HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

2011թ-ին Երևանի քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել Աբովյան փողոցի հանրային տարածքում տեղակայված առևտրային տաղավարները, որոնք, սակայն, ապամոնտաժվելուց հետո տեղակայվեցին Երևանի Գլխավոր պողոտայի Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացի փողոցի միջանկյալ հատվածում (Մաշտոցի պուրակում):

Մենք` Երևան քաղաքի բնակիչներս և մտահոգ քաղաքացիներս, բազմիցս հարց ենք բարձրացրել, թե քաղաքային իշխանությունը ինչ միջոցներով է իրականացրել վերոնշյալ աշխատանքները: Սկզբնական շրջանում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք զանգվածային լրատվության միջոցներով հայտարարեցին, որ հիշյալ առևտրային տաղավարների սեփականատերերին քաղաքապետարանի կողմից պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Քաղաքապետարանից մեզ հայտնեցին նաև, որ Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարների տեղադրման աշխատանքներն իրականացվում էր Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից: Հետագայում մեր գրավոր հարցմանը Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այդ աշխատանքները չեն իրականացվում համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետու, մասնակցային և թափանցիկ կառավարման սկզբունքները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին կետի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջներով` խնդրում ենք 5-օրյա ժամկետում պատասխանել մեր դիմումին և տրամադրել հստակ ու կոնկրետ տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Արդյո՞ք «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին և կատարում է միայն համայնքի կողմից տրված պատվերները: Ինչպե՞ս են գոյանում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի միջոցները և ո՞ւր է գնում ստացված շահույթը:
  2. Որպես Երևան համայնքին պատկանող և Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող առևտրային կազմակերպություն «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ն իր հիմնադրման պահից տարեկան որքա՞ն շահույթ/վնաս է կրել:
  3. Ո՞ւմ  միջոցներով են իրականացվել Երևանի Աբովյան փողոցում տեղակայված առևտրային կրպակների ապամոնտաժման աշխատանքները և որքա՞ն գումար է ծախսվել այդ աշխատանքի համար:
  4. Ինչո՞ւ և ի՞նչ հիմքերով էին այդ առևտրային տաղավարները հայտնվել Երևանի Գլխավոր պողոտայի Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացի փողոցի միջանկյալ հատվածում` Մաշտոցի պուրակում:
  5. Ո՞ւմ միջոցներով իրականացվեցին Երևանի Գլխավոր պողոտայի Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացի փողոցի միջանկյալ հատվածում` Մաշտոցի պուրակում, տեղադրված առևտրային տաղավարների ապամոնտաժման աշխատանքները և որքա՞ն գումար ծախսվեց այդ աշխատնքների համար:

Միևնույն ժամանակ խնդրում ենք տրամադրել համապատասխան որոշումների փաստաթղթերը և վերոնշյալ հարցերի հետ կապված ծախսերի մանրամասն հաշվետվություն` նշելով տվյալ աշխատանքների իրականացման համար ծախսված գումարի չափը և աղբյուրը:

 «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Ք. Երևան  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter