HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփականատերերից մեկը Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամն է

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի «բացառիկ գերակա շահ» ճանաչված մոտ 96 հա հողատարածքների յուրաքանչյուր հեկտարի համար գյուղացիներին նախնական խոստացել են 4200 ԱՄՆ դոլար (1 քմ-ը գնահատվել է 160 դրամ): Արտավազի նախկին համայնքապետ Երվանդ Նալթակյանը տեղեկացրեց, որ գյուղացիներից մի քանի օր հետո սկսելու են հողերը վերցնել, սակայն իրենք այդ գնահատման հետ համաձայն չեն:

Արտավազցիները ստորագրահավաք են կազմակերպել, եւ հողատերերի 99 տոկոսը ստորագրել է փաստաթղթի տակ: Այժմ նրանք պատրաստում են դատական հայց, որպեսզի բողոքարկեն Կառավարության որոշումը:

Սակայն գործող համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը ժխտեց հողերի գնահատման փաստը:

«Գյուղացիները սուտ են ասում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց համայնքապետը: Նա պատմեց, որ անձրեւոտ եղանակների պատճառով փորձագետները չեն կարողացել ամբողջությամբ ուսումնասիրել տարածքը, եւ գնահատում չի եղել, իսկ երբ եղանակը բացվի, գնահատողները կգան:

Ըստ համայնքապետի' անկախ փորձագետ ոմն Հրաչը եկել է գյուղ, բայց «գործը կիսատ է մնացել, գին դեռ որոշված չէ»:

Հարցին, թե գյուղացիներն ուզո՞ւմ են հողերը հանձնել, համայնքապետը պատասխանեց. «Նենց մարդ կա' ուզում է, նենց մարդ կա' չի ուզում»: Ստորագրահավաքի մասին Ռեմ Հովհաննիսյանն այլ տեղեկություններ հաղորդեց, որ այն կազմակերպվել է գները գյուղացիների պահանջներով հաշվարկելու համար:

«Մարդ կա քառակուսի մետրի համար 10 դոլար է ուզում, մարդ կա' 20, մարդ կա' 3»,- ասաց համայնքապետը:

«Բացառիկ գերակա շահ» ճանաչված տարածքում 1.5 հա հողատարածք ունի «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Յոթի գործով» 8 տարի ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը:

Դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք Կառավարության որոշմամբ Արտավազի համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.5 հա արոտավայրը փոխադրվել էր էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա' հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար: (Կառավարության 1610-Ն որոշում, 9 նոյեմբեր, 2006):

Ս. Միքայելյանի տարածքը գրանցված է որպես արտադրամաս, նա մտադիր է եղել հէկ կառուցել, սակայն այդպես էլ չի կառուցել: Այս տարվա փետրվարի 25-ի Կառավարության նիստի ընթացքում (ձայնագրությունը մեզ են տրամադրել Կառավարությունից) էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ հարցը քննարկվել է նաեւ տարածքային կառավարման նախարարությունում, ինչպես նաեւ «տարբեր քննարկումներ են եղել տեղի համայնքի ներկայացուցիչների հետ»:

«Կա ընդհանուր ընկալում մարզպետի եւ համայնքի ղեկավարի կողմից»,- նշել է նախարարը եւ հավելել, որ բոլորի հետ համաձայնեցված կարգով ծրագիրը ներկայացնում են Կառավարությանը:

Արաբական շեյխը եւ շվեյցարական ընկերությունը

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Կառավարության նիստի ժամանակ որոշվել էր Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Ուլաշիկ գետի ավազանի քաղցրահամ եւ հանքային ջրի աղբյուրները եւ շրջակա տարածքը' 85.1 հա, հատկացնել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին' քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարան կառուցելու համար:

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության հիմնադիրը «ԷՅ ԸՆԴ ԷՄ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ԲԸ-ն («A & M Investment») է, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը Արամ Աբրահամյանն է: Նա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է: (Այս մասին տես' «Շեյխը կկառուցի գործարան եւ...եկեղեցի»):

«Հետքը» նամակով դիմել էր Կառավարությանը' ստանալու քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի փաթեթը: Նամակին պատասխանել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Պարզվում է' ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամին:

Նա հանդիսանում է նաեւ ընկերության բաժնետերերից մեկը: Մեզ առայժմ հաջողվել է պարզել ընկերության մեջ իրենց բաժնեմասերն ունեցող հայ պաշտոնյաներից միայն մեկի ինքնությունը' ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանն է:

«ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ներդրումային ընկերությունը գրանցված է Ժնեւում: Զբաղվում է ներդրումային ծրագրերի իրականացմամբ եվրոպական, միջինասիական եւ հյուսիսաֆրիկյան երկրներում:

Ընկերության գործունեությունն ընդգրկում է արդյունաբերական, հյուրանոցների կառուցման եւ գյուղատնտեսական նախագծեր:

Ըստ նախարարի գրության' ընկերության ներկայացուցիչների մոտ 2009 թ. ընթացքում Հայաստան կատարած այցերի ընթացքում հետաքրքրություն է առաջացել քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի հիմնադրման հարցում:

Այցի ընթացքում ընտրվել են մի շարք քաղցրահամ եւ հանքային ջրի աղբյուրներ, որոնք ենթարկվել են նախնական լաբորատոր փորձաքննության շվեյցարական «GEOTEST» կազմակերպության կողմից:

Ի վերջո, ի՞նչ է կառուցելու շեյխը' գործարա՞ն, թե՞ հյուրանոց

Շեյխ Մուհամմեդ Մուսալլամի Հայաստան կատարած այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նրա շահագրգռվածությունը հյուրանոցային բիզնեսում: Շեյխի ճանաչողական այցը եղել է նախորդ տարվա ամռանը' հուլիսի 18-ին:

Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրել է, որ Սաուդիան Արաբիայի մի խումբ գործարարներ մտադրություններ ունեն ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես հյուրանոցային բիզնեսում եւ գյուղատնտեսության ոլորտում:

Նախարարը ներկայացրել է Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ոլորտը, նշել է, որ միջազգային բրենդի բարձրակարգ հյուրանոցների կառուցումը Երեւանում, ինչպես նաեւ հյուրանոցային համալիրների հիմնումը շրջաններում, մասնավորապես զբոսաշրջային հանգրվաններում, շատ ողջունելի գաղափար է:

Նույն օրը Մուհամմեդ Մուսալլամին ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդունելությանը ներկա է եղել նաեւ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի հետ առեւտրատնտեսական կապերը եւ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր:

Մուհամմեդ Մուսալլամն էլ վարչապետին տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով:

Շեյխի մեկ այլ այցելության նպատակի մասին կարելի է եզրակացնել Ներսես Երիցյանի եւ շեյխ Մուհամմեդ Մուսալլամի «Մտադրությունների մասին արձանագրությունից», որը երկուստեք ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 29-ին, սակայն ոչ թե հյուրանոցային բիզնեսի ոլորտում ներդրումներ իրականացնելու, այլ Արտավազում գործարան կառուցելու նպատակով:

Իսկ մինչ այդ' 2009 թ. սեպտեմբերին, շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը գործարանի կառուցման ուղղությամբ պետության աջակցությունը ստանալու նպատակով առաջարկություն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որը քննարկվել է շահագրգիռ պետական կառույցների հետ, եւ ստացվել է դրական գնահատական:

««ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերության կողմից նախանշվել է Արտավազ համայնքի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Ուլաշիկ գետի ավազանին հարակից շուրջ 1400 հա տարածք, որից միայն շուրջ 40 հեկտարն է նախատեսված անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ գործարանի կառուցման համար:
Մնացած տարածքի մեծությունը պայմանավորված է արդյունահանման ենթակա քաղցրահամ եւ հանքային ջրերի որակի պահպանման համար միջազգային պրակտիկայում կիրառվող բնապահպանական անվտանգության գոտու անհրաժեշտությամբ: Նշված հողատարածքն իր մեջ ներառում է պետական, համայնքային, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասեր»,- գրված է նախարարի պատասխան գրության մեջ:

Ի՞նչ է առաջարկում շեյխն իր ներդրումային ծրագրով

«Մտադրությունների մասին արձանագրությունում» Էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվել է ներդրումային առաջարկի իրագործման նպատակով հանդես գալ պետության անունից որպես շահագրգիռ կողմ եւ աջակցել խնդրո առարկա ներդրումային առաջարկի իրագործման գործընթացին:

Իսկ «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը պարտավորվել է իրականացնել ծրագիրը ՀՀ-ում, որի արդյունքում կկառուցվի բարձր տեխնոլոգիական գործարան, որը կշշալցնի ամենալավ որակի հանքային եւ քաղցրահամ ջուր' համապատասխանեցնելով այն աշխարհում այս ոլորտի համար սահմանված լավագույն չափանիշներին, գործարանի կառուցմանը ներգրավել տեղական ռեսուրսներ, հավաքագրել տեղական աշխատուժ եւ ապահովել դրանց վերապատրաստումը, ձեւավորել անհրաժեշտ ենթակառուցվածք եւ հարմարություններ գործարանի աշխատակիցների համար, տարեկան արտահանել 40 մլն լիտր շշալցված ջուր:

Թիրախային շուկան լինելու է Ռուսաստանի Դաշնությունը, ԵՄ շուկան, ծրագրի երրորդ փուլում' նաեւ Իրանը եւ Պարսից ծոցի ավազանի երկրները: Ընկերությունը շշալցված ջուրն արտահանելու է Հայաստանի «Հազվագյուտ ջուր» բրենդային անվամբ' «Rare Water»:

Ներսես Երիցյանը Կառավարության նիստում նշել է, որ կատարված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ջուրը կարելի է առանց ֆիլտրման, նոր տեխնոլոգիաների միջոցով շշալցնել:

Իսկ համայնքին զարգացման լուրջ հեռանկարներ են սպասվում' ինչպես աշխատատեղերի, այնպես էլ ենթակառուցվածքների բարելավման առումով:

Ծրագրից մինչեւ 50 մլն դոլարի ներդրում է ակնկալվում, 100-150 աշխատատեղ բուն արտադրամասում: Սակայն Ներսես Երիցյանը հավաստիացնում է, որ աշխատատեղերի հնարավորությունը կարող է շատ ավելի մեծ լինել:

Նախարարը նշել է, որ հնարավոր է նաեւ ծաղիկների բուրմունքով ջրերի արտադրություն իրականացվի' ավելացնելով աշխատատեղերը:

Պարզաբանում է Կառավարությունը

Հիշեցնենք, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել էր նույն օրը, երբ Կառավարությունը կայացրել էր «բացառիկ գերակա շահի» մասին որոշումը եւ հողերը տրամադրել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է կարողացել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությունը գրանցվել հենց Կառավարության որոշման օրը, էկոնոմիկայի նախարարը պատասխանել է, թե հաշվի առնելով այն, որ գործարանի կառուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում էին 2009 թ.-ից եւ այն, որ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանումը գրանցվել է 2010 թ. փետրվարի 19-ին' ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտել որոշման մեջ, որպես ձեռքբերող, ճանաչել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին, որը Կառավարության նիստի օրն արդեն իսկ ունեցել է պետական գրանցում:

Իսկ թե «ինչպես է Կառավարության նիստի ժամանակ հնչած 85.1 հա հողատարածքը Կառավարության որոշման մեջ դարձել մոտ 96 հա» հարցին Ներսես Երիցյանի պատասխանը հետեւալն է. «ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 25-ի նիստին հաստատվել է հիշյալ որոշումը, հաշվի առնելով նիստի ընթացքում կատարված առաջարկությունները' որոշումը խմբագրելու եւ որոշման հավելված հանդիսացող բացառիկ' գերական հանրային շահ ճանաչված տարածքների ցանկը հստակեցնելու վերաբերյալ: Սահմանված կարգով որոշումը խմբագրվել է, իսկ հավելված հանդիսացող ցանկը' ճշգրտվել ՀՀ Կոտայքի մարզպետի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Արտավազի համայնքի ղեկավարի հետ: Ճշգրտման նպատակով իրականացվել է տարածքի լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքում մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների գումարային չափն ավելացել է' պայմանավորված նպատակային տարածքում ընդգրկված, սակայն ցանկում չներառված նոր մասնավոր սեփականատերերի հողատարածքների ընդգրկմամբ եւ կազմել 95.8 հա: Այնուհետեւ, խմբագրված որոշումը եւ հստակեցված ցանկը ներկայացվել է ՀՀ կառավարություն»:

Պատասխանից կարելի է եզրակացնել, որ նիստին մասնակցել են վերոնշյալ կառույցների ներկայացուցիչներ, եւ մի քանի րոպեի ընթացքում բոլոր հարցերը լուծվել են տեղում:

Կառավարության նիստի ձայնագրությունից պարզ է դառնում, որ նիստի օրը, փաստորեն, հողատարածքների ճշգրիտ չափը եղել է 85.1 հա, սակայն խնդիր է եղել իրավաբանական անձանց պատկանող հողատարածքների հետ:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առաջարկել է լուծել այդ հարցերը եւ հավելյալ որոշմամբ ներկայացնել Կառավարություն, որպեսզի գործընթացը չդադարի:

Այս դեպքում վարչապետի որոշումը պետք է թվագրված լիներ ոչ թե Կառավարության նիստի օրը' փետրվարի 25-ին, այլ ավելի ուշ, երբ արդեն արված են եղել համապատասխան փոփոխությունները:

Այս ամենի մեջ հստակություն կմտցվի միայն այն ժամանակ, երբ պարզվի, թե ովքեր են շեյխի մնացած հայ գործընկերները:

Մեկնաբանություններ (2)

Andranik
keep on selling the country to some asshole shaikhs, with out thinking, yes grant them with more lands to create some more extra Jobs in Armenia, first we sell all the factories in Armenia making the population to leave the country, then we open the doors & invite asshole shaikhes to come & invest in our country, its very funny.
Andranik
Please don't sell our home land to the Arabs, we do not need so many hotels in Armenia. No foreigner can do any business in any Arab country with out having a local sponsor & share holder, we can bottle our Jermuk & sell it to them, the share holding law in all Arab countries is 49% for the foreigner & 51% for the local Arab so please treat them the same way, the funny thing is if an Armenia wants to do business in Armenia so many useless & unnecessary rules & regulations are implemented which makes it almost impossible but for an Arab the doors are widely opened, this is another disgrace for us.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter