Եթե հանրապետության նախագահը նպատակահարմար գտնի, ապա ՏՄՊՊՀ նախագահը դեմ չի լինի նոր պաշտոնին
Արդեն հստակեցվել է, որ ՊԵԿ-ը լուծարվելու է եւ հարկային ու մաքսային մարմինները գործելու են առանձին եւ ունենալու են իրենց ղեկավարները: Հարկային ծառայության ղեկավարի պաշտոնում շրջանառվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի անունը:
Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում, քանի որ նման առաջարկ չի ստացել եւ քննարկումներ էլ չեն եղել:
«Շարունակում եմ պաշտոնավարել, ինձ դուր է գալիս մրցակցության ոլորտը: Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ հաճույքով եմ կատարում: Մանավանդ մրցակցության ոլորտը բոլորիս կողմից էլ կարեւորվում է, եւ այն թե' հասարակության, թե' միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում: Նոր ոլորտ է, խնդիրները շատ են, բոլորն էլ հետեւում, տեսնում են, ահագին բացահայտումներ ենք արել: Բնականաբար շատ ծրագրեր ունենք եւ նույն կերպով շարունակում ենք մեր աշխատանքը»,-ասաց Արտակ Շաբոյանը:
Հարցին` եթե նման առաջարկ լինի, ապա կցանկանա՞ ղեկավարել հարկային ծառայությունը, ՏՄՊՊՀ նախագահը հետեւյալ պատասխանը տվեց. «Չեմ ուզում քննարկել ինչ-որ բան: Նորից եմ ասում, որ սիրում եմ իմ աշխատանքը, այդ ոլորտը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնում նշանակում է հանրապետության նախագահը եւ եթե հանրապետության նախագահը նպատակահարմար գտնի իմ այլ ոլորտում աշխատելը, հարմար կգտնի, որ իմ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի այլ ոլորտում` առանց կոնկրետ ոլորտ նշելու, բնականաբար, իմ աշխատանքը կշարունակեմ այդ ոլորտում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել