HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտից շանտաժ անողների գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2 դատապարտյալների կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սիմոնյանը, ով 2005 թվականին դատապարվել է 8 տարվա ազատազրկման եւ իր պատիժը կրում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, 2009 թ. հունվարին, այսինքն` պատիժը կրելու ժամանակ, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:

Այնուհետեւ 2009 թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների եւ իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի  ամուսնուն եւ հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց:

Բացի այդ, Ս. Սիմոնյանը  Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող,  դատապարտյալ Ա. Աբրահամյանի հետ,  2012 թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են նրան արատավորող  կեղծ տեղեկություններ հրապարակել:

Այն է` վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաեւ` վերջինիս` համացանցում առկա ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:

Նշված տեղեկությունները չհրապարակելու եւ չտարածելու դիմաց 2012 թ. հունվարի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը եւ Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար:

Բացի այդ, Ա. Աբրահամյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2011 թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում եւս 4 անձանց հետ հեռախոսազրույցների եւ համացանցի` odnoklassniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ եւ մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`  ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter