HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քո երկրորդ հանգրվանը

Քարքարոտ ու ամայի դաշտերի միջով Գյումրի տանող ճանապարհն ամենաձանձրալիներից է, աչք շոյող ոչինչ չկա, ուստի հանրապետության երկրորդ քաղաք հասնելն ամեն անգամ ինձ սովորականից ավելի երկար է թվում: Ձանձրույթս ցրելու համար մեքենայի պատուհանից փորձում եմ կարդալ ճանպարհի եզրերին տեղադրված հուշաքարերին ու շիրմաքարերին արված գրառումները: Հետզհետե սիրտս սկսում է ճմլվել՝ ափսոսում եմ մեկ ակնթարթում կյանքից զրկված և երիտասարդությունը հողին պահ տված մարդկանց համար: Անկախ նրանից, թե առավոտյան ինչ տրամադրությամբ եմ տնից դուրս եկել՝ թախիծն ու տխուր հիշողությունները դառնում են ճանապարհիս ուղեկիցը:

Ինձ թվում է, որ վարորդ-գործընկերոջս համար մայթերին տեղադրված ծաղկեպսակները, հուշաքարերն ու շիրմաքարերն ավելի ճնշող պետք է լինեն: Հարցնում եմ, թե ինչ զգացողություն է ունենում դրանց նայելիս և ընդհանրապես, ճի՞շտ է համարում ճանապարհներին հուշաքարեր տեղադրելը: Նրա կարծիքով՝ ճիշտ է տեղադրելը, որովհետև երթևեկության կանոններն անտեսող վարորդներին հուշում է վերահաս վտանգի մասին:

Այս միտքը վարորդներից շատերն են արտահայտել, որին ես կտրուկ չեմ առարկել, բայց նրանց հետ չեմ էլ համաձայնել: Վերջին տարիներին աշխատանքի բերումով հաճախակի եմ լինում մարզերում և գրեթե անսխալ կարող եմ ասել, թե ճանապարհի որ հատվածում ինչ հուշաքար է տեղադրված, այնպես որ նորերը աչքիցս չեն վրիպում: Հաջորդ անգամ Գյումրի ուղևորվելիս, որը հիմնականում կրկնվում է երկու շաբաթվա տարբերությամբ, ճանապարհին նոր ծաղկեպսակներ եմ նկատում:

Այս անգամ գործընկերոջս առարկելու հիմնավոր պատճառ ունեմ: «Եթե այդ հուշաքարերն ու ծաղկեպսակներն ավտովթարները կանխարգելող ազդեցություն ունեն, ուրեմն ինչո՞ւ են նույն տեղում այդքան արագ կրկնվում վթարները»: «Եթե դա չլիներ, վթարների թիվն ավելի մեծ կլիներ»,- հանգիստ ու ազդեցիկ ձայնով պատասխանում է վարորդ-գործընկերս: Բայց այստեղ հիշում եմ այլ մեկնաբանություններ. ոմանք էլ նշում են, որ շիրմաքարերը շեղում են իրենց ուշադրությունը, իրենք տրամադրության անկում են ունենում, երբեմն այնքան են ազդվում, որ մտքերով տարված՝ կարող են վթարի իրական վտանգ ստեղծել հենց այդ պահին:

Երևան-Գյումրի և Երևան-Սյունիք ճանապարհների որոշ հատվածներ վարորդները երթևեկի համար խիստ աննպաստ ու վտանգավոր են համարում, և հենց այդ ռիսկային համարվող հատվածներում են հաճախակի կրկնվում վթարները: Վարորդները նշում են նաև, որ ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների բացակայությունն է այդ հատվածներում վթարների մեծ մասի կրկնվելու պատճառը:

Մեր հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում վթարների հավանականությունը նվազեցնելու համար, ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տեսանկարահանման, արագաչափ սարքեր կիրառելուց բացի, իբրև վթարները կանխարգելելու միջոց տարեկան երկու անգամ ավտոճանապարհների գարնանային և աշնանային հետազոտություն են իրականացնում:

«Հայտնաբերվում են ճանապարհային թերությունները, բացակա երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները: Արդյունքներով միջնորդագրեր են ներկայացվում համապատասխան մարմիններին՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»,- տեղեկացնում է ոստիկանությունը:

Հարգվո՞ւմ են միջնորդագրերը, թե՞ ոչ. այդ մասին ոչինչ չի ասվում: Սակայն փաստն այն է, որ վտանգավոր ճանապարհահատվածների մասին վարորդներին զգուշացնող հիմնական «տեխնիկական միջոցը», այլ կերպ ասած՝ երթևեկությունը կարգավորող ճանապարհների կահավորումը ներկայումս ծաղկեպսակներն ու հուշաքարերն են: Այս երևույթը միայն Գյումրի տանող միջպետական ճանապարհին չէ բնորոշ, Հայաստանի բոլոր ճանապարհներին կարելի է հանդիպել դրանց, բայց հուշաքարերի ու շիրիմների առատությամբ նրանց մեջ առանձնանում է Արարատի մարզից դեպի Վայոց ձոր-Սյունիք տանող ճանապարհը:

Փորձում եմ մտաբերել, արտասահմանում բնակվող ծանոթներիս եմ հարցնում, թե գիտե՞ն էլի մի երկիր, որտեղ ընդունված է ճանապարհներին հուշաքարեր կամ շիրմաքարեր տեղադրել: Չհիշեցի, նրանք էլ. ոչ միայն չհիշեցին, այլև տարակուսեցին, իսկ ես, հիշելով մեր երկրում ավտոճանպարհային պատահարների տարեցտարի աճող թիվը և մտովի հաշվարկելով, թե ինչ հաճախականությամբ են վթարները կրկնվում նշված վայրերում, սկսում եմ սարսափել այն մտքից, որ մի քանի տարուց միջպետական ճանապարհները կարող են պարզապես վերածվել գերեզմանոցի:

ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն` 2011թ.-ին և 2012թ. մինչև մայիս ամիսն ընկած ժամանակամիջոցում միայն Երևան-Երասխ-Գորիս-Մեղի-Իրանի սահման միջպետական ճանապարհին 24 ավտոճանապարհային պատահար է գրանցվել, որի արդյունքում 6 մարդ զրկվել է կյանքից, իսկ 39 մարդ վիրավորվել է: Նույն ժամանակամիջոցում Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհին 27 պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում 8 զոհ է գրանցվել և 54 վիրավոր:

Խորհրդային շրջանում նման վտանգների մասին հիշեցնելու և վարորդներին սթափեցնելու համար պետավտոտեսչության կայաններում ջարդված մեքենաներ էին ցուցադրում: Մանկությանս տարիներին դա հաճախակի էր գրավում ուշադրությունս, և հիշում եմ, թե ինչպես էի ճնշվում ճխլված ավտոմեքենաների տեսքից ու դրա սոսկալի հետևանքները պատկերացնելուց: Ոստիկանությունը վաղուց կիրառությունից հանել է այդ տարբերակը, ու զգուշացնելու պարտավորությունը, թեկուզև ոչ գիտակցված, ստանձնել են զոհերի հարազատները` վթարների վայրերում հուշաքարեր տեղադրելով:

Վստահ էի, որ մարզային իշխանությունը երբևէ ուշադրություն չի դարձրել այդ հարցին՝ չնայած տեսականորեն անհասկանալի է, թե ինչպես կարելի է զբաղեցնել հողատարածքը՝ առանց օգտագործման թույլտվություն ունենալու: Այնուամենայնիվ, չսխալվելու համար երեք մարզերի մարզպետներին ուղղված գրությամբ (Արագածոտնի, Շիրակի և Վայոց ձորի, որոնց տարածքներն առավել առատ են հուշաքարերով) փորձեցի տեղեկանալ, թե ինչ ընթացակարգով են տրամադրվում հողատարածքները: Նպատակս էր պարզել, թե երբևէ այդ խնդրին ուշադրություն դարձվե՞լ է, և ինչպիսի՞ն կլիներ տեղական իշխանության վերաբերմունքը, եթե քաղաքացիներից մեկը փորձեր դա անել օրինական ընթացակարգով:

Չէի սխալվել, որ հուշաքարերի տեղադրումը ինքնագործունեության արդյունք է. ոչ ոք համայնքապետներին չի դիմել հողահատկացման խնդրանքով: Համայնքների ղեկավարների պատասխաններից երկու տեղեկություն առանձնացրի. քաղաքացիներից երբևէ նման դիմում չեն ստացել, իսկ ստանալու դեպքում չէին կարող բավարարել այն:

«Միջպետական ճանապարհների անվտանգության գոտում հողահատկացում կատարելու իրավունք չունենք», «ի՞նչ կարիք կա մի մարդու համար երկու շիրմաքար տեղադրել», «ճնշող է», «արագ վարողի համար միևնույնն է՝ այդ հուշաքարը կա՞, թե՞ ոչ», այսպիսին էին նրանց արձագանքները: Այսինքն, ամեն ինչ հայավարի է կատարվում. քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ տեղադրում են, համայնքների ղեկավարներն էլ պետք է կանխեն, սակայն չեն կանխում: Դե, վիշտ ունեցողին ինչպե՞ս նորից վշտացնես...

Շուտով մեկնարկելու է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը, որը մեկ ուղղությամբ սկիզբ է առնում Երևանից ու Գյումրի տանող ճանապարհով կհասնի Բավրա՝ ելք ապահովելով դեպի Սև ծով: Մյուս կողմից կձգվի Երևանից Մեղրի՝ նպատակ ունենալով երկրի հյուսիսն ու հարավը իրար միացնել որակյալ ճանապարհով, ինչը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ: Համայնքների ղեկավարներին կարգադրված է կառույցներով չծանրաբեռնել միջպետական ճանապարհը, քանի որ նորակառույց ճանապարհը կենտրոնից աջ և ձախ ուղղություններով մինչև 70 մ լայնություն պետք է ունենա:

Վշտակիր քաղաքացիների ցանկություններն այստեղ խաչվում են պետության ռազմավարական նպատակների հետ, որի արդյունքում գերակայությունը, բնականաբար, տրվելու է պետականին: Մայրուղու շինությունը կջնջի վթարների բոլոր հետքերը` ասֆալտի տակ թողնելով հուշաքարերը: Համայնքների ղեկավարները գիտեն այդ մասին, և ավելի ազնիվ կլինի նոր վիշտ չպատճառել զոհերի հարազատներին ու այս հիմնավոր պատճառաբանությամբ սկզբից ևեթ արգելել հուշաքար կամ երկրորդ շիրմաքար տեղադրելը: Գուցե «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը պատճառ դառնա, որ մեր ժողովուրդը հրաժարվի ևս մեկ արատավոր սովորույթից:

Մեկնաբանություններ (4)

Teda
Yes, the number of car accidents in Armenia is alarming. The law must reinforce the road rules and the people must be aware of the dangers that can occure while driving. Education, education, education!
Susanna
Indz hamar en misht chnshdneri ushadrorox ajd hushardzan-shirmaqarery, bajc naev hamadzajni, vor chanaparhneri vra orecor avelanum en govazdajin tarber vahanakner, voronq hastat shexum en varordneri ushadrutjuny
from Esfahan
Well, it seems there are many officials who are proud that Armenians even drink vodka and cognac mornings. Car accidents, amount of smoking and drunk young drivers are alarming even in Yerevan there are fata car accidence and even hit and run! Road policy is still too corrupt- in my last visit two Iranian tourists did conform this to me- There is a police car shorty after living Yerevan for Mhgri, which stops tourist cars –“for driving to fast near village/ settlement” – This is not a problem at all, if the front driver is Benz or BMW and drving twice fast than… we were stopped while hiding for Mhgri (they prefer dollars! ) When a car is being stopped and escorted to a small street be sure some is being “negotiated”
Michael Taylor
They have such roadside memorials to victims of traffic accidents in Greece.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter