HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պատ», որի անունն է Բերեզովսկի

Երեկվա Հայաստան-Հունաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը տվեց որոշ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, խաղի հենց առաջին րոպեներից հույների խաղային առավելությունը պետք է բացատրել մի քանի հանգամանքով: Անշուշտ, չի կարելի հերքել, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ներկայիս ցուցակում 14-րդ տեղը զբաղեցնող Հունաստանը, որը նաեւ «Եվրո-2012»-ի եզրափակչի ուղեգիր է նվաճել, ընտրական խմբում զբաղեցնելով առաջին տեղը, իր փորձով ու կարգով, այդուհանդերձ, գերազանցում է վերելքի վրա գտնվող մեր թիմին:

Առաջին կեսում մեր թիմը մրցակցին զիջում էր հիմնականում դիրքային պայքարում եւ արագ կողմնորոշվելու հարցում: Դրա մասին է խոսում այն, որ գնդակին տիրելուց հետո քանի դեռ հայ ֆուտբոլիստները մտածում էին՝ որ ուղղությամբ փոխանցել այն, հույները արագ փակում էին ուղիները, եւ արդյունքում փոխանցված գնդակը բաժին էր հասնում նրանց: Իսկ առանձին դրվագներում երբ մերոնք խաղում էին մեկ հպումով արագ փոխանցումներով, հույների պաշտպանական շերտերը ճեղքեր էին տալիս: Սակայն դրանք միայն դրվագներ էին, որոնք շատ արագ ավարտվում էին, որովհետեւ մեկ-երկու փոխանցումից հետո հույների ամուր պաշտպանությունը չեզոքացնում էր գրոհը:

Հենց դիրքային սխալի արդյունք էր այն, որ 23-րդ րոպեին՝ տուգանայինի խաղարկումից հետո, հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը չկարողացավ հասնել գնդակին, եւ ուշադրությունից դուրս մնացած Պապադոպուլոսը խոցեց դարպասը՝ 0-1: Ինչպես եւ գերմանացի մարզիչ Օտտո Ռեհագելի օրոք, այժմ էլ հույների գլխավոր զենքը ստանդարտ դիրքերն են ու օդային պայքարում հիանալի խաղը: Հենց օդից եկած գնդակների համար պայքարում հույները շոշափելի առավելություն ունեին, ինչը նույնպես մտածելու տեղիք տվեց, քանի որ եվրոպական առաջատար թիմերի (որոնցից Իտալիային, Չեխիային, Դանիային մեր թիմը հանդիպելու է շուտով) համար գլխով խաղը հիմնական զենքերից է:

Երկրորդ կեսում թիմի խաղը փոխվեց, դարձավ ավելի սուր եւ կտրուկ շնորհիվ նրա, որ հայ ֆուտբոլիստները սկսեցին գործել ավելի արագ, անկաշկանդ ու բաց: Եթե հույները հիմնական շեշտը դնում էին եզրային գրոհների վրա, ապա Հայաստանի ընտրանին գրոհում էր թե կենտրոնով, թե եզրերով: Ակնհայտ է, որ մեր թիմն արագությամբ ոչ միայն չէր զիջում մրցակցին, այլեւ գերազանցում էր: Երկրորդ 45 րոպեների ընթացքում հայ գրոհայինների սուր ճեղքումները հենց դրա ապացույցն են: Այդուհանդերձ, փոխանցումների խոտանը որոշակիորեն պահպանվեց նաեւ երկրորդ կեսում: Եղավ մեկ-երկու դրվագ, երբ պաշտպանները, որոնք, խոստովանենք, Հովսեփյանի գլխավորությամբ այդ օրը բարձրության վրա չէին, ծանր դրության մեջ թողեցին Բերեզովսկուն, որը փրկեց թիմին:

Առաջին 11-մետրանոցը, որը նշանակվեց մեր դարպասին, չի կարելի ասել, թե չկար: Ավստրիացի մրցավար Հարկամի տեսադաշտը բաց էր, Հովսեփյանն էլ հետեւից կասեցրեց Սամարասի առաջխաղացումը: Գուցե որոշ մրցավարներ չնշանակեին 11-մետրանոց, բայց դա չի նշանակում, թե խախտում բացարձակ չկար: Դրվագն ավելի շուտ պետք է գնահատել ըստ մրցավարի հայեցողության: Թվում էր՝ խաղի ելքը վճռված է, սակայն Բերեզովսկին ցույց տվեց, որ իր զինանոցում դեռ վառոդ կա: 38-ամյա դարպասապահը, որը Ռուսաստանի առաջնություններում 11-մետրանոց հետ մղելու ռեկորդակիր է, չի կորցրել իր ռեակցիան եւ, չնայած հիմա Մոսկվայի «Դինոմայի» հիմնական դարպասապահը չէ, սակայն նման խաղից հետո հաստատ խոսել կտա իր մասին: Ռոմանը հիասթափեցրեց հույներին նաեւ այն դրվագում, երբ հայ պաշտպանների թերացման պատճառով միանգամից երկու հույն գրոհային մեն-մենակ մնացին նրա դեմ, սակայն, ըստ էության, շուտ հավատացին հաջողությանը, եւ հարվածն եկավ ուղիղ դարպասապահի վրա:

Երկրորդ 11-մետրանոցը, ի տարբերություն նախորդի, մրցավարի մտքի արգասիք էր: Մկոյանը չխախտեց կաննոները, Ֆետֆացիդիսը սեփական նախաձեռնությամբ տապալվեց գետնին, մրցավարն էլ հեռու էր դրվագից, սակայն կրկին ցույց տվեց նշակետը: Բերեզովսկու «սեյվը» խոսուն պատասխան էր թե հույներին, թե մրցավարին: Եթե ժամանակին «պատ» էին անվանում իտալացի դարպասապահ Անջելո Պերուցիին, ապա մեր թիմի համար նույն դերը խաղում է Բերեզովսկին: Իզուր չեն ասում, որ լավ դարպասապահը թիմի կեսն է, բայց լինում են խաղեր, որ դարպասապահը դրանից էլ ավելին է: Երեկվա խաղի առաջին դրվագներում Բերեզովսկին այնքան էլ վստահ չէր գործում, օդից եկած գնդակների համար պայքարում մեկ-երկու դեպքում զիջեց: Պատճառը դարպասապահի խաղային պրակտիկայի պակասն է իր ակումբում, սակայն Ռոմանը ասել էր, որ դա չի ազդի իր խաղի վրա: Մեծ հաշվով այդպես էլ եղավ. խոսեց նրա մեծ փորձը:

Ի տարբերություն առաջին կեսի՝ երկրորդում ընդհանուր առմամբ հաջող գործեց ամբողջ թիմը՝ բացառությամբ թերեւս պաշտպանության: Սակայն ամենակարեւորը՝ վերջին հարվածը, չէր ստացվում: Զգացվում էր, որ Յուրա Մովսիսյանի մեջ անչափ մեծ է գոլ խփելու ցանկությունը, ինչը խանգարում էր նրան: Մխիթարյանի ու Մարկոսի շեղ հարվածներն էլ նպաստավոր դիրքերից միայն զարմանք առաջացրին: Եղավ երկու-երեք դրվագ, երբ հարվածի ճանապարհը վերջին վայրկյանին փակեցին հույն պաշտպանները: Սա օրինակելի պետք է լինի մեր թիմի համար: Այսօր համաշխարհային ֆուտբոլում առավելություն է ստանում արագ գործող թիմը, կլինի դա պաշտպանությունում, թե հարձակման գծում: Ոչ մի բարձրակարգ պաշտպան, ինչպիսին նույն Պապադոպուլոսն է, չի ների մի անկթարթ հապաղումը. այդպես եղավ նաեւ այս խաղում, երբ պաշտպանը նետվեց անչափ վտանգավոր հարվածի տակ ու լիցքաթափեց իրավիճակը:

Ղազախստանի հետ գալիք խաղը, ըստ Մինասյանի մարտավարության, պետք է որ ավելի հարձակողական լինի, քանի որ թիմը խաղալու է մեկ հենակետային կիսապաշտպանով: Միգուցե այդ խաղում էլ կտեսնենք երեկվա հանդիպմանը առկա բացթողումների լուծումը:  

Լուս.՝ sport.news.am-ի

Մեկնաբանություններ (1)

Drizzlebrain
A great thank you for being who he is; people like him make the world a better place... If everyone did his/her job at the level Berezovsky does...!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter