմացած նայում են լուսանկարները, մի քանի մետաղադրամ հատկացնում եւ ուսերը թոթվելով՝ հեռանում։ Ինձ նմաններն էլ թաքուն որոշում են կայացնում՝ մոտոցիկլետ գնել ու մեկնել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ