HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվեցին Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը եւ Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը

Այսօր` մայիսի 23-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ եւ հոգաբարձուների խորհրդի անդամների, տեղական մարմինների ներկայացուցիչների, սփյուռքահայ հյուրերի կազմով, հանդիսավոր պայմաններում բացեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը եւ Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի վերակառուցված ցանցը:

Հանդիսությունը սկսվեց Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի եւ պատվիրակության կազմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի օրհնությամբ:

Արարողությանը ներկա էր նաեւ ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ով իր ելույթում ասաց. «Հայ ժողովուրդը գոյատեւել է իր դպրության շնորհիվ: Դպրոցը սրբություն է, որի միջոցով պետք է շարունակենք մեր գոյատեւման հերոսական երթը: Այս հիասքանչ նորակառույցն իր ժամանակակից պայմաններով մեծ նվեր է համայնքին»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հույս հայտնեց, որ այս գեղեցիկ դպրոցում կկրթվեն մեր ազգի ապագա գիտնականներն ու մտավորականները:

Դպրոցը կառուցվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի`  ի դեմս գործարար Սամվել Ալեքսանյանի, եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այն զբաղեցնում է շուրջ 2140քմ մակերես: Կենտրոնացված ջեռուցումն ու մշտական ջրակամատակարարումը, ինչպես նաեւ ամբողջական կահավորումը թույլ են տալիս լիարժեք շահագործել դպրոցը: Այսօր այն ունի 140 սան, ներառյալ` հարեւան Խնկավանի դպրոցականները: Կրթօջախն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 240 աշակերտի:

Դպրոցի բացման հանդիսությանը հաջորդեց Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի 10-րդ եւ 11-րդ գոտիների բացումը:  Ցանցը վերակառուցվել է Ռուսաստանի հայ համայնքի օժանդակությամբ եւ այսօր սպասարկում է քաղաքի կենտրոնական մասը, Արմենավան եւ Ստեփգես թաղամասերը: Դավիթ-Բեկ փողոցի վրա տեղադրված աղբյուրն այսուհետ կծառայի, որպես Հիմնադրամի կողմից քաղաքի այս հատվածում վերականգնված ջրամատակարարման խորհրդանիշ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter