HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քննիչը չի ասում, թե ովքեր են հարցաքննվել

Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում իտալացիներից առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի անհետացման վերաբերյալ «Հետքի» հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն: Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հոդվածի ուսումնասիրության արդյունքում մայիսի 25-ին հարուցել է քրեական գործ՝  յուրացման եղանակով ուրիշի գույքի` առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հանցագործության, այսինքն՝ քննչական բաժնից փողի հափշտակման մասին իմացել են իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ hանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, հսկող դատախազը եւ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Իմացել, բայց, ըստ երեւույթին, բոլորն էլ հանցագործությունը պարտակել են:

«Հետքը» ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին գրավոր հարցումով խնդրել էր հայտնել, թե արդյոք որեւէ մեկին (կամ ինչ-որ անձանց) արդեն մեղադրանք առաջադրվե՞լ է: «Այս ընթացքում ի՞նչ է պարզվել, եւ ովքե՞ր են հարցաքննվել,- հարցրել էր «Հետքը»՝ խնդրելով պարզաբանել,- դատավոր Արմեն Խաչատրյանն այս գործով անցնո՞ւմ է: Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Նա արդեն հարցաքննվե՞լ է»:

Գործը ՀՔԾ քննիչ Տիգրան Թամամյանի վարույթում է: «Հետքի» հետ զրույցում վերջինս միայն ասաց, որ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, քննիչը նշեց. «Պատասխան տալ չեմ կարող, որովհետեւ գոյություն ունի նախաքննական գաղտնիք հասկացություն»:

Հատուկ քննչական ծառայությունը գործի վերաբերյալ տարածել է նաեւ հաղորդագրություն: Դրանում մասնավորապես նշված է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված Անտոնիո Կավեի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության դեպքի առթիվ:

2012թ. մարտի 20-ին «Հետք» ինտերնետային կայքում հրապարակվել էր Իտալիայի քաղաքացուց առգրավված մոտ 10 000 ԱՄՆ դոլար գումարի` ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետանալու մասին հոդված:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 14-ին խարդախություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Իտալիայի Հանրապետության քաղաքացի Ա. Կավեն:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 460 000 ՀՀ դրամ, 2 400 ԱՄՆ դոլար եւ 1 800 եվրո գումար: Հայտնաբերված գումարն այլ անձնական իրերի հետ փաթեթավորվել է մեկ փաթեթում  եւ նախապատրաստված նյութերի հետ նույն օրն ուղարկվել  ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին:

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությամբ հաջորդաբար զբաղվել են ոստիկանության նույն բաժնի քննիչներ Ս. Վարանցովյանը, Մ. Գրիգորյանը եւ Պ. Բադալյանը:

Պ. Բադալյանը 2011թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2012թ. մարտի 6-ին` դատավճիռ կայացնելուց հետո, դատարանում պարզվել է, որ Ա. Կավեից առգրավված  իրերի միջից վերոհիշյալ գումարը բացակայում է:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` յուրացման եղանակով ուրիշի գույքի` առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ»:

Նախաքննությունը շարունակվում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter