HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ծրագրեր» ընկերությունը պնդում է Ինկուբատորի գործունեությունը մասնագիտական փորձաքննության ենթարկելու պահանջը

Սովետական մի տիպիկ անեկդոտ կար. Տնօրենը կանչում է աշխատողներին, ասում. Վաղվանից սպիտակ հաց չի լինելու, միայն սև, հարցեր կա՞ն: Չկան` գնացեք տուն: Մյուս օրը կանչում է, ասում. վաղվանից կարագը տալոնով է, մարդա ամիսը 100 գրամ, հարցեր կա՞ն: Չկան, գնացեք: Երրորդ, չորրորդ, հինգերրորդ օրը ասում է. վաղը կգաք՝ կախելու ենք ձեզ, հարցեր կա՞ն: Իվանովը ձեռք է բարձրացնում:

- Ասա, Իվանով:

Պարանները դուք կտա՞ք, թե հետներս բերենք:

Էս անեկդոտը հիշեցի, երբ Ինկուբատոր-ՏՏՁՄ-ն հայտնեց, որ Տեղեկատվական Տեխնոլոգիաների (կամ Ինովացիոն) նախարարություն ստեղծելու իրենց պահանջին միացել են 200 մասնավոր ձեռնարկություններ:

Մի անգամ էլ կրկնենք, որ հստակ լինի: Հայաստանում գործող, հարկ վճարող, 200 մասնավոր ձեռնարկություններ պահանջում են ստեղծել մի լրացուցիչ նախարարություն: Ամբողջ աշխարհում գործարարները պահանջում են քչացնել պետական ծախսերը, իսկ թոշակառուները պահանջում են մեծացնել: Մեզ մոտ դուրս է գալիս հակառակը: Դուք եք ասում:

Խնդրում եմ, ներկայացրեք այդ 200 ձեռնարկությունների ցանկը, նշելով տնօրենների ազգանունները և հեռախոսները:

Ասվում է նաև, որ հայտարարությանը միացել են 4-5 նորաստեղծ միություններ: Դրանք հավանաբար նոր նախարարության վարչություննե՞րն են: Խնդրում եմ, հայտնեք, դրանց անունները, անդամների քանակը, ստեղծման տարին ու ամիսը:

Ես փորձեցի խմբավորել ՏՏ (կամ Ինովացիոն) նախարարության անհրաժեշտությունը հիմնավորող Ինկուբատոր-ՏՏՁՄ-ի փաստարկները:

Առաջինը` այդպես են վարվում բոլոր խելոք երկրները: Բերվում է այդ երկրների մի մեծ ցանկ` Ավստրիա, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Մալթա, Պորտուգալիա, Սերբիա, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Մոլդովա, Ռումինիա, Լեհաստան, Բուլղարիա, Սլովենիա, Մալայզիա, Եգիպտոս:

Մենք ինտերնետում նայեցինք այդ երկրների կառավարությունների կազմը: Նրանցից ոչ մեկը չուներ առանձնացված ՏՏ կամ Ինովացիոն նախարարություն: Ինչպես նաև այդ ցանկից դուրս այլ զարգացած երկրներ` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Սինգապուր և այլն, չունեն այդպիսի նախարարություններ: Մեր ՏՏ գործիչները պետությանն առնչվող կարևոր հարցերում պետք է ավելի ճշգրիտ և ճշտախոս լինեն:

Այդ երկրները որևէ նախարարության կազմում մի ՏՏ բաժին ունեն, օրինակ` Կապի նախարարության կամ Էկոնոմիկայի կամ Գիտության/Կրթության: Մենք էլ Էկոնոմիկայի նախարարության կազմում ունենք այդպիսի բաժին: Նաև ունենք Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ (ՏՏԶԱԽ) վարչապետին կից: Ճիշտն ասած, չգիտեմ, ուրիշ մի երկիր ունի՞ այսպիսի բարձր մարմին: Նաև ունենք Ինկուբատոր` գրեթե նախարարության բյուջեով: Բայց այս կառույցները երևի քիչ են, եթե մարդկանց սիրտը նախարարություն է ուզում:

Երկրորդ խումբ փաստարկներն են` ոլորտը պետք է համակարգել. «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կնպաստի պետական կառավարման, պաշտպանության, կրթության, առողջապահության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության այլ բնագավառներում տեխնոլոգիական առաջնահերթությունների բացահայտմանը, իսկ միասնական և հետևողական կառավարումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»:

Ես պատկերացնում եմ, թե նորմալ մարդը սա կարդալիս ինչ կասի մտքում:

Սրան հաջորդում է դժգոհությունը, որ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում տարբեր նախարարությունների կատարած աշխատանքները չեն համակարգվում, ծրագրեր իրականացնողները նույն բազաներից չեն օգտվում:

Սա արդեն անգրագիտություն է: Չկա այդպիսի մասնագետ ոչ Հայաստանում, ոչ աշխարհում, որ կարողանա իրականացնել դա: Ավելին, ոչ մի նորմալ երկիր այդպիսի խնդիր չի դնում: Որովհետև, եթե հանկարծ դա իրականացրին, այդ համակարգերն այնպես կքարկապվեն, որ դրանից հետո որևէ մեկը չի կարող զարգանալ:

Տարբեր համակարգեր կցվում են ավելի պարզ: Տեսեք, Պետեկամուտների Կոմիտեն ստեղծեց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգ, և հաշվապահական համակարգերը հեշտությամբ տվյալներ են փոխանակում դրա հետ: Շեշտում եմ, առանց ՏՏ (կամ Ինովացիոն) նախարարության:

«Ինովացիոն նախարարություն» բառակապակցության մասին: Մեր ՏՏ գործիչները պետք է իմանան, որ ինովացիա կամ հայերեն` նորամուծություն լինում է միայն մրցակցության դեպքում, երբ մրցակիցները, որոնք բնականաբար ձգտում են մեկը մյուսից առաջ ընկնել, ոչ մի զարտուղի միջոց չունեն, և նրանց մնում է գլուխներն աշխատացնել և մի նոր լավ բան մտածել: Ուրեմն նախարարությունը, որը որոշում է՝ ով, ինչ, ինչքանով և այլն, նորամուծության բնական թշնամին է:

Հիշո՞ւմ եք, Սովետական Միությունում, որտեղ կային բազմաթիվ նախարարություններ և գիտահետազոտական կազմակերպություններ, սակայն նորարություններ չէին լինում: Որովհետև մրցակցություն չկար: Նորարարություններ լինում էին միայն ռազմական ոլորտում, որովհետև նրանք մրցակցում էին ՆԱՏՕ-ի հետ:

Ամեն դեպքում, պատմեք մեզ, թե Ձեր թիմում ով, ինչ հաջողություններ ունի ՏՏ կամ նորամուծության ոլորտներում:

Մի մեջբերում. NEWS.AM 27.04.2012. Ազգային մրցունակության զեկույցը խայտառակություն է. Կարեն Վարդանյան

Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցն ուղղակի խայտառակություն էր: Նման հայտարարությամբ այսօր` ապրիլի 27-ին, հանդես եկավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես պատվիրատու, սխալ առաջնայնություն է դրել: Կ. Վարդանյանը զայրույթով նշեց, որ պայմանագրի գումարը պետք է հետ վերցվի, որովհետեւ զեկույցը երկրի օբյեկտիվ պատկեր չի ստեղծում: Այլ երկրների հետ շփվող ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող են խնդիրներ ունենալ, եթե գործընկերը պարզի, որ ազգային մրցունակության զեկույցում չի նշված ՏՏ ոլորտը` որպես երկրի մրցակցային առավելություններից մեկը:

«ՏՏ-ն 30 % աճ ունեցող ոլորտ է, որ ճգնաժամի տարում 20% աճ ունեցավ, ու մրցունակության զեկույցում չկա: Մի հատ նարկոման պետություն է նկարագրված, որն անընդհատ ասեղի կարիք ունի»,- ասաց Կ. Վարդանյանը: Նշենք, որ Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցը պատրաստել ու հրապարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Մեր ՏՏ գործիչների համոզմամբ, ով ՏՏ ոլորտը փայլուն չի համարում, պետք է պատժվի:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը արդեն 25 տարի աշխատում է ՏՏ ոլորտում: Մեր աշխատակիցները ծրագրավորում և հաշվապահություն են դասավանդում Հայաստանի համալսարաններում: Մենք շատ լավ գիտենք ՏՏ ոլորտը: Եվ մենք նույնպես ասում ենք, որ ՏՏ ոլորտը խորը ճգնաժամի մեջ է: Հետաքրքիր է, իսկ Հայկական Ծրագրերի համար ի՞նչ պատիժ կպահանջի Կարեն Վարդանյանը կառավարությունից: Մենք որևէ գումար չենք ստացել, որ հետ վերցնի: Գուցե պահանջի, որ կառավարությունը մեզ վերադարձնի մեր վճարած հսկայական հարկե՞րը: Մենք դեմ չենք:

Պատասխանելով նոր նախարարության ծախսերի հարցին, Կարեն Վարդանյանը ասում է. «Մենք զրոյից չենք նախարարություն ստեղծելու: Տարեկան 30% աճ ենք ապահովում, այսինք՝ եթե ուզում ենք նախարարություն ստեղծել, դա ուրիշի հաշվին չենք անելու, մեր հաշվին ենք անելու: Լրացուցիչ ծախսեր չեն պահաջվում»:

Մի շփոթեք, աճը ստեղծում ենք մենք` ձեռնարկություններս: Դուք սնվում եք մեր մուծած հարկերից և հաշվետու եք մեզ: Մենք պետք է գնահատենք Ձեր գործունեությունը: Դադարեք ինքներդ Ձեզ գնահատել և միշտ գերազանց նշանակել:

Անընդհատ խոսվում է 30 % աճի մասին: Կցանկանայինք տեսնել այդ 30 %-ի բացվածքը: Այսինքն` որքա՞ն է նրանում ծրագրավորման մասը, որքան ծառայությունների, որքան ինտերնետի, որքան համակարգիչների վաճառքի: Մտնո՞ւմ են այդտեղ պլանշետները և սմարտֆոնները: Իսկ ինֆլյացիա՞ն: Իսկ դրամի կուրսի անկո՞ւմը: (Օրինակ, 1000 դոլարանոց համակարգիչն անցյալ տարի վաճառվել է 360000 դրամով, այս տարի 400000-ով, արդյոք աճն «աճեց» 11 տոկոսով):

Ես խնդրում եմ տվյալներ, որոնց մասին Դուք անընդհատ խոսում եք: Կարծում եմ, դրանք Ձեր սեղանին են և դրանց տրամադրելը ժամերի հարց է:

Ակնհայտ է, մեր ՏՏ գործիչները ուզում են իրենք էլ իրենց մոնոպոլիան ունենալ: Իրենք որոշեն՝ ով անի, ինչ անի, ում ծախի, ինչքանով: Հավանաբար ուզում են լիցենզավորեն, սկզբում` որոշ բաներ, հետո ցանկալի է` ամեն ինչը: Նրանք կստեղծեն բազմաթիվ հաշվետվությունների ձևեր, և մենք բան ու գործ թողած կլրացնենք այդ հաշվետվությունները: Նախարարությունում կստեղծվի մի մեծ վարչություն, որը կմիավորի այդ հաշվետվությունները և կստանա մեր նվաճումների ցնցող կորը:

Մեր գնահատականը Հայաստանում ՏՏ ոլորտի վիճակի և Ինկուբատորի գործունեության մասին խիստ բացասական է: Որպեսզի քննարկումը լիներ անաչառ, մենք պահանջել էինք կառավարությունից Ինկուբատորում անկախ ֆինանսական և մասնագիտական աուդիտ կատարել, ներգրավելով ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչներին, ըստ ցանկության:

Չափազանց զարմանալի էր Ինկուբատորի արագ պատասխանը, որ իրենք աուդիտ անցել են և ամեն ինչ անթերի է: Մենք չենք էլ կասկածում, որ ծախսերի բոլոր փաստաթղթերը կարգին են: Մենք ուզում ենք հասկանալ այդ ծախսերի արդյունավետության չափը: Այդ պատճառով մենք պահանջում ենք ֆինանսական և մասնագիտական աուդիտ:

Քաղաքակիրթ աշխարհում և ազնիվ կազմակերպությունների մոտ կազմակերպության հաշվապահությունը բաց է և հասանելի յուրաքանչուրին, ով ցանկություն կհայտնի: Անթերի լինելը կազմակերպությունը այդպես է ցույց տալիս:

Ինչևէ: Մենք իմացանք, որ Ինկուբատորը սիրով ծախսում է ՏՏ ոլորտի մուծած հարկերը, սակայն դեմ է, որ իր գործունեությունը փորձաքննության ենթարկվի: Ավելին նա ուզում է նախարարության վերածվել:

Բայց Ինկուբատորի 10 տարվա գործունեության ֆինանսական և մասնագիտական աուդիտ կատարելու պահանջն ուղղված է կառավարությանը: Մեզ հետաքրքիր է կառավարության դիրքորոշումը:

Աշոտ Խաչատրյան, Հայկական Ծրագրեր Ընկերության տնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter