HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սատարելու ենք Բարձրադիրի ոսկու բաց հանքը մերժող նախաձեռնությունները»

Կոչ Մազրայի ոսկու հանքի կապակցությամբ

Սյունիքի մարզի Ծավ գյուղում մայիսի 29-ի հանրային լսումների մասնակիցներին

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից և ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը և Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները: Ցավում ենք նաև, որ տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղությունները չեն դառնում պետական քաղաքականության մաս, և հանրությանը պարտադրվում են ոչ-կայուն, հեռահար հաշվարկներ չունեցող, ներկա և ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, ինչպես նաև նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր:

Հայաստանի ամենախոցելի, և ազգային ու համաշխարհային նշանակության էկոհամակարգ ունեցող տարածաշրջանում, բաց հանք շահագործելու այս մտադրությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Հույս ունենք, որ տարածաշրջանի բնակչությունը կկարողանա դրսևորել ճիշտ դիրքորոշում և կընտրի զարգացման կայուն ուղի, որի լավագույն հնարավորությունն այսօր այն ունի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության խնդրանքով և անմիջական մասնակցությամբ հաստատվել է «Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում» խոշոր դրամաշնորհային ծրագիրը՝ Գերմանական զարգացման բանկի 8,25 մլն եվրո արժողությամբ ներդրումով (ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թ. հունվարի 30-ի ասուլիս): Այս ծրագրի իրականացմամբ տարածաշրջանի 12՝ այդ թվում Ծավ համայնքում, խթանվելու են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, ստեղծվելու են գյուղատնտեսական արտադրության նոր հնարավորություններ և վերջապես՝ ներդրումներ են կատարվելու պահպանվող տարածքների կառավարման հզորացման ուղղությամբ: Այս ծրագիրն իր նշանակությամբ բացառիկ է, քանի որ նպատակաուղղված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվող Կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն: Այս ծրագիրը ու հանքի անմիջական հարևանությամբ գտնվող պահպանվող տարածքները (Շիկահող արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփի նախատեսվող արգելավայրը) և ոսկու ներկայացվող բացահանքը պարզապես անհամատեղելի են: Անընդունելի է նաև Կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը բացահանքով վտանգի ենթարկելու այս փորձը:

Բացի վերը նշված հանգամանքներից, անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ՓԲԸ-ի ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սխալ հաշվարկներով: Այս կապակցությամբ մենք շուտով կներկայացնենք հանգամանալից գնահատական: Կոչ ենք անում հանրային լսումներին մասնակցող տեղի բնակիչներին, ինչպես նաև այլ մասնակիցներին համարձակորեն դեմ կանգնել ոսկու բաց հանքի ծրագրին: Բնապահպանական մեր նախաձեռնությունները զորավիգ են սեփական երկիրը կործանարար տնտեսական ծրագրերից պաշտպանող բնակիչներին: Հատկապես Շիկահողի և «Արևիկ» ազգային պարկի նկատառումներով, հանրային լսումները պետք է իրենց մեջ ներառեն շատ ավելի լայն շրջանակներ ու խնդիրներ, քան բուն Ծավ համայնքի հիմնախնդիրները: Իմացեք, որ Երևանում և այլուր մենք սատարելու ենք Բարձրադիրի ոսկու բաց հանքը մերժող նախաձեռնությունները և առաջ ենք մղելու այլընտրանքային տնտեսական զարգմացման հնարավորությունները:

Բացահանքի նախագծին և ՇՄԱԳ-ին կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.mnp.am/?p=200

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտի պաշտպանության խումբ

Երևան, մայիսի 23, 2012 թ.

Մեկնաբանություններ (1)

Geologist
Մազրայում ոսկու հանքավայր չկա ,զուտ նկարչություն է , Միայն ապուշները կարողէն բաց մշակման նախագիծ կազմել մի փոքրիկ հանքաերևակման համար , որտեղ հանքային երակը ունի 20-30 սմ հզորություն դա բացարձակ ապսուրդ է և սպանդ տեղի էկոհամակարգի համար : Չէ սա վերջն է: ՀՀ Պաշարների պետական գործակալությունը իրեն կորցրէլ է Հերիք հանքեր նկարեք ու ստեք էս երկրին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter