HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց. Արտակ Բեգլարյանը կներկայացնի նոր հայց

Քիչ առաջ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով մերժվեց հայցվոր Արտակ Բեգլարյանի հայցը, և անփոփոխ թողնվեց վարչական դատարանի վճիռը: Գործով պատասխանող կողմ են արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:

Հիշեցնենք, որ հայցվոր Արտակ Բեգլարյանը, ով վաղ տարիքում կորցրել է տեսողությունը, դիմել էր արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու և ուսումը շարունակելու համար: Սակայն հայցվորին հայտնել էին, որ արտգործնախարարը՝ ի դեմ Դիվանագիտական դպրոցի, որոշել է մերժել հայցվորի դիմումի ընդունումը՝ պայմանավորված իր կուրությամբ:

Հայցվորը դատարանից պահանջում էր վերացնել իր դիմումը մերժելու ԱԳՆ-ի որոշումը, որպես իրենց պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում՝ ՀՀ-ից բռնագանձել 1 դրամ, վերացնել ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը, պարտավորեցնել ԱԳՆ-ին իրականացնել իր ընդունելության քննությունը կամ իրեն ընդունված համարել Դիվանագիտական դպրոց:

Իսկ պատասխանող կողմը պնդում էր, որ ԱԳՆ-ն այս գործով չի կարող պատասխանող հանդես գալ, քանի որ հայցվորի վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունել և պատասխանատվություն չի կրում Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար:

Ավելին, պատասխանող կողմը, այս գործով պատասխանող լինելու պարագայում, հայցվորի դիմումի մերժման հիմքում կարող էր դնել կառավարության 2002թ. փետրվարի 13-ի որոշումը, ըստ որի՝ սահմանված են այն սահմանափակումներն ու հիվանդությունները, որոնք խոչընդոտում են ծառայողական պարտականությունների ու լիազորությունների կատարմանը: Այդ սահմանափակումների ու հիվանդությունների ցանկում ներառված է նաև կուրությունը:

2011թ. հոկտեմբերին վարչական դատարանը մերժել էր Արտակ Բեգլարյանի հայցը: Վարչական վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Արտակ Բեգլարյանը «Հետքին» հայտնեց, որ դատարան է ներկայացնելու նոր հայց՝ ընդդեմ Դիվանագիտական դպրոցի: Նա հայցի ամբողջական բավարարման դեպքում կարևոր էր համարում այն, որ «չտեսնողին թույլ կտրվի դիվանագետ դառնալ»:

Արտակ Բեգլարյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը: Իր կուրության պատճառով՝ Հայաստանի արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում սովորելու հնարավորությունից զրկվելուց հետո Արտակը մեկ տարի ուսանել է Անգլիայում:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Հալալ քեզ Արտակ, ոնց տեսնում են դու բարձ կամային հատկանիշներով օժտված մարդ ես: Մինչև վերջ գնա ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու քո իրավունքները ոդւ մեր հասարակության լիիրավ անդամ ես ուղղակի այդ տհասները չեն հասկանում այդքան բանը Արտակ ջան: Այ իրանք դրանով իսկ դառնում են հասարակության ոչ լիիրավ անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter