Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փաստաբանները մեկ օրով դադարեցրին իրենց աշխատանքը



Փաստաբանների պալատին անդամագրված 1150 փաստաբանի կեսից ավելին հունիսի 11-ին մեկ օրով դադարեցրեց մասնակցությունը դատական նիստերին և նախաքննությանը: Նրանք հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահում, իրենց իսկ խոսքով, «Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող կամայական գործելակերպի» դեմ բողոքն արտահայտելու համար:

Փաստաբանների պալատի խորհրդի 5 անդամից ձևավորված հանձնախումբը` փաստաբաններ Արա Զոհրաբյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան, Լուսինե Սահակյան և Կարեն Մեժլումյան, դատական համակարգի անընդունելի գործելակեպի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու հիմնավորումները ներկայացնելուց հետո հրապարակեց Վճռաբեկ դատարանի նախագահին ներկայացվելիք երեք հիմնական պահանջը`

  1. ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս պետք է վարի արձանագրություն` ձայնագրառումով,
  2. վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված,
  3. Վճռաբեկ դատարանը պետք է կատարի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումները:

Փաստաբաններ-Վճռաբեկ դատարան հակամարտությունն իր գագաթնակետին էր հասել անցնող շաբաթ, որի համար առիթ էր եղել Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով այն վերադարձրել էր հանձնախմբի անդամներից փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած բողոքը: Փաստաբանը հայտարարեց, որ ընդհանուր իրավասութան դատարանը տվյալ գործով վճիռ է կայացրել առանց ապացույցները հետազոտելու, որի հիմքով ինքը բողոք է ներկայացրել վերադաս երկու դատական ատյաններ: Վճռաբեկ դատարանը, բողոքը վերադարձնելով, փաստորեն, նախադեպ է ստեղծել ստորադաս դատարաների համար, որ կարող են, առանց ապացույցները հետազոտելու, դատական ակտ կայացնել:

Մամուլն անցնող շաբաթ մանրամասն լուսաբանեց Փաստաբանների պալատում այս դեպքով սկիզբ առած բողոքի ալիքը ու նրա շուրջ ծավալված իրադարձությունները: Պալատը տարածեց մի հայտարարություն, որում բացատրություն էր տրվում բողոքի «ծայրահեղ քայլին» նախապատրաստվելու պատճառների մասին:

«Հայտնի է, որ դեռևս 2007 թվականից` ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված նոր լիազորություններն իրականացնելու նպատակով, ՀՀ դատական օրենսգրքում և դատավարական օրենսգրքերում սահմանվեցին վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Սկսած այդ պահից և մինչև օրս Վճռաբեկ դատարանը, օգտվելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու չափանիշների անորոշությունից, բազմիցս կամայականություն է դրսևորել այդ օրենքը կիրառելիս, որի արդյունքում մինչև այժմ մեզ հայտնի չէ գոնե մեկ դատական ակտ, որում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումը լիներ պատճառաբանված: Հայտնի են վճռաբեկ բողոքները վերադարձվելու բազմաթիվ դեպքեր, երբ ճիշտ նույն չափանիշներին համապատասխանող մեկ այլ սուբյեկտի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել»,- ասվում էր հայտարարության մեջ:

Վճռաբեկ բողոքները մասսայաբար վերադարձնելու խնդիրը խմորվում էր դեռևս օրենքը կիրառելու ժամանակաշրջանից` 2007թ.-ից սկսած, և, ինչպես նշեցին փաստաբանները, հուսով էին, որ պրակտիկ կիրառության ընթացքում հարցը կկարգավորվի: Իր հերթին նման խոստում էր տվել Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանը պաշտոնավարման անցնելուն պես Պալատի նախագահի ու փաստաբաններին հետ հանդիպման ժամանակ:

Սակայն ինչպես նշվում է Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ, հարցը ոչ միայն լուծում չստացավ, այլև անցած չորս տարում ավելի բացասաբար դրսևորվեց «վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու այդ արատավոր պրակտիկան», ինչը հիմք է տալիս մեզ մտածելու, որ թեև խնդրի լրջությունն ընդունվում է ամենաբարձր մակարդակով, սակայն գոյություն չունի այն լուծելու ցանկություն կամ կամք:

Փաստաբանները ոչ պակաս կարևոր խնդիր են համարում այն, որ Վճռաբեկ դատարանը, Սահմանադրությամբ կոչված լինելով ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, հենց ինքն է հաճախ անտեսում իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ երբեմն էլ կայացնելով նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչո՞ւ է շեղվում սեփական նախադեպերից:

«Վճռաբեկ դատարանի նման գործունեությունը ստեղծել ու ստեղծում է կատարյալ իրավական անորոշություն, այսինքն` չի ծառայում այն նպատակներին, որոնց համար անձինք դիմում են այդ ատյանի պաշտպանությանը: Որևէ գործով վճռաբեկ բողոք կազմելիս մենք չենք կարող գոնե մոտավորապես պատկերացնել, թե ինչ ընթացք այն կարող է ստանալ, ինչը մեր վստահորդների մոտ անվստահություն է առաջացնում մեր մասնագիտական կարողությունների հանդեպ»,- հայտարարեցին հանձնախմբի անդամները:

Վճռաբեկ դատարանի պատասխանը չուշացավ. դատական դեպարտամենտի անունից հունիսի 7-ին տարածված հայտարությունից ավելի քան ակնհայտ էր, որ այն անհանգստացած է գործադուլի դիմելու փաստաբանների որոշումից, հատկապես երբ այս տարվա մեջ այն կրկնվում է երկրորդ անգամ: Այստեղ առաջին հերթին հարկ համարեցին քննարկել՝ իրավունք ունե՞ն փաստաբանները գործադուլ իրականացնելու, թե՞ ոչ, և եզրակացրին, որ չունեն: Այնուամենայնիվ, դատական համակարգի վերաբերյալ փաստաբանների ներկայացրած բացասական պատկերը հակակշռելու նպատակով հայտարարության մեջ անդրադարձել էին դատական համակարգի ձեռքբերումներին՝ ներկայացրել էին արդարացվածների վերաբերյալ վիճակագրությունը:

Դատական համակարգի ղեկավարության համար ձեռքբերում համարվող արադարացումների թիվը փաստաբանների համար շատ էլ ոգևորիչ չէր: 2011թ. ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերով 4874 անձի վերաբերյալ դատական ակտ է կայացվել, որով լրիվ արդարացվել է ընդամենը 54 անձ կամ 1,1 %-ը (դատական դեպարտամենտի տվյալներով` 77 անձ): Համեմատության համար նշվեց, որ Մեծ Բրիտանիայում արդարացվածների թիվը 29% է, ԱՄՆ-ում` 25%, ԵՄ երկրներում 20%:

Եվս մեկ ցուցանիշ. 2011թ. նախաքննության մարմինները դատարան են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 3262 միջնորդություն, որից բավարարվել է 3088-ը կամ 94,7%-ը:

2008թ.-ից վարչական դատարանում քննվել է ՀՀ կառավարության նորմատիվ որոշումներն անվավեր ճանաչելու 30 հայցադիմում, որոնք բոլորը մերժվել են: «Այսինքն՝ վարչական, վարչական վերաքննիչ և վճռաբեկ դատարանները որևէ որոշում անվավեր չեն ճանաչել»,- հայտնեցին նրանք:

Դատական դեպարտամենտն իր հայտարարությամբ, որն արվել էր ի պատասխան փաստաբանների հայտարարության մեջ նշված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ակնարկին, նշում է. «Չնայած մեր կողմից ձեռնարկվող ամենօրյա միջոցառումներին, որոնք նպատակ են հետապնդում բացառելու դատավորի առանձին շփումները փաստաբանների և դատավարության այլ մասնակիցների հետ, դեռևս չի վերացել դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությունը: Այդ մասին են վկայում վերջին տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակ փաստաբանների կողմից իրականացված խարդախության դեպքերը: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատված է, որ փաստաբանները խաբեությամբ իրենց հաճախորդներից տարբեր չափերի գումարներ են ստացել իբր դատավորներին կաշառելու նպատակով»:

Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի համար անհասկանալի էր, թե ինչու են դատարանում ցավոտ ընդունել իրենց հայտարարությունը, երբ իրենք բողոքը ոչ թե անձերի դեմ են ներկայացրել, այլ համակարգում առկա խնդիրների: Նա ներկայացրեց մի քանի փաստական տվյալներ, որոնցով իշխանության ներկայացուցիչներն են խոսում համակարգի անկատարության մասին: «Ներկայումս դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80%, որը 2012-16թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է կրճատել 30-40%»,- մեջբերումը արդարադատության նախարար Հրայր Թովասյանի հայտարարությունից է:

Պատասխան մեղադրանքից հետո դեպարտամենտը փաստաբաններին կոչ էր արել բավարարվել միմյանց թերությունները հրապարակավ քննարկելով և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա:

Փաստաբաններն առայժմ բավարարվեցին մեկօրյա գործադուլով և կսպասեն իրենց առաջարկների արձագանքին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ