Կիրակի, 26 մայիսի

Սեյրան Օհանյանը՝ սահմանագծում


15:20, 9 հունիսի, 2012

Հունիսի 7-ից 8-ը Տավուշի մարզ է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ: 
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ գյուղերի բնակչության հետ: Ընդգծվել է, որ առաջնագծում տեղի ունեցած վերջին դեպքերը հերթական անգամ փաստեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած սադրանք անպատասխան չի մնում:

Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակառակորդի ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության և մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի. «Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու դեպքում դարձյալ խիստ ենք լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը:  

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը  մասնակցել է սահմանամերձ Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցի բակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որի ընթացքում Ոսկևանի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալության հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության և արիության, Հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար` Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Տես նաև՝



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»