Երեքշաբթի, 21 հոկտեմբերի

Գյուղացիները դեմ են հէկին, բայց նրանց սպառնում են գլխավոր դատախազով (վիդեո)

Քրիստինե Աղալարյան


10:04, 5 հունիսի, 2012

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-4 

Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղի բնակիչները պայմանով են մասնակցել այս տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին. հանրապետականները պետք է փոքր հիդրոկայանի կառուցման տեխնիկան գյուղից հանեն, հակառակ դեպքում հորբատեղիցները հրաժարվել են մասնակցությունից: 

Հորբատեղում հանրապետականներն են հաղթել: Տեխնիկան դուրս է բերվել գյուղից, բայց հորբատեղցիները շարունակում են պայքարել իրենց գյուղի տարածքում նոր փոքր հէկի կառուցման դեմ, որպեսզի իրենք չզրկվեն ջրից: Հորբատեղցիները դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին. 3 նամակ են ուղարկել նրան` խնդրելով կասեցնել փհէկի շինարարությունը, այլապես 298 բնակիչ ունեցող գյուղում արտագաղթ կսկսվի: Գյուղացիները իրենց նամակում նշել են, որ առաջին հէկի գործարկումից հետո գյուղը բնամթերքի 30 տոկոս վնաս է կրել, 40 տոկոս էլ` կաթնամթերքի, երկրորդ փհէկը կվտանգի իրենց գոյությունն այդ գյուղում: 

Այցելություն «Սուրբ աղբյուր» փհէկ 

Հորբատեղը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան հատվածում է։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 23 կմ:  Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Այդ առուները միանում են Եղեգիսին: Եղեգիս գետի վրա` Արտաբույնքից Հորբատեղ գնացող ճանապարհաեզրին, «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն ավելի քան 3 տարի է` նույնանուն փոքր հէկն է շահագործում: «Սուրբ աղբյուրի» սեփականատերը նոր փհէկ է ուզում կառուցել ավելի վերև` կրկին Հորբատեղի վարչատարածքում: 

Երբ Արտաբույնքի գյուղացիներից փհէկի տեղն էինք հարցնում, առաջին ճշգրտող հարցը, որ տվեցին, միևնույն ժամանակ հուշող էր. «Ո՞ր գեսը, դատախազի՞նը»: «Ո՞ր դատախազինը» մեր հարցին ի պատասխան՝ շարունակեցին. «Աղվան Հովսեփյանինն է, բայց ուրիշ մարդ է աշխատեցնում, ասում են` փեսեն է»: 

Մայիսի 9-ին էր մեր այցելությունը: Հերթափոխի պետ Ներսեսն ու օպերատորն էին տեղում: Ներսեսը պատմեց, որ հէկում 4 օպերատոր է աշխատում եւ հերթափոխի պետը: Փոքր հէկի առավելագույն հզորությունը 1 մգվտ է: Գետի վարարումների ժամանակահատվածում հէկն աշխատում է ամբողջ հզորությամբ, ոռոգման սեզոնը սկսվելուն պես, ըստ աշխատակիցների, ջուրն առաջնահերթ գյուղացիներին է տրվում, իսկ հէկն ավելցուկով է աշխատում: Եթե ջուրը չբավականացնի, հէկը պիտի դադարի գործել, բայց չի դադարում: «Դե էս գեսը գրեթե չի կանգնում, բայց աշխատում է մինիմալ հզորությամբ, աշխատում է շատ քիչ արտադրությամբ` նույնիսկ 70 կվտ-ով է աշխատում, 1000 և 70` պատկերացրեք տարբերությունը: Շահույթ չի ստանում, պարզապես աշխատակիցների աշխատավարձի փողն է հանում»,- ասաց Ներսեսը:

Զրույցի ընթացքում թե օպերատորը (չցանկացավ ներկայանալ), թե հերթափոխի պետը անընդհատ կրկնում էին, որ հէկը գյուղացիներին վնաս չի տալիս, և ոռոգման խնդիր գյուղացիները չունեն, քանի որ առաջնահերթ գյուղացիներին են ջուր տալիս, չնայած այդ մասին դեռ հարց չէինք տվել:

«Գեսը գյուղի ոռոգմանը չի խանգարում, որովհետև պայմանագիր կա` ոռոգման սեզոնին բաց թողնել էնքան ջուր, որ գյուղացին բավարարվի, ավելցուկով աշխատել: Եթե ավելցուկ չի լինի, գեսը կանգնելու է: Գյուղացիների մեջ մտել է էդ վախն էլ` Թռչկանի գեսի նման կլինի, ստեղ էդ երևույթը չկա»,- վստահեցրեց հերթափոխի պետը: Աշխատակիցներին ասացինք, որ ուզում ենք փհէկի սեփականատիրոջ հետ խոսել, պատասխանեցին, որ Երևանում է: Հարցին, թե ով է, Ներսեսը պատասխանեց. «Դե հիմա ինչ կարևոր է, արդեն շատ խորացաք»: Հերթափոխի պետը փորձում էր մեզ համոզել, որ միայն հեռախոսով են շփվում տիրոջ հետ: ««Սուրբ աղբյուր» գես է կոչվում, գնացեք գտեք խոսացեք, ես տարին մի անգամ, երկու անգամ տեսնամ կամ չտեսնամ: Մենք ենք աշխատացնում»: Իսկ օպերատորը խորհուրդ տվեց հէկի մասին ընդհանրապես չգրել:

-Համ էլ խորհուրդ կտամ սրա մասին շատ բան մի գրեք,- ասաց նա:

-Ինչո՞ւ, դատախազը կնեղվի՞:

-Հենա մեզնից շատ բան գիտես, գործ չունես, աղջիկ ջան: 

Հրաժեշտ տվեցինք աշխատակիցներին ու հեռանում էինք հէկի տարածքից, երբ օպերատորն իր մեքենայով կտրեց մեր ճանապարհը: Հավանաբար մեր այցելությունը կասկածելի էր թվացել աշխատակիցներին, և որպեսզի ստուգեն, թե ովքեր կան մեքենայում, օպերատորը շտապել էր մեր ետևից, չնայած զրույցի սկզբում ներկայացել էինք և ցույց տվել լրագրողական վկայականը: Նրան կասկածելի թվաց մեր առաջին նստատեղի ուղևորը, ով մեր վարձած մեքենայի վարորդի կինն էր: Օպերատորը մեր խմբագրի պաշտոնը վերագրեց վարորդի կնոջը, չնայած ավելի շուտ հարցրել էր, թե ով է մեր խմբագիրը, մենք էլ պատասխանել էինք:  

Այցելություն Հորբատեղ 

Հորբատեղում գյուղապետ Արթուր Քարամյանը խորհուրդ տվեց տարեցների հետ խոսել, և ավելի լավ է փհէկի և առկա խնդիրների մասին պատմեն գյուղի մեծամեծերը: Նա մեքենայով մեզ ուղեկցեց նրանց մոտ. տարեցները հավաքվել էին սարում՝ մայիսի 9-ը նշելու:  

Հորբատեղցիները պատմեցին, որ իրենք ապրում են այն ջրով, որի վրա ուզում են երկրորդ փոքր հէկը կառուցել: Գյուղի տարածք 5 մայր առու է մտնում: Ժամանակին հողատարածքներն այնպես են բաժանվել, որ այդ առուներով ջրվեն, և բոլոր գյուղացիներն էլ այդ առուների տակ, իրենց բնորոշմամբ, «մի թիզ հող» ունեն` վարելահող, տնամերձ կամ խոտհարք: Եթե նոր փհէկը կառուցվի, կկտրվեն իրենց գյուղը սնուցող գրեթե բոլոր առուները: 

Գյուղացիները հաստատեցին, որ ոռոգման սեզոնին «Սուրբ աղբյուր» փոքր հէկը ջուր չի տալիս, ինչի հետևանքով արտերը, ծառերը ծարավից չորանում են, բերք չեն ստանում: Ժամանակին գետում եղած բեղլուն ու կարմրախայտը հիմա չկան: «Օգոստոս ամսին եկեք գետը նայեք, ձեր կարծիքը կկազմեք»,- առաջարկեց հորբատեղցի Քաջիկ Սարգսյանը: 

Գյուղացիները պատմեցին, որ հէկի աշխատանքները կատարելիս տրակտորները վնասել են գյուղ մտնող խմելու ջրի խողովակաշարը: 298 բնակիչ ունեցող Հորբատեղը մնացել է առանց ջրի: Տրակտորի «բրդած տեղում» մեր այցելությունից երկու օր առաջ խողովակներն էլի վնասվել էին. համայնքում այդ օրը կրկին ջուր չկար: Այն տարածքով, որտեղ ուզում են նոր հէկ կառուցել, անցնում է նաև Եղեգնաձորը սնուցող խմելու ջրի խողովակը: 

«Էս տերիտորիան, որտեղով պետք է խողովակաշարն անցկացվի, թեք լանջային է, մոտավորապես 80% թեքության, եթե էնտեղ տրակտոր մտնի, ճանապարհների լուրջ խնդիր կլինի, անասունների սատկելու խնդիր էլ կա»,- շարունակեց գյուղապետը:  

Չնայած Արթուր Քարամյանը խոստովանում է, որ հողահատկացում է արել փհէկերի շինությունների համար և սերվիտուտի պայմանագիր կնքել խողովակների անցկացման համար, բայց եթե համայնքը դեմ է հէկին, ինքն իր համայնքի կողքին կլինի. «Որ կողմը գնա իմ ժողովուրդը, ես նրանց կողքն եմ»: 

Հորբատեղցիները պայքարելու են նոր փոքր հէկի կառուցման դեմ, չնայած նրանց սպառնացել են գլխավոր դատախազով: Նրանք երրորդ նամակը նախագահին անձամբ են հանձնել, երբ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ այցելել էր Եղեգնաձոր: Հիմա սպասում են պատասխանին:   

«Բնության աղետին դիմանում ենք, արհեստական աղետին ոչ ենք ասում: Մարտ կլնի, պատերզմն կլնի, արյուն կթափի, բայց էդ բանը չի էղնի: Ով էլ լինի` գլխավոր դատախազը լինի, ով լինի, թող չսպառնան մեզի, մենք ոչ մեկից չենք վախենում, չենք վախեցել, չենք էլ վախենալու»,- ասաց Քաջիկ Սարգսյանը:  

Դատախազի ընտանեկան բիզնեսն ու Արշավիր Սարգսյանը 

«Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ն գրանցված է Արշավիր Սարգսյանի անվամբ: Ակնհայտ է, որ Արշավիր Սարգսյանը Հովսեփյանների ընտանիքի ունեցած բիզնեսում մեծ դերակատարություն ունի: Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի և մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: 

Արշավիր Սարգսյանը դատախազի երկրորդ որդու` Միսակ Հովսեփյանի և դատախազի եղբոր որդու (Աջափնյակի արդեն նախկին թաղապետ, մայիսի 6-ին մեծամասնականով ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանի որդու)` Գառնիկ Հովսեփյանի հետ «Ավտոտեխմաքս» ՍՊԸ-ի համասեփականատերն է: 

Արշավիր Սարգսյանը, սակայն, ասաց, որ Հորբատեղում իրենք «պրոբլեմ չունեն»: Անցյալ տարի անձամբ հանդիպել է գյուղացիների հետ, ջրի բացթողնման կայանում նշանակել են գյուղացիներից մեկին, ով պետք է ղեկավարի ջրի բաց թողումը և շատն ու քիչը:

«Ինձ թվում է` իրենք այնտեղ ավելի շատ պրոբլեմ ունեն վերև և ներքև գյուղերի ոռոգման հետ կապված: Հորբատեղը որ ջուրը վերցնում է ոռոգման շրջանի երկու ամիսներին, էս ներքևի արտաբույնքցի ժողովուրդը մի քիչ ավելի են տուժում, ու քանի որ հիմնականում էնտեղ բարեկամներ` քույր, եղբայր և հարազատներ են, ներքևի գյուղից, ասենք, կարող ա քույրը զանգի եղբորը, ասի` խնդրում եմ, էդ ջուրը մի քիչ բաց թողեք, գա, որ մենք էլ ոռոգենք, թե չէ մենք չունենք իրանց հետ պրոբլեմ: Մենք էն արտոնությունները չունենք, որ կարանք գյուղացիների ջուրը կտրենք, բերենք հէկ աշխատացնենք»,- ասաց Արշավիր Սարգսյանը: 

Ըստ Ա. Սարգսյանի` գյուղացիների հետ հանդիպմանը ներկա է եղել 20-ից ավելի տղամարդ, պայմանավորվել են, ու դրանից հետո իրավիճակը «միշտ կանտրոլի տակ է»: «Ինքս խոսք եմ տվել, որ ոռոգման շրջանում գյուղացիները միշտ պետք է ապահով լինեն ջրով,- ասում է Արշավիր Սարգսյանը և շարունակում,- մենք գյուղացիներին չենք նեղացնում, ջուր չենք վերցնում, ընդհակառակը, ջուր տվողը մեզ իրանք են, էսօր էնպես է դառել, որ ոռոգումը սկսում է հունիսի կեսերից հետո, մայիսի 10-ից արդեն 4 առու վերցրել են իրենց ցանկությամբ, նրանցից ո՞վ կարա ջուր վերցնի, ո՞նց կարա մի աշխատողը, որը իրենց գյուղի ներկայացուցիչն ա, գնա մնացած 50-100 հոգու դեմ ջուրը փակի, բերի գես, մի քիչ էտի տրամաբանական չէ»: 

Ա. Սարգսյանը հաստատեց, որ իրենք նոր փհէկ էլ են ուզում կառուցել, որը լինելու է նույն ծավալների, հնարավոր է՝ փոքր-ինչ ավելի հզոր: Այդ նպատակով և որպեսզի ժողովրդին նեղություն չտան, նույնիսկ նոր ճանապարհ են բացում, ավելի ճիշտ` սարերում եղած հին ճանապարհն են նորոգում, քանի որ համայնքի միջով չեն կարող ծանր տեխնիկա տանել: Մոտ 13-15 կմ ճանապարհ են բացել, որը, ըստ Արշավիր Սարգսյանի, նաև գյուղացիներին կարող է օգտակար լինել: Նոր ճանապարհ բացելու պատճառը, թեւրեւս, նախկին հէկի շինարարության ժամանակ գյուղացիներին տված վնասներն են և նրանց բողոքները: Ծանր տեխնիկայի տեղափոխման հետեւանքով Արտաբույնքում բնակվող Կիրակոսյան քույրերի տան մի մասը փլուզվել է, բայց նրանք փոխհատուցում չեն ստացել: 

Արշավիր Սարգսյանը մտադիր է սկսել փոքր հէկի շինարարությունը, երբ ճանապարհը պատրաստ լինի և ստանա Հորբատեղի համայնքի շինարարական թույլտվությունը: Այդ մասին ավելի մանրամասն Ա. Սարգսյանը պատմեց մեզ հետ զրույցում, որը մեջբերում ենք հատվածաբար` կարևոր մասերը: 

Հորբատեղի բնակիչներն ասացին, որ երկրորդ փհէկն եք ուզում կառուցել գյուղում:

Ուզում եմ կառուցել, բոլոր տեսակի թույլատրությունները` և կառավարության, և բնապահպանության, և երկու գյուղերի (և ներքևի գյուղի, և իրենց գյուղի ավագանու որոշումը) ունեմ:

Լիցենզիա ունե՞ք արդեն:

Հանրային ծառայությունների լիցենզիան լինում է այն ժամանակ, երբ գյուղապետի շինթույլտվությունն է լինում, որից հետո ստացվում են մնացած մի քանի թույլատրությունները: Շինարարությունը դեռ չենք սկսում, որովհետև Հորբատեղի գյուղապետը թույլտվություն չի տալիս, որովհետև նրա վրա ազդում են գյուղացիները` մտածելով, որ այդտեղ խողովակաշարն անցկացնելուց իրենց անասունները կընկնեն, ոտքերը կջարդվի, էնտեղ ինչ-որ բողոքել են: Էնտեղ պատճառ չկա, չկա որևէ խոչընդոտ, չկա ընտեղ առու, ոռոգման հետ կապված պրոբլեմ չկա: Ինչ-որ մեկը, չեմ իմանում` ինչ գաղափարներից ելնելով, որոշել է, որ մեր շինարարությանը խանգարի:

Ինչ-որ մեկն ո՞վ է, կամ ի՞նչ գաղափարներ են, որ թույլ չեն տալիս Ձեզ փհէկ կառուցել:

Եսիմ, ինչ-որ մեկը կա, որ ուզում է վատություն անի:

Ինչո՞ւ պետք է ուզենան Ձեզ վատություն անել:

Եսիմ, ի՞նչ իմանամ: Ես մի բան գիտեմ, որ մենք էդ համայնքում լավությունից բացի վատություն երբեք արած չկանք: Համայնքում, Աստված չանի, եթե մի դժբախտություն է լինում, աշխատում ենք մի բանով պիտանի լինենք:

Ե՞րբ եք նախատեսել նոր հէկը կառուցել:

Էսօր էլ նախատեսել եմ, կարող է վաղն էլ սկսեմ շինարարությունը:

Եթե դեռ թույլտվությունները չունեք, ինչպե՞ս եք սկսելու:

Ես ներքևի գյուղի շինարարական թույլտվությունները ունեմ, հիմա դիմել ենք վերևի գյուղի համայնքապետին` թույլատրություն ստանալու համար, եթե թույլատրություն չստանանք, դատարան կմտնենք, եթե թույլ կտան, կսկսենք, եթե չէ, էն համայնքում, որտեղ շինարարական թույլտվություն ունենք, կանենք նախնական աշխատանքները մինչև կստանանք վերևինը:

Ամբողջությամբ չենք սկսում: Հէկի շինարարությունը շատ բարդ շինարարություն է, տարիներ է տևում: Բաղկացած է ջրընդունիչից, խողովակաշարից և հէկի շենքից. Ինչի՞ համար է հանրային ծառայությունները երկու տարվա համար թույլատրություն տալիս: Քանի որ բարձրադիր գոտում է գտնվում` 2300 մետր ծովի մակերևույթից, էնտեղ տարվա մեջ 3-4 ամիս է լինում շինարարություն անել: Դրա համար եթե կարողանանք էդ ամիսների ընթացքում արագ շինարարություն անել, որ հետո ցրտահարություն չլինի:

Քանի որ մենք ունենք այդ համայնքի համայնքապետի թույլատրությունը, կարող է 10-15 օրից սկսենք, կարող է և վաղը, նայած մեր հնարավորություններին և վարկային միջոցները երբ կստանանք:

«Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ի սեփականատերը Դո՞ւք եք:

Դե ինձ հետ էլի կան, ի՞նչ կարևոր է:

Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ ենք իմանալ` ովքեր են:

Ի՞նչ կարևոր է, չէ: Ես կամ հերիք եմ, էլի:

Գյուղացիներն ասացին, որ Դուք իրենց սպառնացել եք գլխավոր դատախազով, և որ հէկը գլխավոր դատախազինն է:

Չէ, տենց բան չկա: Ես ո՞վ եմ, որ գլխավոր դատախազով սպառնամ: Ես ինքս Մոսկվայից եկած բիզնեսմեն մարդ եմ, ընդամենը կարող եմ խոսել իմ անունից:

Իսկ Դուք բարեկամական կամ խնամիական կապեր ունե՞ք Աղվան Հովսեփյանի հետ:

Չէ, չէ, տենց բաներ մի ավելորդ հանեք, թեմա ավելացրեք: Գյուղացիները չգիտեմ ինչ են ասել, ինչ չեն ասել, ես ընկերություն եմ անում գլխավոր դատախազի տղայի հետ, և մենք իրար հետ բիզնես ունենք, անում ենք շինարարություն, էդտեղ ոչ մի բան տենց չկա, ունենք բիզնեսներ, իրար հետ ընկերներ ենք:

Բարեկամական կապեր չունե՞ք:

Չունենք, չունենք ոչ մի բարեկամական կապ:

Տեսանկարահանումը՝ Մարինե Մադաթյանի


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Մեծ պաշտոնյաների փոքր հեկերը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»