«Հայացք». Հրանտ Վարդանյանը փակո՞ւմ է մարդկանց ճանապարհը
Հայաստանում հերթական անգամ օլիգարխը փորձում է խոչընդոտներ ստեղծել հասարակ բնակչության համար: «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը, առաջնորդվելով «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով, որոշել է փակել մի փոքրիկ նրբանցք, որը Մասիսի նրբանցքի 99/3 շենքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունի: Այդ նրբանցքով շենքի բնակիչները դուրս են գալիս գործարանի տարածք, այնտեղից էլ իջնում քաղաք: Նրբանցքը գործարանի տարածքում չէ, հետևաբար բնակիչները զարմացած են` ի՞նչ իրավունքով է Հրանտ Վարդանյանը խոչընդոտում իրենց անցուդարձը: Շենքի բնակիչները գործարանի ղեկավարությունից պաշտոնական պատասխան չեն ստացել: Նրանք ենթադրում են, որ հավանաբար գործարանի ղեկավարությունը փորձում է ընդլայնել տարածքը և արգելել բնակիչների անցուդարձն իր տարածքով:
«Գրանդ Քենդիի» ղեկավարությունը նրբանցքը փակելու որոշումը կայացրել է առանց բնակիչների հետ խորհրդակցելու և նրանց տեղյակ պահելու: Մարդիկ պնդում են, որ նրանք չունեն անգամ նրբանցքը փակելու թույլտվություն:
Բնակիչներն այդ նրբանցքն իրենց հիմնական ճանապարհն են համարում, որտեղով ոտքով իջնում են կանգառ և գնում իրենց ուզած վայրը: «Դա մեզ կապում է Շենգավիթ համայնքի հետ, այդ կողմի վրա են գտնվում պոլիկլինիկան, թաղապետարանը, ոստիկանությունը, փոստը»,- տեղեկացրեց բնակիչների լիազոր Կարինե Կարապետյանը: Ըստ նրա` բնակիչները փորձել են, բայց չեն կարողացել հանդիպել գործարանի ղեկավարության հետ` լսելու նրանց մեկնաբանությունը:
«Անօրինականորեն եկել և փակել են ճանապարհը, ոչ մի փաստաթուղթ քաղաքապետարանից կամ այլ գերատեսչությունից չեն ներկայացրել»,- նշեցին բնակիչները: Նախորդ կիրակի վաղ առավոտյան գործարանի աշխատակիցները անվտանգության ծառայության ղեկավարի գլխավորությամբ եկել և բետոնե պատով փակել են նրբանցքը: Բնակիչները քանդել են բետոնե պատը և վրդովված ասում են, որ ոչ ոքի թույլ չեն տա սեփական երկրում խոչընդոտել իրենց անցուդարձը: Եկել են ոստիկաններն ու անօրինական շինարարության վերաբերյալ ակտ կազմել, բնակիչներին տեղեկացրել, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվելու: Բնակիչները նամակով դիմել են Երևանի քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին: Պատասխան դեռ չեն ստացել:
Մասիսի նրբանցքի 99/3 շենքը կառուցվել է 7 տարի առաջ` նորվեգական կողմի ֆինանսավորմամբ: Այստեղ ապրում են Բաքվից բռնագաղթված անձինք, խուլ ու համր 6 ընտանիք: Ընդհանուր առմամբ 52 ընտանիք է ապրում: Մարդիկ հիշում են, որ շենքի բակը նախկինում անապատ էր հիշեցնում, բնակիչներն են որոշ չափով բարեկարգել այն, կանաչապատել, համատիրության աջակցությամբ խաղահրապարակ ու ցայտաղբյուր կառուցել: Նրանք ասում են, որ ոչ մի մեծահարուստ իրենց չի օգնել, այդ դեպքում ի՞նչ իրավունքով են փակում իրենց ճանապարհը:
«Եթե ճանապարհը փակեն, մենք գնացքի գծերով ենք անցուդարձ անելու, այս դեպքում դժբախտ պատահարները չեն բացառվում: Պետք է իջնենք գնացքի գծերով 800 մետր, անցնենք մասնավոր բակերի միջով, որտեղ շներ կան, այնուհետև ևս 800 մետր գնանք, այնինչ նրբանցքով մի քանի րոպեում ենք հասնում: Իսկ շենքի բնակիչների 80%-ը ծերեր են, երիտասարդները քիչ են, ո՞նց են մարդիկ էդքան ճանապարհ անցնելու: Մի քանի տարի առաջ խուլ ու համր մի կին գնացքի տակ ընկավ»,- վրդովված նշեցին բնակիչները: Նրանց խոսքով` գործարանի ղեկավարությունն «աբիժնիկություն է անում», փորձում են հիմա էլ ավտոմեքենաների միջոցով փակել մարդկանց ճանապարհը:
«Մենք թույլ չենք տա, մենք ինքնասիրություն ունենք: Մեր հարուստները պետք է լավ բան անեն ժողովրդի համար, ոչ թե նման քայլեր»,- ասում են մարդիկ: Նրանք նաև զարմացած են, որ գործարանի ղեկավարությունն անգամ իր բիզնեսի մասին չի մտածում: Այս շենքի 150 և հարակից մյուս շենքերի մոտ 1500 բնակիչներն ամեն օր առևտուր են անում գործարանին պատկանող խանութից: Իսկ խանութ մարդիկ գնում են այդ նրբանցքով: «Լավ, դու էնքան հարուստ ես, որ քեզ պետք չի՞ էդ փողը: Ամեն ինչ անում ես, մենակ թե չթողնե՞ս, որ մենք անցուդարձ անենք քո տարածքով»,- գործարանի ղեկավարի հասցեին ասում են մարդիկ: Նրանք հայտարարում են, որ մինչև վերջ պայքարելու են, որպեսզի թույլ չտան իրենց առաջ ճանապարհներ փակել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել