HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանը հեռուստացույցից է իմացել, որ ակտիվիստների գործողություններն անօրինական են

Նարեկ Ալեքսանյան

Մաշտոցի պուրակի կրպակներից մեկի տանիքից Տիգրան Խզմալյանին իջեցրած ոստիկանները նրա դեմ դատական նիստի ժամանակ հայտարարեցին, որ իրենք այդպիսով պահպանել են հասարակական կարգը և շինության պահպանության գործառույթ չեն իրականացրել: Ի պատասխան՝ Խզմալյանը ոստիկաններին հարցրեց, որ եթե միայն հասարակական կարգն էին պահպանում, ինչո՞ւ չէին իջեցնում պուրակի հարևանությամբ գտնվող այլ շինություններում շինարարություն կատարող բանվորներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ռեժիսոր Տիգրան Խզմալյանը (ով նաև «Դեղին սաղավարտներ» ՀԿ-ն էր ներկայացնում) և մի շարք այլ երևանցիներ փորձում էին սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել հանրային տարածքում ինքնակամ կառուցված շինությունները: Նրանց ձեռքի տակ են եղել անհրաժեշտ գործիքներ և շինարարական տեխնիկա: Երբ հանրային շահի պաշտպանները փորձել են իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ, նրանց գործողությունները կանխել են ոստիկանները:

Տիգրան Խզմալյանին ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել և դատարանից պահանջում է նրան դատական պատասխանատվության ենթարկել:

Ռադիոկապի միջոցով հարևանությամբ գտնվող երկու ոստիկան ահազանգ են ստացել, որ Մաշտոցի պուրակում անկարգություններ են սպասվում: Նրանք եկել են դեպքի վայր և, ինչպես իրենք են վկայում, կանխել են հասարակական կարգի խանգարումը` Խզմալյանին իջեցնելով տանիքից:

Սկզբում նրանք ակտիվիստներին զգուշացրել են, որ վերջիններիս գործողություններն ապօրինի են և պահանջ են ներկայացրել դադարեցնել դրանք, այնուհետև պահանջել են չբարձրանալ կրպակի կտուր, և երբ «դեղին սաղավարտով» մարդիկ այդ պահանջը նույնպես անտեսել են, պահանջել են իջնել կտուրից: Այդ պահանջը նույնպես Խզմալյանը չի կատարել, և ոստիկանները, իրենց խոսքերով, «զգուշությամբ վերցրել ու իջեցրել են նրան տանիքից»:

Երբ Խզմալյանը ոստիկանին հարցրեց, թե նա որտեղից գիտեր, թե իրենք ապօրինի գործողություններ են կատարում և ով էր իրենց հրահանգել կանխել ապամոնտաժումը, օրենքի պաշտպանը պատասխանեց, թե պարտադիր չէ, որ ինչ-որ մեկն ասեր, ինքն իր ծառայողական պարտականություններն էր կատարում, իսկ այն մասին, որ ակտիվիստների գործողություններն անօրինական են, ինքը տեղեկացել է հեռուստացույցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter