HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատարանում ներկայացուցչություն է ապահովում ոչ պատշաճ լիազորագրերով

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Հետք» թերթի՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով քաղաքացիական գործով սկսվել է նոր դատավարություն:

Գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից պատասխանող Լ. Աշուղյանի ինքնաբացարկի միջնորդությունն ընդունվելուց հետո այն փոխադրվեց մեկ այլ դատավորի՝ Աղասի Մկոյանի վարույթ, և սկսվեց նոր քննություն:

Շուրջ մեկ տարի Վանաձորի դատարանում գործը քննվելուց հետո երեկ նորից նախնական դատական նիստ էր նշանակված Սպիտակի դատարանում՝ չնայած պատասխանող Լ. Աշուղյանը Վանաձորի բնակիչ է, իսկ օրենքով դատավարությունը պետք է նշանակվի պատասխանողի բնակության վայրի դատարանում:

Այժմ գործում որպես պատասխանողի ներկայացուցիչներ են ներգրավվել փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Ի դեպ, նրանք Լ. Աշուղյանի շահերի պաշտպանությունն ստանձնել են նաև նրա վերաբերյալ մյուս գործերով:

Ռեկտորն ու նախկին դասախոսը չէին ներկայացել նախնական դատական նիստին, նրանց ներկայացուցիչներն էին եկել դատարան: Ուշագրավ է, որ սույն գործով դատական նիստի վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչներ Լ. Հակոբյանն ու Տ. Եգորյանը չէին ծանուցվել այն դեպքում, երբ նրանց ծանուցում էր ուղարկվել երեկ նույն դատարանում մի քանի ժամ հետո նշանակված Աշուղյանի մեկ այլ գործով դատական նիստի վերաբերյալ: Երբ փաստաբանները դատավորի ուշադրությունը հրավիրեցին այս հանգամանքի վրա, դատավոր Մկոյանն ասելիք չուներ:

Նիստն սկսվելուն պես վերջինս միանգամից հայցվորի ներկայացուցչի լիազորագրի խնդրին անդրադարձավ: Գործի նյութերից առանձնացրեց նրա լիազորագիրը, որում նշված էր. «Լիազորում եմ Վանո Եղիազարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանելու իմ շահերը. լիազորող՝ Գուրգեն Խաչատրյան»:

«Ընդամենը երկու բառ,- նկատեց դատավորը.- ոչ գրված է, թե երբ է տրված, ասենք թե ինչ ժամանակով՝ դեռ ոչինչ»: Հայցվորի ներկայացուցչից հարցրեց՝ երբ է տրվել այն իրեն: Վերջինս մտաբերեց՝ հայցը ներկայացնելու ժամանակ: Դատավորը գործի նյութերից գտավ հայցադիմումը ներկայացնելու ամսաթիվը՝ հուլիս, 2011 թվական:

«Քաղ.դատ.օր.-ի 42 հոդվածով նախատեսված ո՞ր կետերով եք լիազորված: Դուք արդյոք այսօր իրավասո՞ւ եք հաշտության համաձայնություն կնքելու կամ հայցից հրաժարվելու: Նման լիազորություն ունե՞ք»,- հարցրեց դատավոր Մկոյանը: «Անպայման»,- եղավ Վ. Եղիազարյանի պատասխանը: Դատավորը, սակայն, նրան բացատրեց, որ նման կարգի լիազորությունները պետք է հատուկ նշվեն լիազորագրում: Պատասխանողի ներկայացուցիչներն ու դատավորը ներկայացված գրությունը չհամարեցին պատշաճ լիազորագիր: Վ. Եղիազարյանը խնդրեց հետաձգել նիստը, մինչև հայցվորի հետ լիազորագրի խնդիրը լուծեն: Պատասխանողի ներկայացուցիչները չառարկեցին սրան:

Ներկայացուցչի լիազորությունները սահմանող Քաղ. դատ. օր.-ի 42 հոդվածով կարգավորվում է նաև լիազորագրի հարցը. դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ: Սակայն հայցադիմումն ստորագրելու, հայցային պահանջներից ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու կամ հայցն ընդունելու, հայցի առարկան կամ դրա հիմքը կամ հայցային պահանջների չափը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու և այլ գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Ուստի, շուրջ մեկ տարի Վ. Եղիազարյանը դատավոր Ս. Բաղդասարյանի կողմից քննվող գործի շրջանակներում ներկայացրել է ռեկտոր Գ. Խաչատրյանի շահերը՝ չունենալով պատշաճ լիազորագրի: «Նախկինում նույն լիազորագրով դատարանն ինձ որպես ներկայացուցիչ ընդգրկել է, և ես ազատ հանդես եմ եկել դատարանում»,- հաստատեց նաև Վ. Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Աշուղյանի վերաբերյալ մեկ այլ՝ աշխատանքի վերականգնման գործով վերաքննիչ դատարանը նույնպես արգելեց որպես ինստիտուտի ներկայացուցիչ հանդես եկող Վ. Եղիազարյանին մասնակցելու Աշուղյանի բերած բողոքի քննությանը՝ դարձյալ ոչ պատշաճ լիազորագրի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter