Facebook-ում քննարկել են հիմնականում ընտրական գործընթացները, իսկ ծրագրային դրույթներին քիչ են անդրադարձել
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն մոնիթորինգ է անցկացրել էլեկտրոնային թերթերի շրջանում` պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել լրատվական այդ միջոցները ընտրությունները լուսաբանելիս: ՀԿ-ի ներկայացուցիչ Սուրեն Դեհերյանի տվյալներով` կայքերում ինֆորմացիան քանակական առումով բավականին չեզոք էր:
Սակայն ըստ նրա դիտարկման` դա պայմանավորված էր ոչ թե այն բանով, որ էլեկտրոնային լրատվամիջոցներն առավել անաչառ և անկողմնակալ լրատվություն էին փորձում տարածել, այլ նրանով, որ ձգտում էին հնարավորինս օպերատիվ աշխատել: Տեղեկատվությունն արագ տեղադրվում էր կայքում, սակայն խմբագրության գնահատականը հիմնականում կամ չէր տրվում, կամ ուշացվում էր: Այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները:
Մոնիթորինգն անցկացվել է առավել հայտնի 10 լրատվական կայքերի շրջանում: Հետազոտվել է շուրջ 5400 նյութ, որտեղ քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները հիշատակվել են 11 հազարից ավելի անգամ: Առաջին տեղում է ՀՀԿ-ն` շուրջ 3600 հիշատակումներով, երկրորդը ՀԱԿ-ը` 2000, ամենաքիչը անդրադարձել են ՄՀԿ-ին` 239 անգամ: Ուսումնասիրված կայքերից ամենաշատը ընտրական թեմաներով նյութեր են պարունակել tert.am–ը` 1749, 1.am-ը`1479, panarmenian.net-ը`1476, panorama.am-ը`1473: Քանակապես ամենապասիվը «Ազատություն» ռադիոկայանի համանուն կայքն էր` 476, սակայն վերջինիս հաղթաթուղթը տեղակայված ինֆորմացիայի բովանդակային կողմն էր` նյութերի մեծամասնությունը վերլուծական հոդվածներ էին: Ամենաչեզոքը lragir.am-ն էր:
«Region» հետազոտության կենտրոնը կարևորում է Facebook սոցցանցի դերը հասարակական կարծիքի ձևավորման հարցում. այն իր դերակատարությունն ինչ-որ չափով ունեցավ նախընտրական գործընթացներում և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ավելի կկարևորվի:
Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Facebook-ն, ի տարբերություն հեռուստատեսության, առավել ինտերակտիվ է, ունի հետադարձ կապի հնարավություն, կարող է շտկումներ մտցնել քաղաքական կամպանիաների գործունեության մեջ:
Facebook-ը խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ քաղաքական ուժերի համար որպես հարթակ ծառայեց, ստեղծվեցին թեմատիկ խմբեր, քաղաքական գործիչներն ակտիվացրեցին իրենց պաշտոնական էջերը: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ինչպես այլ հարթություններում, Facebook-ում նույնպես քննարկումները հիմնականում ծավալվում էին ընտրական գործընթացների շուրջ` 62 %, իսկ ահա հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր, որոնց լուծման տարբերակները ներկայացված էին կուսակցությունների ծրագրերում, գրեթե չեն քննարկվել. այսպես՝ քարոզարշավի ընթացքում ընտրությունների մասին նյութերում բարձրաձայնված թեմաների ռեյտինգային աղյուսակում արտաքին քաղաքականությանը, բանակին, մշակույթին անդրադարձել են 2 %-ով, բնապահպանությանը` 1 %-ով:
Նախընտրական ժամանակահատվածում Facebook-ում առավել ակտիվ թեկնածուների ռեյտինգային աղյուսակն ունի հետևյալ տեսքը` Զարուհի Փոստանջյան` 87 ստատուս, Ստյոպա Սաֆարյան` 80, Վարդան Օսկանյան` 26, Կարապետ Ռուբինյան` 18, Արմեն Աշոտյան` 17, Լիլիթ Գալստյան` 14, Կարեն Ավագյան` 14, Լևոն Զուրաբյան` 11, ՀՅԴ` 9, Արամ Մանուկյան` 7, Արտակ Զաքարյան` 5, Արմեն Ռուստամյան` 2, ՕԵԿ` 2, Գագիկ Ծառուկյան` 1:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել