HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

ՀՔԱՎ-ը համաձայն չէ քրեական գործի հարուցումը մերժելու` նախաքննական մարմնի որոշման հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Նարեկ Օսյանի`2012 թվականի ապրիլիլ 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ՀՔԱՎ-ի տարածքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրեական գործ չհարուցելու որոշումը: Վերադասության կարգով այն բողոքարկվել է դատախազություն: Լոռու մարզի դատախազ Արթուր Պողոսյանը մերժել է քննիչի որոշման դեմ բողոքը: Այժմ այն քննության է առնվում դատական կարգով:

Երեկ Վանաձորի դատարանում`դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ դատական նիստ` նշված բողոքի հիման վրա: Դատավոր Մելքոնյանը, սակայն, նիստը բացելով, չնշեց սույն գործով նախագահող դատավորի և քարտուղարի անունները: Դատավարությունը սկսվելուց հետո, երբ բողոքաբերն արդեն բողոքն էր ներկայացնում, քարտուղարի ակնարկով դատավորն ի վերջո հայտարարեց դատարանի կազմը և ուշացումով կողմերին ծանոթացրեց իրենց` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու դատավարական իրավունքին: Կողմերը չառարկեցին դատարանի կազմի դեմ:

ՀՔԱՎ-ի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը ներկայացրեց կազմակերպության բողոքն ու բողոքի հիմքերը, ըստ որի` 2012 թվականի ապրիլի 16-ին ՀՔԱՎ-ի աշխատանքային տարածքի նկատմամբ տեղի է ունեցել հարձակում: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, մինչդեռ, ինչպես փաստաբանն է պնդում, առկա են եղել քրեական գործ հարուցելու հիմքեր ու օրինական առիթ:

Ըստ փաստաբանի`գործում երկու ապացույց է ներկայացված` փորձագետի եզրակացությունն ու դեպքի վայրի զննության արձանագրությունը, որոնցից վերջինը օրենքի խախտումով է կազմված. չեն պահպանվել դեպքի վայրի զննության կանոնները. հետքերը մուտք-ելքի միջոցով ամբողջությամբ անհետացել են: Այս մասին նշում կա դեպքի վայրի զննության արձանագրության մեջ:

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքին. քննիչի որոշման մեջ նշված է, որ գրասենյակի ապակիները քարով կոտրել է բնակչուհի Մարգարիտա Խաչատրյանը: Այնինչ, այդ փաստը, ըստ նրա, չի համապատասխանում իրականությանը: Որպես ապացույց վկայակոչեց կազմակերպության կողմից ոստիկանությանը տրամադրված տեսաձայնագրությունը, որտեղ երևում է, որ քարը դեպի գրասենյակի աջ պատուհանը նետողը սպիտակ շորերով արական սեռի երիտասարդ է, որից, ըստ նյութերի, նույնիսկ բացատրություն չի վերցվել: Նշված արարքի համար Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ է նշանակվել վարչական տույժ` նրա բացատրության հիման վրա, ըստ որի`ինքն է քար նետել գրասենյակի ուղղությամբ: Փաստաբանը նաև նշեց, տեսանյութի առաջին աղբյուրը հենց ոստիկանությունն է, քանի որ այն քննիչին է տրամադրվել դեպքի վայրի զննության ժամանակ: Փաստաբանն այն հետո է դիտել և արձանագրել փաստը:

Գույքը վնասելու վերաբերյալ նշեց, որ այն դիտավորությամբ ոչնչացնելու դեպքում առկա է որակյալ հանցակազմ: Տվյալ դեպքում կատարողը, իմանալով, որ գրասենյակում մարդիկ կան, քար է նետել նրանց ուղղությամբ`արդյունքում վնասելով աշխատակիցներից մեկին: Քննիչը չի հայտնաբերել գույքը ոչնչացնողին, սակայն քրեաիրավական գնահատական է տվել արարքին: Այսինքն`անձը չպարզված` գնահատվել է արարքը և որոշվել, որ արարքի մեջ հանցակազմ չկա:

Ըստ Կարեն Թումանյանի՝ նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը պետք է քննության առարկա դարձներ մի շարք հանգամանքներ. միջոցառման կազմակերպման վերաբերյալ դիմումը առավոտյան ժամը 9-ին քաղաքապետարան մուտքագրումը. տվյալ դեպքում, նրա կարծիքով, պետք է ստուգվեր պաշտոնական կեղծիքի հատկանիշի հանգամանքը: Կասկած է հայտնում, որ գրությունն այդ ժամին մուտք արված լինի, քանի որ այն աշխատաժամանակի սկիզբն է: Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող մարմինը պետք է պարտադիր տեղյակ լիներ կազմակերպվող երթից, քանի որ այն փակում էր Վանաձորի գլխավոր պողոտան: Այնինչ ՃՈ-ն որևէ տեղեկություն չի ունեցել այդ մասին: Պետք է քննարկվեր ոստիկանության աշխատակիցների վարքագիծը, թե ինչ պատճառաբանությամբ չեն դադարեցրել հավաքը`տեսնելով, որ անձանց կյանքին, գույքին և առողջությանը սպառնացող վտանգ կա:

Անհրաժեշտ էր պարզել Լոռու մարզպետարանի աշխատակիցների մասնակցության նպատակը հավաքին. քանի որ «Քաղծառայության մասին» օրենքով նրանք նման իրավունք չունեն: Ըստ փաստաբանի`անհրաժեշտ էր նաև պարզել ցուցադրման նախապատրաստվող ֆիլմերի բնույթը`արդյոք դրանցում եղել է ազգի արժանապատվությունը նվաստացնող հանգամանք: Կարեն Թումանյանի խոսքով` նախաքննական մարմնի կողմից որևէ քայլ չի արվել նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նկատեց, որ որպես փաստաբան իրենից էին պահանջում նշված ֆիլմերը: Ինքն էլ գրությամբ պատասխանել է, որ ֆիլմերի տեսադարան չունի, առավել ևս`ադրբեջանական:

Դատախազն ու քննիչը հայտնեցին իրենց առարկությունները բողոքի վերաբերյալ: Նախ, ըստ նրանց, հիմքեր չկան քրգործի հարուցման համար, քանի որ ՀՔԱՎ-ի աշխատակցուհու առողջությանը պատճառվել է թեթև վնաս, ինչը հանցանք չէ: Ապակիները դիտավորությամբ կոտրող Մարգարիտա Խաչատրյանի արարքում բացակայում է Քր. օր.-ի 185-րդ հոդվածով սահմանվող հանցակազմը: Կազմակերպությանը հասցված գույքային վնասի չափն էլ չի գերազանցել 30 հազար դրամը: Ըստ նախաքննական մարմնի`կատարվել է վարչական իրավախախտում, որի մասին հայտնել են համապատասխան ատյան, և հարուցվել է վարչական վարույթ:

Նշեցին, որ միջոցառումն արտոնված է եղել Վանաձորի քաղաքապետի կողմից, և գրության մեջ առկա է նրա մակագրությունը: Անդրադառնալով փաստաբանի մատնանշած տեսագրությանը՝ քննիչն ասաց, որ բազմաթիվ մարդիկ առարկաներ են նետում, բայց թե ում ձեռքին է քար, ում ձեռքին`ձու, տեսանյութում չի երևում. ինքը չի տեսել:

Պատասխանելով փաստաբանի մյուս փաստարկներին`նշեցին.  կազմակերպիչների և մասնակիցների գործողությունները պայմանավորված են եղել իրենց ազգային արժանապատվությունը պահելով: ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցի`ֆիլմերից չհրաժարվելու հայտարարությունն է պատճառ դարձել, որ ցույցի մասնակիցները որպես բողոքի նշան արտահայտեն իրենց դժգոհությունը: Եվ այն պահից, երբ Սաքունցը հայտարարել է, որ այդ ֆիլմերի ցուցադրությունն ընդհանրապես չի լինի ՀՔԱՎ-ում, երթի մասնակիցները հեռացել են: Նրանց համոզմամբ`օրենքը չի արգելում մարզպետարանի աշխատակիցներին մասնակցելու նմանատիպ միջոցառումների: Թե ինչու է նախաքննական մարմինը փաստաբանից պահանջել ադրբեջանական ֆիլմերը, քննիչ Օսյանը պատասխանեց, որ տվյալ դեպքում նրան դիմել են ոչ թե որպես փաստաբանի, այլ որպես ՀՔԱՎ-ի ներկայացուցչի, քանի որ փաստաբանը գրությամբ տեղեկացրել էր, որ նշված գործին վերաբերող բոլոր հարցերով դիմեն իրեն:

Ըստ դառախազի և քննիչի` նախաքննական մարմինը նյութերով անդրադարձել է ֆիլմերի բովանդակությանը: Դատախազը նույնիսկ հակիրճ տեղեկատվություն տվեց դրանց բովանդակության վերաբերյալ: Սակայն ինչպես հարցուպատասխանից պարզվեց, նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը ձեռք չի բերել նշված ֆիլմերը: Իսկ դատարանում ընթերցած տեղեկատվությունը վերցված է համացանցից: Դատավորի դիտարկմանը`արդյոք արժանահավատ են համարել ֆիլմերի բովանդակության վերաբերյալ տեղեկությունը`առանց ֆիլմերը նայելու, պատասխանեցին, որ այն, պաշտոնական կայքէջում տեղադրված լինելով, կասկած չի հարուցել: Նշվեց, որ, ըստ այդ տեղեկատվության, ՀՔԱՎ գրասենյակում ցուցադրման նախապատրաստվող ադրբեջանական ֆիլմերը ազգային-կրոնական-ռասսայական թշնամանք չեն հարուցում:

Փաստաբանի հաջորդած հարցին` նշանակում է անիմա±ստ է եղել ամբողջ ցույցը ադրբեջանական ֆիլմերի վերաբերյալ, քննիչ Օսյանը պատասխանեց. «Հարաբերական տերմին է ազգային արժանապատվությունը: Մեկ անձի համար ադրբեջանցու կողքին կագնելը արդեն իսկ իր համար վիրավորանք է, մյուսը շփվում, ընկերություն է անում: Տվյալ պարագայում պատերազմի մասնակիցներ են եղել, ովքեր զոհեր են տվել, իրենց համար վերք է դա: Ընդհանրապես ֆիլմերի ցուցադրումը կապ չունի բովանդակության հետ: Թեև նյութերը ազգային, ռասսայական, կրոնական ատելություն չեն տարածում, այնուամենայնիվ, տվյալ անձինք իրենց սոցիալական ծագումով, կյանքի բերումով գտել են, որ այդպիսին են, համարել են ազգային արժանապատվութունը նվաստացնող հանգամանք: Սուբյեկտիվ ընկալում է, որ վերարտադրել և ցույց են տվել բողոքի տեսքով»,-ասաց քննիչ Օսյանը:

Միաժամանակ նշեցին, որ ցույցի մասնակիցները հիմնականում Երկրապահ կամավորների միության անդամներ են եղել, ազատագրական մարտերի մասնակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter