HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռեստորան գնալու ժամադրությունը Լիտվայում կարող է հակամրցակցային վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ

Աղվերանում այսօր կազմակերպված «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թեմայով կազմակերպված հայ-գերմանա-լիտվական թվինինգ ծրագրի շրջանակներում Լիտվայի մրցակցային պաշտպանության մարմնի նախագահ Շարունաս Կեզերաուսկասը, ներկայացնելով փորձագետների ուսումնասիրությունը, թե ինչպես է աշխատում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմնականում դրական գնահատական տվեց:

Ըստ Շարունաս Կեզերաուսկասի՝ վերջին 1-2 տարիների ընթացքում հանձնաժողովում քննվող գործերի թիվը շատացել է, ինչը լավ նշան է, քանի որ երիտասարդ մարմնի աշխատակիցները գործ կունենան, կաշխատեն եւ պրակտիկորեն կկատարելագործվեն:

Մի քանի այլ դրական կարծիքներից հետո Լիտվայի մրցակցային մարմնի ղեկավարը նշեց ամենամեծ բացթողումը, որը կարող է խոչընդոտել լիարժեք եւ բազմակողմանի աշխատանքին:

Օրինակ` Լիտվայում մրցակցային մարմինն իրավունք ունի դատարանի թույլտվությունից հետո հանկարծակի այցելել տնտեսվարողներին եւ ստուգումներ կատարել, առգրավել համակարգիչները, պահանջել եւ ստուգել փաստաթղթերը, բոլոր գրառումները, էլեկտրոնային հասցեները, SMS հաղորդագրությունները, նույնիսկ քարտուղարուհու սեղանի վրա դրված սեւագիր թուղթը: Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նման ստուգումներ իրականացնելու իրավունք չունի:

Շարունաս Կեզերաուսկասի ասելով՝ հակամրցակցային որոշումները տնտեսվարող սուբյեկտները սովորաբար կայացնում են գաղտնի եւ այդ մասին պետական մարմիններին չեն հայտնում, հետեւաբար անակնկալ ստուգումները լուրջ հնարավորություն են տալիս նման համաձայնությունները բացահայտելու համար:

Լիտվայում այնքան խիստ է դրված այս խնդիրը, որ անակնկալ ստուգումներ կարող են կատարվել նաեւ մասնավոր բնակարաններում եւ այն օբյեկտներում, որտեղ հնարավոր է հակամրցակցային պայմանավորվածությունների հարցում ապացույցներ գտնվեն:

Շարունաս Կեզերաուսկասը պատմեց, որ Լիտվայում հակամրցակցության պայմանավորվածության մեկ դեպք բացահայտվել է, երբ մրցակցային մարմնի աշխատակիցները մի քանի տնօրենների սեղանի գրքույկում գտել են նույն գրությունը՝ կոնկրետ ժամին X ռեստորանում հանդիպման պայմանավորվածություն: Մրցակցային մարմինը հակամրցակցային պայմանավորվածություն ձեռք բերելու կասկածանքով ուսումնասիրություններ է սկսել հենց այդ գրության հիման վրա եւ հաջողության հասել:

Հայաստանում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ՏՄՊՊՀ աշխատակիցները, օրինակ՝ այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ձեռնարկությունները կամ նրանց առանձնատուն եւ ստուգումներ իրականացնել կամ «քչփորել» նրանց համակարգիչը, բջջային հեռախոսում պահպանված SMS–ները եւ այլն:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշեց, որ թեեւ իր ղեկավարված մարմինը վերը նշված ստուգումներ իրականացնելու օրենքով սահմանված իրավունքը չունի, այնուամենայնիվ, վերջին տարիներին ավելի շատ գործեր է ուսումնասիրել հանձնաժողովը եւ տուգանքներն էլ ավելի շատ են եղել:

Օրինակ՝ ՏՄՊՊՀ-ի կողմից պատասխանատվության միջոցներ սահմանող որոշումների քանակը 2011թ. եղել է 198, այն դեպքում, երբ 2008-ին եղել է 31, 2009-ին՝ 25, 2010-ին՝ 106 գործ: 2012թ. առաջին 5 ամիսների ընթացքում հանձնաժողովը կայացրել է նմանատիպ 21 գործ:

2011թ. հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների արդյունքում նշանակված տուգանքների չափը նույնպես մեծ է եղել՝ 351 մլն դրամ, 2008-ին՝ 9 միլիոն դրամ, 2009-ին՝ 10 միլիոն, իսկ 2010-ին՝ 36.5 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter