HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ծխախոտը սպառում է իր սպառողին». Հայստանում 19-45 տարեկան տղամարդկանց շրջանում 63 %-ը ծխող է

Ծխախոտը բիզնես է, որը հզոր է, ազդեցիկ, որը միջամտում է առողջապահությանը, իսկ հանրային առողջապահության միակ ուժը ճշմարտությունն ու հանրային շահն է:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանը:

Նա նշեց, որ ծխախոտը բիզնես է, որը նպատակ ունի շատ սպառող հավաքագրել, և որպես բիզնես առանձնանում է, քանի որ դրա ապրանքը մահացու է: Ծխախոտն առաջացնում է տարբեր հիվանդություններ' քաղցկեղային, սիրտ-անոաթային, քրոնիկ-շնչառական: Նրա խոսքով' ծխախոտը ոչ թե սովորություն է, այլ կախվածություն, որը առաջացնում է հիվանդություն:

«Ծխախոտը սպառում է իր սպառողին», - հայտարարեց Ն. Մովսիսյանը: 

2004թ.-ին աշխարհում ընդունվել է Առողջապահության համաշխարահային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան: Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ նույն թվականին ընդունել է այդ կոնվենցիան: Ըստ կոնվենիցայի' Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ ի օգուտ ազգաբնակչության, իրազեկի հասարակությանը ծխախոտի վնասակար ազդեցության մասին, արգելի ծխախոտի գովազդը, օժանդակի այն ծխողներին, ովքեր ցանկանում են թողնել ծխելը և այլն:

Ն. Մովսիսյանի խոսքերով, սակայն, կան գործոններ, որոնք անուղղակի կերպով ազդում են ծխախոտի տարածման վրա: Կոնվենցիան ընդունվել է, սակայն ծխախոտի ինդուստրիայի ազդեցության տակ չի ընդունվում, կամ ընդունվում է թույլ օրենք, որը գրեթե չի գործում: Ծխախոտի ոլորտում տեղի է ունենում շահերի բախում' բիզնեսի և հասարակության: Խնդիր կա հատկապես պետական հաստատություններում, որտեղ արգելված չէ ծխելը:

Ն. Մովսիսյանի կարծիքով' կառավարության գործունեությունն այս ոլորտում պետք է լինի թափանցիկ և հաշվետու, իսկ ծխախոտի բիզնեսի ներկայցուցիչներն իրենց հերթին հաշվետու լինեն կառավարությանը: Հասարակությունը պետք է լինի զգոն և գիտակից այս հարցում:

Արուսյակ Հարությունյանը' «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգողը, ով մասնագիտությամբ բժիշկ է, նշեց, որ 2010 թ.-ի հարցման արդյունքներում Հայստանում 19-45 տարեկան տղամարդկանց շրջանում 63%-ը ծխող է, իսկ կանանց' 2%-ը: Իսկ 2009 թ.-ի տվյալներով' 16 տարեկանից բարձր տղաների 52%-ն է ծխող:

Նա ահանգստացած է հատկապես դեռահասների հարցով, քանի որ դեռահասներից 10-ից 8-ը ենթարկվում են երկրոդական ծխի ազդեցությանը: 2009 թ.-ի տվյալներով' 13-15 տարեկան դեռահասների 30% փորձել է ծխել, իսկ 6%-ը ծխող է: Օրենքը թերի է, ծխախոտի խնդիրը լուրջ է հատկապես ժամանցային, սննդի վայրերում:

Ն. Մովսիսյանը հավելեց, որ հնարավոր չէ օրենքով վերահսկել ամեն ինչ, օրինակ' տանը մարդուն արգելել ծխել: Մյուս կողմից' հնարավոր չէ արգելել ծխախոտն ընդհանրապես, քանի որ դա պատմականորեն եկած ապրանքատեսակ է:

Բանախոսների խոսքով' թյուր է այն կարծիքը, թե կան ծխախոտներ, որոնց ազդեցությունը թույլ է: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտին: Վերջինիս մեջ նույնպես կա նիկոտին, ինչն առաջացնում է նույն կախվածությունը: Սակայն էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ ուսումնասիրություններ դեռևս չեն արվել, և հնարվոր չէ ասել դրա ազդեցության իրական աստիճանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter