HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողթանիկցիները երազում են 8-տոկոսանոց վարկերի մասին

Գողթանիկի գյուղացիները սպասում են, թե երբ է իրենց գյուղից որևէ մեկը գնալու քաղաք, որպեսզի նրան տան իրենց անհրաժեշտ ապրանքների կամ մթերքների ցուցակը: Քաղաք գնացողի բախտն էլ, մեղմ ասած, չի բերում. իր գնումներից  բացի պետք է իր հարևան-բարեկամ-գյուղացիների գնումներն էլ կատարի և ծանր-ծանր վերադառնա գյուղ:

Գողթանիկը Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի գյուղերից է: Գտնվում է  Եղեգիսի կիրճում` Եղեգիս գետի ձախ ափին: Եղեգնաձորից հեռու է 30 կմ: 235 բնակիչ ունի, բայց խանութ չկա գյուղում: Գողթանիկի ավագանու անդամները պատմեցին, որ մի խանութ ունեցել են ժամանակին, սակայն փակվել է. «Խանութպանը պարտքերի տակ սկած է, չենք ճարում, ընկավ տոկոսների տակ ու փախավ: Գնում ենք ապրանք ենք առնում, փողը չենք տալիս,- մանրամասնեց գյուղապետ Համբարձում Սամվելյանը և կատակով շարունակեց,- ընտանիքն էլ ա փնտրում նրան, բայց չի գտնում»:

Գողթանիկը հարուստ գյուղ չէ, խնդիրներն էլ այստեղ շատ են: Գյուղացիները անասնապահությամբ ու այգեգործությամբ են զբաղվում: 150 հա վարելահող ունեն, բայց ոչ մի կտոր չեն վարում, որովհետև տեխնիկա չկա գյուղում: Մշակում են միայն տնամերձ հողակտորները, իսկ վարելահողերը որպես խոտհարք են օգտագործում:

Գյուղապետն ասում է, որ իրենց համագյուղացի խանութպանը չի կարողացել իրավիճակը փրկել, քանի որ բանկերն էլ նույնիսկ իրենց գյուղին վարկ չեն տալիս: Առաջնայինը, ըստ գյուղապետի, հենց այս խնդիրն է, մինչդեռ գյուղում նպաստավոր պայմաններ կան անասնապահությամբ զբաղվելու համար, բայց ներդրումներ անել տեղացիները չեն կարող: «Գյուղտեխնիկա առնելու համար գնում ենք բանկ, ասում են` Երևանում բնակարան գրավ դիր: Որ Երևանում բնակարան ունենայի, ստեղ ի՞նչ էի անում,- ասում է գյուղապետը,- չէ, ախր նենց պայմաններ են, գոնե գյուղի տունդ վերցնեն, հողդ վերցնեն գրավ: Չեն վերցնում: Կամ, ասենք, էդ տեխնիկեն առնենք, տեխնիկեն գրավ վեկալեն, չկա տենց բան»:

Համբարձում Սամվելյանը պատմում է, որ նախկինում դիմել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին, ընկել է վարկային կարուսելի մեջ, 3-4 տարի չի կարողացել «տակից դուրս գալ» և մեկից վերցնելով՝ հազիվ կարողացել է մյուսին տալ: «Չնայած էտի Հայգյուղփոխբանկ չի, էտի տուն քանդող բանկ է: Հազիվ պրծել եմ ես էդ բանկից»,- անկեղծանում է Հ. Սամվելյանը:

Գողթանիկում վարկային փորձեր, այնուամենայնիվ, կան: Գյուղում «Արեգակ» վարկային կազմակերպությունն է աշխատել, «Արդշինինվեստբանկը»: Արեգակը երաշխավորներով է վարկ տալիս, բայց փոքր` սկզբում` 120-200 հազար դրամ, այնուհետև` 500 հազար դրամ, սակայն բարձր տոկոսադրույքով` 22-24%, նաեւ ծառայության վճար են գանձում: «Մեր գնալ-գալն էլ հետը 30 տոկոս նստում է»,- ասում է գյուղապետը:

Ավագանու անդամ Գրիգոր Թամանյանն էլ ավելացնում է, որ 60-70 հազար դրամ էլ ծախսում են վարկի ձեւակերպման՝ թղթաբանության համար. «Մտածում ես` տոկոսները քիչ են, բայց որ քո ծախսածն էլ հաշվում ես, տոկոսները դառնում են կրկնակի: Ցանկացած տենց վարկ վերցնես, չես կարա դու գյուղատնտեսության մեջ օգուտ անես, հաստատ մինուսով դուրս կգաս, դու դրանից եկամուտ չես կարող ունենալ»:

«Չեն ասում գլխանց, որ գյուղացին գլխի ընկնի»,- ավելացնում է գյուղապետն ու առաջարկում գյուղացիներին երկարաժամկետ վարկեր տալ, որպեսզի գյուղացին կարողանա իր գործը դնել, անասուն, տեխնիկա առնել և եկամուտ ստանալուց հետո տոկոսները վճարել:

Կառավարության նախաձեռնած 8-տոկոսանոց վարկերը երազանք են գողթանիկցիների համար: «8-տոկոսանոց վարկերը մեզ համար երազանք է: Սաղ սուտ է դրանք, իրականության հետ ոչ մի կապ չունեն, էդ մեզ համար չէ»,- ասում է գյուղապետ Սամվելյանը: 8-տոկոսանոց վարկերի համար գյուղապետը դիմել է մարզպետարան, ասել են` խնդիր չունեն, բայց մինչ օրս արդյունքի չեն հասել, իրենց գյուղին էլ չեն տվել այդ վարկերը: Գյուղապետը խոստովանում է, որ հոգնել է տարբեր ծրագրերի դիմելուց, իրենց գյուղը երբեք մրցույթներում չի շահում: Հիշում է, որ մեկ անգամ ծառատունկի ծրագրի են մասնակցել, սակայն հանկարծ կազմակերպիչներն ասել են, որ ծրագիրը շահում է այն գյուղը, որը ծովի մակերևույթից բարձր է մինչև 1700 մ:  «Է կրակն ընկա՞նք` 1850 ենք բարձր, ամեն տեղ մի արգելք են դնում, բայց էսօր ամեն ծառ էլ ստեղ լինում է` դեղձը ունենք, ծիրանը ունենք, խաղողը ունենք, դամբուլը ունենք, ամեն ինչ էլ կա` պնդուկը, պոպոկը, ընտիր խնձորը»,- շարունակում է գյուղապետը:

Համբարձում Սամվելյանը վստահ է, որ ձմեռային հանգստի գոտի կառուցելու լավ նախադրյալներ կան իրենց գյուղում, քանի որ ձյունը երկար է մնում: Նրա կարծիքով, լեռնադահուկային սպորտը կարելի է հենց Գողթանիկում զարգացնել. եթե Ծաղկաձորում ձյուն են լցնում, որ երկար ժամանակ տուրիստներին պահեն իրենց մոտ, ապա Գողթանիկում ձյունը երկար է մնում: Սակայն գյուղն իր բյուջեով ոչինչ անել չի կարող: Բյուջեն աղքատիկ է՝ 3,5 մլն դրամ դոտացիան է, 1,5 մլն էլ` սեփական եկամուտները, որով միայն աշխատավարձերն են կարողանում վճարել: Իսկ գյուղում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան` խմելու ջրագիծ, դպրոցի վերանորոգում, մանկապարտեզի և միջհամայնքային ճանապարհների վատթար վիճակ: «Բազմիցս դիմել ենք, գրել ենք, ոչ մի արդյունք»,- ասում է գյուղապետը:

Գողթանիկը 1990-ականներին շուրջ 400 բնակիչ ուներ, ծերերը մահացել են, իսկ Ադրբեջանից բռնագաղթածները, քաղաքային կյանքին սովոր լինելով և գյուղի անբարենպաստ պայմանների պատճառով, հեռացել են Գողթանիկից: Հիմա Գողթանիկում մնացել է 235 բնակիչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter