Սամվել Նիկոյան. «Ով ուզում է կամերաների առաջ պաչպչվի, պատրաստ եմ»
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը այսօր պատգամավորական մանդատ ստանալու ժամանակ ասաց, որ ԱԺ նոր նախագահ ընտրելու համար իր թեկնածությունը չի քննարկվում, եւ կարծում է, որ ԱԺ հաջորդ նախագահը լինելու է Հովիկ Աբրահամյանը:
«Ես երբեք չեմ նեղանա, որովհետեւ կյանքին, աշխարհին պետք է շատ փիլիսոփայորեն մոտենալ, եւ եթե կուսակցությունը մի օր առաջադրել է, որ ես լինեմ ԱԺ փոխնախագահ, մի օր էլ առաջադրել է, որ լինեմ ԱԺ նախագահ, եւ մի օր էլ ասում է՝ գնացեք այլ աշխատանքի, դրան պետք է շատ նորմալ վերաբերվել: Ընդհանուր առմամբ, պետք է հասկանանք, որ հասարակությունը ընտրել է, տվել է այդ մանդատը, եւ ինքը վարձու աշխատող է հասարակության համար, որի համար հասարակությունը նրան վճարում է աշխատավարձով: Իշխանությանը պետք է այդպես վերաբերել»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Սամվել Նիկոյանը չբացառեց, որ հնարավոր է կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում…»,- ավելացրեց ԱԺ նախագահը:
Սամվել Նիկոյանը նաեւ նշեց, որ ԱԺ նախագահ եղած ժամանակ սիրով է աշխատել լրագրողների հետ. «Ճիշտ է, ինձ շատ են բարկացրել լրագրողները, իհարկե ոչ բոլորը, բայց ավելի լավ է լինի լրատվություն, թեկուզ վատը, քան չլինի»:
Վերջում Սամվել Նիկոյանին մոտեցան մի քանիսը եւ շնորհավորեցին մանդատ ստանալու համար: ԱԺ նախագահը տեսնելով, որ տեսախցիկները նկարահանում են, կատակով ասաց. «Ով ուզում է կամերաների առաջ պաչպչվի, պատրաստ եմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել