HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքահայերը կոչ են անում Քլինթոնին վրաց իշխանությունների առաջ բարձրացնել Չախալյանի ազատ արձակման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում 2012թ. հունիսի 5-ին այցելելու է Վրաստան։ Այդ կապակցությամբ «Երկիր» միությանն է փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված հանրագիր` այն հասցեատիրոջը ուղարկելու և հրապարակելու խնդրանքով:

Փաստաթուղթը ստորագրած Ջավախքի ավելի քան 1650 բնակիչ կոչ է անում Հ. Քլինթոնին Վրաստան կատարելիք այցի ընթացքում վրաց իշխանությունների առաջ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման ու ազատ արձակման հարցը։

Հանրագիրը կից ստորագրություններով և ուղեկցող նամակով 2012թ. հունիսի 2-ին հանձնվել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն։

Ստորև ներկայացվում է հանրագրի տեքստն ամբողջությամբ։

Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի

ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնին

Ջավախքի ժողովրդից

ԿՈՉ

Վրաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաև Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։

Վերոնշյալ գործունեության ու 2006թ. հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների. փակվեցին «Ջավախք-ինֆո» գործակալությունը, «Երիտասարդական» ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց «Քաջատուն» թերթի հրատարակումը։

Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը։

Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վ.Չախալյանի արդարացման և ազատման թեման։

Մեկնաբանություններ (2)

Անժիկ
Զարմանալի է, որ ջավախահայերը այսքան ժամանակ լռել են: Վաղուց պետք է ամբողջ Ջավախքը, ինչու չէ՝ նաեւ ՀայաստանըՎահագն Չախալյանին ազատ արձակելու համար միջոցներ ձեռնարկեր՝ նաեւ պետական մակարդակով:
---------------
Հարգելի Ջավախքահայեր ! Ձեր ցանկությունները հասկանում եմ: Մի մոռացեք, որ դուք էլ մասնակից դարձաք հայաստանում հարյուրավոր Չախալյաններին անմեղ բանտ նետող իշխանությունների խրախուսմանն-վերարտադրմանը: Ինչ աչքերով եք նայելու ու պահանջելու Քլինտոնին: Միթե հասկանալի չէ, ամենավտանգավորը սեփական իշխանություններն են: Քանի քո տունը կեղտոտ է ուրիշները ավելի են կեղտ լցնելու Ձեր գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter