HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ՝ Աքորիի դպրոցում

Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ  դպրոցը  արդեն  մոտ 4 ամիս է՝  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարում է   դպրոցի պատմության ուսուցչուհի  Սիլվա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ 2011 թ.-ի  դեկտեմբերի 20-ին   Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի ընտրության արդյունքներով  դպրոցի գործադիր տնօրեն էր ընտրվել Անահիտ Մուսայելյանը:  Դպրոցի  մանկավարժական  կոլեկտիվը, սակայն  չընդունեց  ընտրության արդյունքները, այն համարեց կեղծված և դեկտեմբերի  21-ից ի նշան բողոքի  դադարեցրեց ուսումնական պարապմունքները:

Դրանք վերսկսվեցին 2012 թ.-ի փետրվարի 8-ին` Անահիտ Մուսայելյանի կողմից Լոռու մարզպետին   հրաժարականի  դիմում ներկայացնելուց հետո:  Հետայդու մարզպետի հրամանով դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց  Սիլվա Սիմոնյանը: Ըստ գործող «Պետական  հանրակրթական  ուսումնական  հաստատության  տնօրենի ընտրության կարգը  հաստատող»  ՀՀ կառավարության 2010 թ.-ի  N 319 որոշման համաձայն՝ Աքորիի դպրոցի  կառավարման խորհրդի կողմից  փետրվարի 8-ից հետո  պետք է տնօրենի նոր ընտրություն անցկացվեր՝ առավելագույնը 3 ամսվա ընթացքում:  

Դպրոցի փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը, սակայն, մայիսի 28-ին «Հետքին» հայտնեց,  որ դպրոցում տեղյակ չեն, թե երբ, ինչ ընթացակարգով, ինչ ժամանակում կկատարվի տնօրենի ընտրությունը: «Ոչ մի տեղեկություն կոլեկտիվն այդ մասին չունի»,- ասաց փոխտնօրենը: Ըստ վերջինիս՝ Աքորիում  ներկայումս տնօրենի 2 հավաստագիր ունեցող թեկնածուներ կան` Կիմիկ Պետրոսյանը և Արմեն Նիազյանը: «Երկու թեկնածուներն էլ արժանի են, և կոլեկտիվը պատրաստ է երկուսից որն էլ ընտրվի,  նրա հետ աշխատել»,- ասաց փոխտնօրենը:

Ըստ Սեդա Խլոպուզյանի՝  տնօրենի պաշտոնակատար Սիլվա Սիմոնյանը լավ է ղեկավարում դպրոցը. «Վաղուց աշխատանքները  հունի մեջ են ընկել:  Մանկավարժական կոլեկտիվը բաց թողած դասաժամերը լրացրել է` շաբաթ օրերի և գարնանային արձակուրդների հաշվին: Ուսումնական պլանի թերակատարում չունենք: Այժմ նախապատրաստվում ենք քննությունների»:

Տնօրենի ընտրության չկայացման  պատճառների մասին փորձեցինք  տեղեկություն ստանալ դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ  Շուրա Սիմոնյանից: «Խաբար չեմ»,- ասաց նա:  Թե ինչու արհմիության տեղկոմը այլևս նույն ակտիվությամբ չի մարտնչում  դպրոցի տնօրենի ընտրության հարցում,  տիկին Շուրան պատասխանեց. «Գնում եմ թոշակի»:  Ուսուցչուհի Սեդա Թոմոյանը  անխուսափելի համարեց  դպրոցի տնօրենի նոր ընտրությունը: «Դպրոցի կառավարման խորհուրդը դեռ չի ձևավորվել, հիմա շշուկներ կան, որ  խորհրդի  նոր կազմի ծրարը արդեն եկել է դպրոց»,- ասաց  նա:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Նիազյանը  հայտնեց, որ թեև դպրոցի կառավարման խորհուրդը  ուշացումով նիստ է գումարել  տնօրենի նոր ընտրության համար, սակայն  Լոռու  մարզպետարանը առ այսօր չի արձագանքել խորհրդի նիստի որոշմանը: Ըստ Լիանայի՝  դպրոցի  մանկավարժները ոչ պաշտոնապես տեղեկացել են, որ  կառավարման խորհուրդը պետք է ցրվի: «Արդեն 5 ամիս է՝ սպասում ենք խորհրդի ցրվելուն»,- ասում է ուսուցչուհին:    

Վերջին ամիսներին  բավարավել են Աքորիի գյուղապետի տեղակալ, խորհրդում ԿԳՆ-ի ներկայացուցիչ  Անուշ Սիմոնյանի և  կառավարման խորհրդում մանկավարժական խորհուրդը ներկայացնող ուսուցչուհիներ Սեդա Թոմոյանի ու Անահիտ Թաթոյանի՝  խորհրդի անդամի պարտականություններից  հրաժարվելու մասին  դիմումները:  Կրթության և գիտության նախարարի 16.03.2012 թ.-ի առաջարկությամբ   Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից  Անուշ Սիմոնյանի փոխարեն  կառավարման խորհրդի անդամ է նշանակվել  Խորեն Փնջոյանը: Դպրոցի մանկխորհրդի ընտրության արդյունքներով  Սեդա Թոմոյանի և Անահիտ Թաթոյանի փոխարեն    կառավարման խորհրդի անդամներ են ընտրվել  ուսուցիչներ Լիանա Նիազյանը և Արարատ Դալլաքյանը:  Աքորիում շրջանառվող լուրերի համաձայն՝  կառավարման խորհրդի նախագահի պարտականություններից հրաժարվելու մասին Լոռու մարզպետին դիմում են ներկայացրել նաև Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը,  խորհրդի անդամներ Սմբատ Կիրակոսյանը  և  Գայանե Սիմոնյանը: «Մենք այդ հրաժարականները չենք տեսել, սակայն խորհրդի անդամ  Սմբատ Կիրակոսյանը հավաստել է այդ  փաստը»,- ասում է Լիանա Նիազյանը: 

Ի պատասխան «Հետքի» հարցմանը՝ մայիսի 29-ին Լոռու մարզպետարանի  կրթության և գիտության  վարչության պետ Մինաս Սայադյանը հայտնեց, որ  կառավարման խորհրդի նախագահ, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, խորհրդի անդամներ Գայանե Սիմոնյանը և Սմբատ Կիրակոսյանը հիրավի  դիմում են ներկայացրել Լոռու մարզպետին  կառավարման խորհրդի անդամի իրենց պարտականություններից հրաժարվելու մասին: Մինաս Սայադյանը նաև հայտնեց, որ ավարտվել են Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի  անդամների փոփոխությունները: «Մարզպետն  այն ներկայացել  է Աքորիի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին: Առաջիկա օրերին կհրավիրվի  կառավարման խորհրդի նիստ, և կընտրվի խորհրդի նախագահ: Խորհրդի  նախագահի ընտրությունից հետո  մամուլով հայտարարություն կտրվի Աքորիի դպրոցի տնօրենի  թափուր պաշտոնի մրցույթի մասին»,- ասաց պրն Սայադյանը:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Աքորիի դպրոցից «Հետքին»  տեղեկացրին, որ  հունիսի 1-ին տեղի կունենա  դպրոցի  վերակազմավորված  նոր կառավարման  խորհրդի նիստը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter