HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունում նոր ջրագծի կառուցումը վտանգում է 150-ից ավելի սոճի

Առաջիկա օրերին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասը կսկսի նոր ջրագիծ կառուցել Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 31 փողոցում գտնվող սոճիների պուրակի 200 մետր երկայնքով:

Ջրագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը նախապատրաստելիս «ՋԻՆՋ» ՍՊԸ-ն հաշվի չի առել ջրագծի շինարարության ընթացքում պուրակի երկու կողմում սփռված 150-ից ավելի սոճիներին սպառնացող վտանգները:

Թաղամասի բնակիչ, օձնեցի գյուղատնտես Եզեկ Աղվանյանը «Հետքին» հայտնեց, որ ջրագծի խողովակների տեղադրման համար սոճիների պուրակի կենտրոնով անցնող ճանապարհի 200 մետր երկարությամբ հորանցք է փորվելու, որի աշխատանքները իրականացնելիս անկասկած կվնասվեն պուրակի աջ և ձախ կողմերի մոտ 150 սոճիների ձախակողմյան արմատները:

Սոճիների արմատները մակերեսային են: Եզեկ Աղվանյանի խոսքերով՝ նույն սոճիների աջակողյան արմատները վնասվել են ավելի վաղ՝ պուրակին հարող վարելահողերի սեփականաշնորհումից հետո:

«Սոճիների աջակողյան արմատները վնասվել են բնակարաններ կառուցելու պատճառով: Ձախակողյան արմատները վնասվելու դեպքում ծառերը քամիներից կընկնեն և կվնասեն բնակելի տները»,- ասում է Եզեկ Աղվանյանը:

Նա կարծում է, որ ջրագծի կառուցման համար «Հայջրմուղկոյուղին» կարող է ընտրել պուրակից 30 մետր ձախ ընկած թաղամասի մյուս ճանապարհը:

Սոճիները 1948 թ. տնկել է Օձունի կոլտնտեսությունը՝ գյուղի դաշտերը լեռնային հեղեղներից պաշտպանելու նպատակով: Այսօր 64-ամյա հսկա ծառերն իրենց գեղեցկությամբ ոչ միայն զարդարում են թաղամասը, այլև բնակիչներին պարգևում բուրմունք ու մաքուր օդ:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Օձունի թիվ 31 փողոցում կառուցվող մոտ 300 մետր երկարությամբ ջրագիծը լուծելու է թաղամասի թվով 15 ընտանիքի ջրամատակարարման խնդիրը: Ջրագծի 200 մետր խողովակաշարն անցնելու է սոճիների պուրակի կենտրոնով:

Թաղամասի բնակիչները ներկայում ապահովված են ջրով, սակայն Արթուր Կոլոլյանը համարում է, որ բնակիչների բնակարանների ջրամիացումները Ագարակի ջրագծից անհատական միացումներ են:

«Խողովակները տեղադրելիս էնենց կանենք, որ ծառերին չվնասենք: Հիմա ծա՞ռն է կարևոր, թե՞ խմելու ջուրը»,- ասում է տեղամասի պետը: Ապա հավելում է. «Մենք Օձունին տալիս ենք վայրկյանը 70 լիտր ջուր: Բայց ջրօգտագործման համար բնակիչներից գանձում ենք վայրկյանը 10 լիտր ջրի գումար: Վայրկյանը 60 լիտր ջուրը կորչում է: «Հայջրմուղը» հիմա էսքան ծախսերը կատարում է միայն այդ կորուստների համար: Ջրագծի կառուցման ծրագիրը նպատակաուղղված է նաև նրան, որ մարդիկ նորմալ ջրամատակարարում ստանան»:

Պատշաճ ջրամատակարարման խնդիրն արդյոք պե՞տք է լուծել սոճիները վնասելու հաշվին: Հարցին Արթուր Կոլոլյանը պատասխանում է. «Մենք «կալոդեցները» դնելու ենք գյուղացիների տներից հեռու, որ հսկիչը գնա ցուցմունքը նայի, ընդամենը բաժանորդին ասի օգտագործած ջրի քանակը և արժեքը»:

Նոր ջրագիծը նույնպես սնվելու է Ագարակի ջրագծից: Եվ եթե այս ջրագծից թիվ 31 փողոցի բնակիչներն անհատական ջրագծեր են անցկացրել իրենց բնակարաններ, ապա ո՞րն է նոր ջրագիծ կառուցելու իմաստը:

«Բնակիչները Ագարակի ջրագծից անհատական ջրագծեր են քաշել իրենց բնակարանները 1960-ական թվականներին: Մենք չգիտենք՝ բնակիչների քաշած ջրագծերի տակ ինչ է կատարվում:Բացի դրանից՝ գյուղը մեծացել է, հողամաս և տնամերձեր են բաժանել, հիմա այդ ջրագծերը անցնում են գյուղացիների սեփականությունը հանդիսացող այգիների միջով: Այգում ջրագիծը հանկարծ տրաքում է, մարդը գնում է, որ սարքի, հարևանը չի թողնում: Այդ պատճառով մենք կառուցում ենք նոր ջրագիծ»,- պատասխանում է տեղամասի պետը:

Այդուհանդերձ, Արթուր Կոլոլյանը խոստանում է ջրագծերի խողովակները տեղադրելիս ծառերի անխաթարության հարցը պահել իր ուշադրության կենտրոնում: «Աշխատանքների ընթացքում եթե մի սոճենու արմատ մենք կտրենք, ես չեմ թողնի, որ այնտեղ աշխատանքները շարունակվեն»,- ասում է նա:

Եզեկ Աղվանյանը, սակայն, իրատեսական չի համարում նրա խոստումը և ասում է, որ ջրագծի կառուցումը ամեն դեպքում վտանգելու է 150-ից ավելի սոճիների գոյությունը: «Այդ պատճառով էլ թաղամասի բնակիչներով թույլ չենք տալու «Հայջրմուղկոյուղուն» սկսել ջրագծի կառուցման աշխատանքները»,- ասում է նա:

Մեկնաբանություններ (1)

zohrab
let them run the pipeu will have water i assure you nothing will happen to the trees i know this its my job

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter