HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Բարդեր. մենք չենք մահացել, մենք գոյություն ունենք, մենք ունենք մի հասցե (վիդեո)

Հեղինակային երգի սիրահարները արդեն լավ գիտեն այն հասցեն, որտեղ կարող են ունկնդրել իրենց սիրելի բարդերին եւ ժամանակ անցկացնել ջերմ միջավայրում, որտեղ բոլորն իրար հարազատ են: Ամեն ուրբաթ Երեւանի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում` Ակումբում, բարդերը հավաքվում են` շարունակելու կիթառի հնչյունների ներքո երգելու հին ու բարի ավանդույթը:

Յուրաքանչյուր երեկո ունի զարմանալի յուրօրինակություն, ամեն անգամ հեղինակ-կատարողները ստեղծում են մի յուրահատուկ մթնոլորտ, որը չի կրկնվում երեկոների ընթացքում: Երեւանցիների մի հատվածի համար ուրբաթօրյա համերգները դարձել են անփոխարինելի միջավայր, որի պակասը հաճախ է զգացվում քաղաքում:

Նա, ով գոնե մեկ անգամ ներկա է եղել հեղինակային երգերի փոքրիկ այս համերգներին, երբեք չի մոռանա ջերմության, հանգստության եւ ուրախության այն մթնոլորտը, որը տիրում է ակումբում կիթառի ձայների ներքո: Այսօր ակումբն իր շուրջն է հավաքում մարդկանց, ովքեր ստեղծում են երաժշտություն, գրում են բանաստեղծություններ, երգում են եւ կիթառ նվագում:

Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյան, Էդուարդ Զորիկյան, Վահան Արծրունի, Արմինե Հայրապետյան, Գագիկ Շիբոյան, Սարգիս Շիբոյան, Աշոտ Գասպարյան, Արթուր Ավետիսյան, Դավիթ Ամալյան, Հովակիմ Սաղաթելյան, Արմեն Ադամյան, Վահե Քոչար, Արթուր Ավետիսյան, Կարեն Մամիկոնյան եւ ուրիշներ. թերեւս զարմանալի է թվում առաջին հայացքից, թե ինչպես կարող են համախմբվել մարդիկ, որոնցից ամեն մեկը վառ անհատականություն է եւ իր էությամբ` ինդիվիդուալիստ:

Երեկոների կազմակերպչի` բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ Վախթանգ Հարությունյանի խոսքերով`  համախմբող կարեւոր մի միտք կա. ՙՄենք նույն գործն ենք անում: Բոլոր նրանց, ում հետաքրքրում է` ինչ է կատարվելու մեր վաղվա երեխաների հետ, որ իմ երեխան չասի` պապ, լավ երգ ա, չէ՞, ու այն ոչ արժեքավորը, այն, ինչը ականջը լցրել են հեռուստատեսության եւ այլ տեսակի ԶԼՄ-ների քարոզների արդյունքում, այդ արժեքային համակարգի պատճառով ինքը խնդիր չունենա, եւ շատերը խնդիր չունենան: Մենք բոլորս պիտի մասնակից դառնանք մի ընդհանուր գաղափարի, մի ընդհանուր գործի՚: Բարդերն իրար հաճախ զինակիցներ են անվանում, իրենց զենքը կիթառն է, իրենց զենքը խոսքն է, այն, ինչը ուզում են տեղ հասցնել:

«Միգուցե մեզանից մեկը մի քիչ վերացական կխոսի, մեկը մի քիչ ավելի կոնկրետ կասի, մեկը անկեղծ հայհոյանքի ձեւով կներկայացնի իր երգը, այնուամենայնիվ, բոլորս սրտացավ ենք այն միջավայրի համար, որը ապականվում է: Եվ ի՞նչ պիտի անի ամեն ոք այդ ապականման դեմ: Մենք բոլորս մեկ գաղափարի շուրջ ենք հավաքվել: Կա գաղափար, չկա կիսելու բաժին: Լինի մի բան, որը ասի` էս բովանդակությունը կա, մենք չենք մահացել, մենք գոյություն ունենք, մենք ունենք մի հասցե, որտեղ կարելի է մեզ տեսնել, լսել: Չասել` այս ժանրը կորավ: Չէ, այդ ժանրը պարզապես որեւէ անգամ խնդիր չի ունեցել շոու դառնալու, որովհետեւ այն բովանդակությունից ելնելու խնդիր ունի եւ ոչ թե ձեւից:

Եվ քանի որ այն ոչ թե ձեւ, այլ բովանդակություն է մատուցում, պարզ է, որ չի կարող իր հետեւից ունենալ հարյուրավոր, հազարավոր մարդկանց բանակ: Պարզապես, երբ մարդուն կոչ ես անում ազատվել եւ ազատագրվել շատ-շատ արատավոր երեւույթներից, չէ՞ որ բոլորը չեն այդ կոչը ընդունողները, եւ շատ մարդիկ խստապահանջ չեն իրենք իրենց անձի նկատմամբ: Եվ միայն նրանք կարող են լսել այս երգի տեսակը, ովքեր առաջին հերթին իրենց անձի նկատմամբ խստապահանջ են: Ուրիշ ոչ ոք պարզապես ի վիճակի չի լինելու այս ամենը մարսել»,- ասում է Վ. Հարությունյանը:

Բարդերի ակումբի ժամանակագրությունից

Ակումբի շուրջ բոլորին համախմբելու պարտականությունը ստանձնեց Վախթանգ Հարությունյանը: «Այդ ցավը ինձ տեղ չի տալիս, անընդհատ մտածում էի` ի՞նչ տիրույթում կարող ենք ունենալ այդ սերմը, որը պիտի լավ ծառ, բարի պտուղ տա: Եվ այդ խնդիրը ուղղակիորեն, բոլոր նրանց համար, ովքեր ինձ հետ միասին այս ամենի մեջ մտել են, բառի դրական իմաստով ավանտյուրա է, որովհետեւ ավելի շատ ալտրուիստական քայլ է մեր կողմից»,- ասում է նա:

Բարդերի ակումբի պատմությունը խորը արմատներ ունի: 1991-92 թթ., երբ շատ ցուրտ էր, Արարատ Բոբիկյանը Ճարտարապետների տանը կազմակերպում էր ուրբաթօրյա համերգների շարք, որոնք կոչվում էին «Համերգներ մոմի լույսով»: Քանի որ լույս չկար, մոմեր էին վառում, եւ այդ մոմերի լույսի ներքո մարդիկ կիթառ էին նվագում ու երգում:

Վ. Հարությունյանը հիշում է, թե ինչպես օրերից մի օր ընկերներից մեկի հետ վերնիսաժում զբոսնելիս տեսան այդ ցուցանակը եւ որոշեցին տոմս գնել: Այդ ժամանակ Վախթանգը մոտ 20 տարեկան էր եւ արդեն կիթառ էր նվագում, 10-15 երգ էր գրել արդեն: Հետո կազմակերպչի ականջին շշնջացին, որ դահլիճում կա մի երիտասարդ, ով երգեր է գրում, ու Վախթանգին հրավիրեցին բեմ: Առաջին անգամ էր, որ նա ներկայացրեց իր երգերը ավելի լայն հասարակությանը, մինչ այդ երգերի ունկնդիրը ընկերական միջավայրն էր:

Համերգները շարունակվեցին մոտ երկու-երեք տարի: Հավաքվում էին ամեն ուրբաթ: Այն ցուրտ տարիներին եթե մի քանի հոգի էլ էին գալիս, նրանց համար տասը հոգի կարող էր երգել: Վ. Հարությունյանը հիշում է, թե ինչպես են մի անգամ տասը հոգով երեք հոգու համար համերգ տվել:

Այս ընթացքում Վախթանգը ծանոթացավ Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի եւ այլոց հետ, որից հետո պարբերաբար սկսեցին հանդիպել ոչ միայն այդ համերգների ժամանակ, այլեւ այլ միջավայրերում:

«Դե ցուրտ ու մութ տարիները անցան, լույսերը տվեցին, մարդիկ սկսեցին իրենց կենցաղով արդեն ավելի շատ հետաքրքրվել, եւ ինչ-որ չափով այդ հետաքրքրությունը կորավ, միգուցե եւ կարիքը արդեն չկար, համենայնդեպս կազմակերպիչը` Արարատ Բոբիկյանը, ասաց` «քարեր նետելու ժամանակ կա, քարեր հավաքելու ժամանակ կա, հիմա համարենք` երկրորդ փուլն է սկսվում», եւ դադարեցրեց այդ ամենը»,- պատմում է Վախթանգը:

1995 թվականից համերգները դադարեցրին: Անցավ տասը տարի: Այդ ընթացքում ամեն մեկը զբաղված էր իր համերգները կազմակերպելով: Շաբաթ չկար, որ որեւէ ուսումնական հաստատությունում համերգ չլիներ: Սիրված վայրերից էին

Մնջախաղի թատրոնը, Կամերային թատրոնի դահլիճը, Փոսի թատրոնը: Այդ փոքրիկ կամերային տարածքներում էին այդ տարիներին նախաձեռնում եւ կազմակերպում հեղինակային երգի համերգները:

2005-ից հետո ընկերներից մեկը, ով ուներ ռոք ակումբ, առաջարկեց շաբաթը մեկ օր «փորձել այնտեղ մի բան անել»: Երկու շաբաթ փորձեցին եւ հասկացան, որ չի ստացվում: Ձեւաչափը տարբերվում էր, եւ մարդիկ ավելի շատ գալիս էին աղմուկի եւ դրայվի մեջ լինելու համար, ոչ թե լսելու: Ընդամենը երկու համերգ տեղի ունեցավ: Այդ ամենին զուգահեռ կազմակերպվեցին փառատոները, բավականին շատ երգեր ձայնագրվեցին, նկարահանվեց մի քանի տեսահոլովակ:

«Հետո փորձեցինք մենահամերգներ ունենալ Ակումբում, քանի որ Ակումբի տնօրինության հետ մի օդով ապրող մարդիկ ենք եւ մի տեսակի թթվածին ենք շնչում: Հրավիրեցին, ասացին` մի հատ մենահամերգ դնեմ այդտեղ: Մենահամերգը դրեցի: Հիշում եմ` ես էի Զորիկյան Էդուարդի հետ: Հաջողվեց: Համենայնդեպս, մարդկանց այն տեսակը, ովքեր եկան, հարազատ տեսակ էր, օտար մարդիկ չեկան, տեսակով օտար չէին»,- հիշում է Վ. Հարությունյանը:

2008-ն էր, երբ Ակումբի տնօրինության նախաձեռնությամբ որոշեցին Բուլատ Օկուջավայի գործերի թարգմանությունների հեղինակ Ռաֆայել Պապայանին մի երեկո նվիրվել, եւ կազմակերպվեց բարդերի մասնակցությամբ մի համերգ:

Դրանից առաջ արդեն Ակումբում պարբերաբար քննարկվում էր ամիսը գոնե մեկ անգամ նմանատիպ հավաքներ, համերգներ կազմակերպելու գաղափարը: Ստացվեց այնպես, որ այդ օրը մարդիկ չհոգնեցին երեքուկես ժամ լսելուց հետո, եւ որոշվեց հաջորդ ուրբաթ օրն էլ հավաքվել:

«Փորձեցինք հաջորդ ուրբաթ եւ տեսանք, որ էլի նույն ջերմ միջավայրն է, եւ բարդեր ակումբի իդեան կամաց-կամաց նման կերպով ամրագրվեց: Դե ամեն ուրբաթ ուրբաթի հետեւից, եւ զարգացումները հանգեցրին նրան, որ, ի վերջո, խնդիր ծագեց ունենալ կայք, ստեղծել ինչ-որ արտադրանք, որի մեջ բոլոր բարդերից մեկական կամ երկուական երգ կներառվի եւ կներկայացվի հանրությանը»,-ասում է Վախթանգ Հարությունյանը:

Մեկ տարի անց արդեն լույս տեսավ «Հեղինակային երգի հավաքածու 1»-ը: Իսկ շուտով` մայիսի 20-ին, լրանալու է բարդերի ակումբի երկու տարին:

«Արդյունքում եղավ այնպես, որ բոլորը հնարավորություն ունենան մասնակից լինել, ունենալ իրենց ալտերնատիվ տիրույթը, որտեղ կարող են ինչ-որ մի բան հասկանալ կամ վերցնել իրենց հետ տանել տուն: Վերջին երկու տարվա ընթացքում երկու ալբոմ է լույս տեսել, մեկը հեղինակային երգի հավաքածուն է, երկրորդը` Կարեն Մամիկոնյանի առաջին ձայնագրությունը, որը ձեւավորվեց այս երկու տարիների արդյունքում: Եթե ես հասցնեմ այս տարի անել, կդառնա երրորդը: Քիչ է, բայց համեմատության մեջ որակ է»,- ասում է Վախթանգ Հարությունյանը:

Հեղինակային երգը` հակակշիռ  

«Այն ժամանակ ցուրտ էր, բայց մարդկանց սրտերը տաք էին, հիմա այդ սրտերը, որ կասկածի, հիասթափության միջից կարողացել են վերեւից նայել այդ երեւույթներին, եւ իրենց սիրտը չսառեցնել մեր այսօրվա իրականության մեջ, ուզում ենք նրանց բոլորին հնարավորություն տալ իրենց տեղն ունենալ, եւ այդ միջավայրը կարողանանք պահել»,- շարունակում է Վախթանգ Հարությունյանը:

Հեղինակային երգը ստեղծում է մի ընդհանուր միջավայր, որտեղ գերակշռում է անկեղծությունը: Անկեղծությունն ուղղված է նեղ շրջանակի մարդկանց, ովքեր կիսում են հեղինակ-կատարողի աշխարհայացքը եւ էսթետիկան:

«Մենք բոլորի հետ միասին այդ ուրբաթ օրը ապրում ենք: Պարզապես մի միջավայր, որտեղ նմաններով կարող ենք հավաքվել եւ միասին անցկացնել ինչ-որ մի ժամանակահատված, կիսվել մեր նոր երգերով, հները երգել, ամեն մեկին տալ իր չափաբաժինը»,- ասում է նա:

Ակումբի հիմնադրմամբ բարդերը նաեւ մեր միջավայրի «խոտանին» հակակշիռ ստեղծելու խնդիրն են լուծել: «Ոչ թե ասել` այ, դուք վատն եք, ինչ զզվելի գործով եք զբաղված, եւ ոչինչ չանել, այլ պարզապես առանց այդ ամենը ասելու` անել այն, ինչ պիտի անես դու, որովհետեւ, ի վերջո, ոչ մի քննադատություն արդարացված չէ, եթե դու ոչինչ չես անում»,- ասում է Վախթանգ Հարությունյանը:

Նրա կարծիքով` այս ամենն իմաստ չի ունենա,  եթե երիտասարդներն իրենց հետեւից չգնան, չշարունակեն: «Այդ 10 տարվա բացը պիտի լրացվի: Ռուբեն Հախվերդյանից 10 տարի ավելի երիտասարդ է Էդուարդ Զորիկյանը, նրանից 10 տարի երիտասարդ իմ սերունդն է, եւ ինձանից հետո եկող սերնդից ես գրեթե մարդ չեմ տեսել, մի քանիսին կարող եմ միայն թվել»,- ասում է նա:

Ստեղծված ակումբը նաեւ երիտասարդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ անցնել այն ճանապարհը, որն ավագ սերնդի համար բարդություններով լի է եղել: Բարդերի ակումբն այսօր այն վայրն է, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց երգերը եւ գտնել իրենց ստեղծագործությունների հավատարիմ երկրպագուներին:

«Եթե ես մեկ անգամ ելույթից հետո արժեքային կարեւոր սանդղակ կա, այդ սանդղակին մոտ արդեն ինչ-որ մի բան տեսնում եմ, մեծ հաճույքով տալիս եմ բեմը իրենց: Այսինքն` մատուցիր այն ամենը, ինչ քեզ հուզում է: Մեր խնդիրը հենց դա է եղել, որ դրոշը կարողանանք փոխանցել իրենց: Ռուբենը ժամանակին մտերմիկ զրույցի ժամանակ ասել էր. «Ես առաջ ինձ մենակ էի զգում, մտածում էի` բա ինձանից հետո ո՞վ»:

Այս ակումբում մի քանի անգամ շեշտել է, որ բոլորին տեսնելով` ուրախ է, որ այդքան զինակից ունի: Ավելի քան համոզված եմ, որ այդ զինակից լինելը նշանակում է օրերից մի օր այդ էստաֆետը փոխանցել եւ մասնակից դարձնել բոլոր նրանց, ովքեր ավելի եռանդով կմիանան այդ ամենին: Եվ մենք հանգիստ կլինենք, որ հետո շարունակող կա այս ամենը»,- ասում է Վախթանգ Հարությունյանը:  

Մեկնաբանություններ (1)

Միքայել
Կներեք, իսկ ո՞րն է այդ հասցեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter