HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ինձ համար հայ լինելը շատ կարեւոր է, բայց միեւնույն ժամանակ բնավ կարեւոր չէ» (վիդեո)

Միհրան Թոմասյանը պոլսահայ է, ժամանակակից պարի մասնագետ:

Արդեն 7 տարի է, ինչ Ստամբուլի Միմար Սինանի գեղարվեստի համալսարանի իր դասընկերների հետ հիմնել է «Չիփլակ այաքլար» («Բոբիկ ոտքեր». խումբը սկզբում միայն ոտաբոբիկ է պարել, սակայն բացի այդ` անունը խորհրդանշում է երեխայի պարզությունն ու մաքրությունը) պարախումբը, որը հասցրել է ճանաչում ձեռք բերել հատկապես ստամբուլյան երիտասարդության շրջանում: Ասում է, որ իրենց ելույթները զուտ պարային շարժումներ չեն, այլ նաեւ խոսքի, թատրոնի, կինոյի լեզվի համադրում: 3 տարի առաջ խումբը վարձել է մի ստուդիա, որտեղ եւ պատրաստում ու ներկայացնում է իր ելույթները:

«Չիփլակ այաքլար» ստուդիայում աշխատում է ոչ միայն 5 հոգուց բաղկացած պարի խումբը, այլեւ երգի ու թատրոնի նույնանուն խմբակները, որոնցում շուրջ 30 հոգի է հավաքված: Դրանք ճանաչված են երիտասարդների շրջանում, քանի որ նոր խոսք են ասում թուրքական միջավայրում: Ստուդիայում փորձեր անելու համար գալիս են նաեւ այլ խմբեր: Ըստ Միհրանի, օրինակ, միասեռականների արվեստով զբաղվող խմբերը խնդիրներ են ունենում տեղ գտնելու հարցում, եւ իրենք ընդառաջում են նման դեպքերում: Մշտական հյուրերից է Արտո Թունջբոյաջյանը: «Երբ հավաքվում ենք այստեղ` սեղանի շուրջ, Արտոն ասում է, թե այստեղից դուրս եկած երաժշտությունը նման է համով ճաշի»,- ժպտում է Միհրանը:

Ներկայացումների շրջանը սկսվում է սեպտեմբերին եւ ավարտվում ապրիլ-մայիսին: Այս վերջին անգամ 58 ելույթ են ունեցել: Հանդիսատեսը հիմնականում 18-40 տարեկաններն են, գալիս են նաեւ ծնողներ: Միհրանը բացատրում է, որ իր համար այլեւս խորթ է դասական թատրոնը. «Իտալական թատրոնի ձեւն իրեն սպառել է, որովհետեւ իսկական չէ: Ինտերնետի պատճառով այլեւս մարդիկ կենդանի շփում չունեն: Մենք էլ ստիպված ենք նոր լեզուներ գտնել` մարդկանց ինչ-որ բան բացատրելու համար: Ես կարող եմ խաղալ Շեքսպիր կամ Բրեխտ, կարող եմ դրանք հարմարեցնել այսօրվան, բայց դրանք այլեւս ինձ համար կարեւոր չեն, ինձ չեն ոգեւորում, որովհետեւ հնացած են: Օրինակ` բալետը. այլեւս արքայազներ ու արքայադուստրեր չկան, դա երազ է, ես այդ ապուշ երազը դիտելու ժամանակ չունեմ: Բայց կարող եմ դիտել եւ ուրախ լինել տեսնել, թե ինչ է ինձ ասում այսօրվա թատրոնը: Մեր խաղերի մեջ միշտ սա ենք ասում, թե ինչպես կարող ենք ավելի իրական, ռեալ լինենք»:

Բեմադրիչները օգտագործում են ոչ թե բեմ-հանդիսատես երկկողմանի շփման ձեւը, այլ բեմ-հրապարակը հարմարեցնում են իրար դեմ-դիմաց տեղադրված նստարանների միջեւ, որպեսզի հանդիսատեսը տեսնի ոչ միայն արտիստին, այլեւ իր առջեւ նստած դիտողին, նրա հետ տեսողական կոնտակտի մեջ լինի: «Մեզ համար շատ լավ պարելն այնքան կարեւոր չէ, որքան պարով կամ շարժումով ինչ-որ բան բացատրելը, իրար հասկանալն է կարեւորը,- ասում է Միհրանը,- շատ ժողովուրդ է գալիս, որովհետեւ գիտեն, որ ամեն անգամ մի նոր բան պիտի տեսնեն»:

«Չիփլակ այաքլար»-ը հայտնի է իր քաղաքական բեմադրություններով, որոնք ցուցադրվում են ոչ միայն ստուդիայում եւ հյուրախաղերի ժամանակ, այլեւ փողոցում, տարբեր ակցիաների, ցույցերի, երթերի ժամանակ: Քաղաքական բեմադրություններից է դասալիք Մեհմեթ Թարհանին նվիրված խաղը. վերջինս հրաժարվել էր զինվորական ծառայությունից եւ բանտ էր նետվել: Ի պաշտպանություն նրա` մարդիկ էին դուրս եկել փողոց, 7 ամիս անց տղան ազատ էր արձակվել: Ըստ Միհրանի` բեմադրությունը, իրապես, ապտակի էր նման, քանի որ հակամիլիտարիստական բովանդակություն ուներ: Մեկ այլ գործ էլ նվիրվել է 1990-ականներին անհետ կորած շուրջ 3000 քուրդ գործիչների համար ամեն շաբաթ բողոքի ակցիա անող կանանց, որոնք հայտնի են «շաբաթ օրվա մայրիկներ» անունով: Քաղաքական-հասարակական բեմադրություններից հաջորդը ոստիկանական բաժանմունքում սպանված սեւամորթ տղամարդու մասին է, որտեղ շոշափվում է ռասիզմի թեման: «Դու ձուկ չես» անունով խաղն էլ նվիրված է Հրանտ Դինքին, սակայն, Միհրանի համոզմամբ, այն կարելի է ներկայացնել ցանկացած երկրում, որտեղ ազատ մտածող լրագրող, մարդ է սպանվել:

Հարցին, թե արդյոք ճնշում չկա ոստիկանության կողմից, Մ. Թոմասյանն ասում է, որ փողոցային ցանկացած ակցիա պիտի արտոնված լինի, բայց իրենք անում են առանց դրա, եւ ամեն օր ոստիկանները կարող են բերման ենթարկել բաժին: Իսկ մեծ հաշվով ճնշումը հոգեբանական է: Մասնավորապես` Միհրանը բնավ չի սիրում դրոշներ, եւ թուրքական դրոշի մասին քաղաքական ներկայացումը պատրաստելուց, ներկայացնելուց առաջ պիտի մի քանի անգամ մտածի դետալների վրա, որպեսզի հնարավորինս խուսափի խնդիրներից: «Չիփլակ այաքլար» ստուդիայում կան հայ, թուրք, քուրդ, ալեւի (մահմեդական աղանդի հետեւորդ), սակայն ինչպես Միհրանն է ասում. «Մեզ համար ամենակարեւորը մարդ լինելն է, եթե արվեստի մեջ ես, ամենակարեւորը ազգությունը չէ: Նացիոնալիզմը պետք է մի կողմ դնես, բայց մշակութային կողմը պետք է պահես: Ինձ համար հայ լինելը շատ կարեւոր է, բայց միեւնույն ժամանակ բնավ կարեւոր չէ»:

«Հողի համար պատերազմ չեմ գնա, որովհետեւ մարդ սպանելն ուրիշ աշխարհ է, որի մեջ ես չկամ ու չեմ լինի: Բոլոր ընկերներս էլ այսպիսի մարդիկ են: Երբ ապրիլի 24-ին ցույց է լինում, բոլորս այնտեղ ենք գնում, երբ սեւամորթ է սպանվում, նրա ցույցին ենք գնում, նրա մասին խաղ անում,- պատմում է Միհրանը ու հավելում,- հայկական ժողովրդական պարել եմ, «Քարդեշ թյուրքյուլեր»-ի պարի խմբում եմ պարել տարբեր պարեր, բայց հայկական պարը մոդեռնիզացնելու ինչ-որ նպատակ չունեմ: Նման օրինակներ տեսնում եմ այստեղ, բայց դա ինձ համար մոդեռն չէ: Մոդեռն ասելով` ես հասկանում եմ ոչ թե  արագ շարժում կամ պարզ հագուստներ, այլ ռիթմերի ձեւափոխություն, շարժումները հասկանալի դարձնելու փոփոխություններ»:

Միհրանը մասնակցել է Գյումրու բիենալեին եւ «Հայֆեստ» փառատոնին: Ներկայացումների ժամանակ շատ երիտասարդներ են եղել, ընդունելությունից գոհ է: Հուլիսին ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հրավերով կրկին Հայաստան պիտի գա` մի քանի օրով վերջինիս արտիստական խմբին դաս տալու:

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանություններ (1)

Ani
«Հողի համար պատերազմ չեմ գնա, որովհետեւ մարդ սպանելն ուրիշ աշխարհ է>>............. էհ Միհրան ջան քեզ պես մտածել են եւ մտածում են հայերի գերակշիռ մասը, դրա համար էլ միշտ հող ենք կորցրել ու մնացել է վերջին կտորը, էդ ենք ուզում տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter