HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կեչառիսի ռեստորանաշինությունն ապամոնտաժվո՞ւմ է

«Կեչառիս վանական համալիրի շրջակայքում սննդի սպասարկման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցված են եւ ներկայիս ընթանում են կառույցի ապամոնտաժման աշխատանքները: Նկատի ունենալով սույն իրողությունը` հորդորում ենք ձեռնպահ մնալ հիշյալ թեմայի հետագա շահարկումից»,- այս հայտարարությունը երեկ Կոտայքի թեմի մամլո դիվանն ուղարկել է մի քանի լրատվամիջոցների: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կառուցապատումն իրականացնող «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ն մայիսի 30-ին ինքն է հայտարարել շինարարությունից հրաժարվելու մասին:

Հիշեցնենք, որ անցած տարի «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Ղազինյանը (ով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին է) ընդամենը 1 օրում ստացել էր ճարտարապետական նախագծի հաստատումը, բայց շինաշխաատանքները սկսել էր առանց Ծաղկաձորի քաղաքապետարանի թույլտվության: Կառուցապատման նախագիծը չէր հաստատվել նաեւ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալության կողմից: Չնայած դրան` եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հարսանյաց սրահն ու փայտե «կուպեները» մեծ թափով վեր էին խոյանում` ապահովելով Կեչառիս վանական համալիրի նոր` ռեստորանային գործառույթը:

Ի դեպ, կաթողիկոսը տեղյակ էր եկեղեցու տարածքում ապօրինի շինարարության մասին: Ավելին` Մայր Աթոռը դեմ չէր կառուցապատմանը:

«Հետքի» մի շարք հրապարակումներից հետո շինարարությունը դադարեցվեց ժամանակավորապես` մինչ մշակույթի նախարարությունից թույլտվություն ստանալը:  

Վերջին օրերին սոցիալական ցանցերի օգտատեր-ականատեսները հայտնում էին, որ Կեչառիսի ռեստորանաշինությունը կրկին շարունակվում է: Այս լուրերին էլ միանգամից հաջորդեց Կոտայքի թեմի առաջնորդարանի վերը նշված հայտարարությունը` շինարարության դադարեցման մասին:

Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ փաստացի Կեչառիս վանական համալիրի տարածքում իրականացվող շինարարության տարածքից հեռացվում են կուտակված շինանյութերը:

«Կարծես թե իրավիճակը դեպի լավն է գնում: Կարելի է ենթադրել, որ հասկացել են եւ տանում են իրենց շինանյութերը: Իսկ պաշտոնապես դեռեւս ոչ մի պատասխան չեմ ստացել մշակույթի նախարարությունից, ինչի պատճառով այս պահին որեւէ գործողություն անելու իրավունք չունեմ: Կարծում եմ՝ նոր գրություն կստանամ եւ ապամոնտաժման մասին որոշում կներկայացնեմ»,- ասաց Ծաղկաձորի քաղաքապետը: Տեղեկանալով Կոտայքի թեմի առաջնորդարանի վերջին հայտարարության մասին` Գարուն Միրզոյանը նշեց. «Ուրեմն իրավիճակը շտկվում է: Երեք-չորս օր է` նկատում եմ, որ ինչ-որ շինանյութեր են դուրս բերում, իսկ եթե առաջնորդարանն էլ հայտարարություն է տարածել, ուրեմն էլ չի շարունակվի»:

Փորձեցինք կապվել նաեւ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի եւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, սակայն մեզ հայտնեցին, որ Մայր Աթոռում ժողով է, եւ բոլոր հոգեւորականներն անհասանելի են: Տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ խոստացավ  ավելի ուշ պատասխանել «Հետքի» հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter