HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Արյունոտ փորձարկումներ կամ կրակից շագանակներ հանելու պահը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցն սկսվեց ու ավարտվեց հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած սադրիչ դիվերսիոն գործողություններով, որոնց հետևանքով զոհվեց Հայաստանի չորս զինծառայող, և ութ հոգի ստացավ հրազենային վնասվածքներ: Չնայած մեծ հաշվով Ադրբեջանը չշարունակեց սահմանի գրեթե ողջ երկայնքով ծավալած գործողությունների շղթան` հայկական զինված ուժերի առավել քան դաժան հակահարվածի պատճառով, սակայն այն փաստը, որ կրակի հարաբերական դադարեցումը տեղի ունեցավ գրեթե միանգամից, ցույց է տալիս, որ դա պլանավորված «թատերական» ներկայացում էր հենց տիկին Քլինթոնի համար:

Օրեր առաջ Տրապիզոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ սահմանային միջադեպերը տեղի են ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական հողերը դեռևս օկուպացված են: Մինչդեռ մինչ այդ Բաքուն պնդում էր, թե հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և դիմում սադրանանքների: Մամեդյարովն այդպիսով անուղղակի հաստատել է, որ դիվերսիոն գործողությունները իր երկրի կողմից պետականորեն կազմակերպված էին: Դրանք հետապնդում էին միանգամից մի քանի նպատակ:

Ռազմական

Դիվերսիոն ունակությունները ադրբեջանցի զինվորները ձեռք են բերում հատկապես թուրքական փորձի շնորհիվ` նրանց վերապատրաստման ուղարկելով Թուրքիա, ինչպես նաև այնտեղից համապատասխան մասնագետների և սպաների գործուղումների ու կազմակերպվող դասընթացների միջոցով: Սա համարվում էր Ադրբեջանի բանակի ամենաուժեղ կողմերից մեկը: Քլինթոնի այցը տարածաշրջան և դրված քարոզչական ու քաղաքական նպատակները հարմար առիթ էին՝ ստուգելու, թե որքանով են այդ որակներն ու հմտությունները ձեռք բերած զինծառայողները պատրաստ կատարել իրենց առջև դրվող խնդիրները հենց իրական հակառակորդի հետ շփման գծում:

Ադրբեջանցիներին նոր գործողությունների է դրդել ու ոգևորել ապրիլի լույս 27-ի գիշերը իրենց դիվերսիոն խմբի կողմից Տավուշի մարզի Այգեպար գյուղի հատվածում սահմանային գիծն աննկատ անցնելու, ճանապարհին ավտոմեքենայի վրա հարձակվելու, երեք հայ պայմանագրային զինծառայողի սպանելու և հանգիստ վերադառնալու փաստը: Եթե այդպես է, ապա ադրբեջանական կողմը լիարժեք վստահ է եղել, որ նաև այս գործողություններն են ունենալու նույն հաջողությունը, և Բաքուն այդ կերպ կարողանալու է թե հայկական կողմին և թե հատկապես միջազգային հանրությանը ցույց տալ, որ ունակ է ու պատրաստվում է ռազմական ճանապարհով գրավել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն ու Լեռնային Ղարաբաղը:

Եթե տակտիկական այս հնարքը հաջողվեր, ապա ակնհայտորեն միջազգային հանրության կողմից ճնշումները բանակցային գործընթացում հիմնականում ուղղվելու էին հենց հայկական կողմի դեմ: Սակայն հայկական զինուժի առավել քան համարժեք պատասխանը փաստացի ձախողեց այս պլանը և նույնիսկ աշխատեց հենց Ադրբեջանի դեմ, որովհետև դրա արդյունքում Բաքուն ակնհայտ դարձրեց, որ պատրաստ չէ լայնածավալ պատերազմի և ուժի դիրքերից հանդես գալու:

Չի կարելի բացառել, որ Բաքուն պարզապես թուրքական սադրանքի զոհը դարձավ: Պատահական չէ, որ Չինարիի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հարձակման պահին Ադրբեջանում էր գտնվում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն, ով ժամանել էր ոչ ավել ոչ պակաս` ծանոթանալու Ադրբեջանի զինված ուժերին: Սահմանային դիվերսիան հրահրելը հիանալի առիթ էր Քվըրքըօղլուին ցուցադրելու, թե ինչ արդյունքներ է տալիս Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ուսումնական, մեթոդական աջակցությունը, առհասարակ ռազմաստրատեգիական երկկողմ համագործակցությունը:

Քարոզչական

Սա ունի երեք հիմնական ուղղություն:

Ա. Այս դիվերսիաները կազմակերպելու ավելի հարմար առիթ Ադրբեջանը չէր ունենալու` միջազգային հանրությանը «գործով» ցույց տալու, որ չի պատրաստվում համակերպվել իր վզին խաղաղություն փաթաթելու և հակամարտությունը սառեցնելու, այլ կերպ ասած` առկա ստատուս քվոն առժամանակ պահելու իրողության հետ: ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և այդ երկրի պետքարտուղարն առաջին ձեռքից պետք է ստանար այս ուղերձը: Սակայն ռազմական գործողությունների դիմելու այս գործելաոճը Բաքվի համար ընդունելի է դառնում ոչ թե իրապես ուժեղ լինելու կամ իր ուժերի նկատմամբ գերվստահության պատճառով, այլ սպառազինման և սանձազերծած պատերազմի ու հայատյացության քարոզչության նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած լոյալության:

Մի կողմից դա պայմանավորված է նրանով, որ միջնորդները փորձում են պահպանել հավասարակշռությունը և անաչառության սկզբունքը: Սակայն մյուս, շատ ավելի ծանրակշիռ պատճառն այն է, որ Արևմուտքը Ադրբեջանին բացահայտորեն հռչակում է այս տարածաշրջանում իր ամենավստահելի ու շահեկան գործընկերը` պայմանավորված վերջինիս էներգետիկ ռեսուրսների գործոնով, և չի կարող անտեսել այս որոշիչ հանգամանքը: Արդյունքում մի կողմից միջազգային հանրությունը, պատերազմի վերսկսման կանխումը գերադասելով հակամարտության կարգավորումից, հանդես է գալիս փաստացի առկա ստատուս քվոն պահպանելու դիրքերից, իսկ մյուս կողմից Ադրբեջանին թույլ է տալիս չափի մեջ ընդդիմանալ դրան և մշտապես տաք պահել թեման:

Կիսապատերազմական վիճակն, այսպիսով, բանակցությունների փակուղային իրադրությունում միջազգային հանրության համար դառնում է պատերազմից խուսափելու միակ միջոցը, թեև միջնորդները ևս հասկանում են, որ սա սահմանային այնպիսի մի իրավիճակ է, երբ ինչ-որ պահի Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու դրդմամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվ Ադրբեջանը դիվերսիոն այս գործողություններով հենց այդ տպավորությունն է ստեղծում:

Բ. Վերջին դիվերսիոն գործողությունների մեծ մասը ադրբեջանցիներն իրականացրին Հայաստանի, այլ ոչ թե ԼՂ-ի հետ շփման գծում: Արդեն ամիսներ շարունակ այդ երկրի զինված ուժերի թիրախում է Տավուշի մարզը, որի մի քանի գյուղ՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի, Դովեղ և այլն, ինտենսիվ կրակի տակ են: Հենց սահմանի այս հատվածում են իրականացվել դիվերսիոն քիչ թե շատ հաջողված գործողությունները: Պատճառն իհարկե, այն է, որ Տավուշի մարզը, ի տարբերություն Հայաստանի սահմանամերձ այլ հատվածների, ավելի խոցելի է իր դիրքի ու հակառակորդի համար բաց տեսադաշտում գտնվելու պատճառով: Սակայն տվյալ դպքում էականն այն է, որ հարձակման են ենթարկվում Հայաստանի պաշտպանական դիրքերը, ինչով Ադրբեջանը հասկացնում է, որ հիմնախնդիրը Հայաստանի կողմից իր նկատմամբ տարածքային հավակնությունների ու դրանով պայմանավորված` «օկուպացված» տարածքները վերադարձնելու հետ է կապված:

Սա ԼՂ հիմնահարցի էությունը ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի հարթությունից դեպի Հայաստանի կողմից «բռնագրավված» իր տարածքները ետ վերադարձնելու հարթություն տեղափոխելու, այդպիսով հիմնահարցի էությունը նենգափոխելու հստակ նպատակ է հետապնդում: Եվ կամա թե ակամա, այս սադրանքի և մանիպուլյացիայի արդյունքում Հայաստանը սահուն կերպով բանակցող կողմից վերածվում է հակամարտող կողմի: Որպեսզի այս մտայնությունը չխորանա, Երևանին միայն մեկ բան է մնում. անընդհատ միջնորդ երկրներին կոչ անել վերսկսելու փակուղի մտած բանակցությունները` այլընտրանքային լուծումներ, առաջարկներ ներկայացնելու և քննարկելու պատրաստակամություն հայտնելով:

Գ. Գուցե պարադոքս թվա, բայց Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է սահմանային բախումների արդյունքում նորանոր զինվորներ կորցնել: Իր զինվորների կյանքի հաշվին ալիևյան վարչակարգը սեփական գոյությունը շարունակելու և արդարացնելու քարտ բլանշ է ստանում: Պատահական չէ, թերևս, որ Բաքվում ծայր առած ներքին խժդժությունները, բողոքի ակցիաներն ու բռնի տապալվող հանրահավաքները դադարեցին հենց վերջին սահմանային բախումների ընթացքում: Միշտ էլ հեշտ է, արտաքին թշնամու կերպարն անընդհատ թարմացնելով, դրսից եկող վտանգի իրական տպավորություն ստեղծելով, շեղել հանրության ուշադրությունը ներքին, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, սոցիալ-տնտեսական խնդիրներից ու դրանք կառավարելի դարձնել:

Իսկ երբ այդ ամենը «հիմնավորվում է» ճակատից զոհերի անընդհատ «հոսքով», ստեղծված արտաքին թշնամին շատ ավելի ատելի է դառնում, քան սեփական զավակների աճյունների վրա իշխանությունը պահպանելու քստմնելի ճանապարհը որդեգրած իշխանությունը: Թերևս դա էր պատճառը, որ մի կողմից Ադրբեջանը թույլ է տալիս սեփական ժողովրդին հայկական տեղեկատվական աղբյուրներից իմանալ, որ սահմանամերձ զորամասերում արձանագրվող մահվան դեպքերը ռազմական բախումների արդյունքում են եղել, իսկ մյուս կողմից միանգամից չի հրապարակում ունեցած զոհերի իրական թիվը` նախընտրելով «փուլ առ փուլ» տարբերակը, կիրառելով, այսպես կոչված, «դժբախտ պատահարների» սխեման:

Քաղաքական-դիվանագիտական

Քաղաքական առումով այս գործողությունների իրական թիրախը ոչ թե Հայաստանն էր, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Խնդիրը շատ պարզ է. առարկայական ձևով ցույց տալ, որ այն՝ որպես բանակցային ձևաչափ, վերջնականապես կորցրել է իր նշանակությունը և նպատակին այլևս չի ծառայում: Դրան նպաստում են հենց ՄԽ համանախագահները, որոնք Ռուսաստանի նախագահի ուղղակի միջնորդությամբ Աստանայի և Սոչիի եռակողմ հանդիպումներից հետո գործնականում ոչ մի քայլ, ոչ մի նոր առաջարկ չեն ներկայացրել ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար, թեև 2010թ. դեկտեմբերին Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահների բանակցության տապալման Բաքվի ժեստից հետո արդեն պարզ էր, որ մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ պահելու միջոց լինել:

Հենց այդ ժամանակ փոխվեց բանակցությունների բովանդակությունը, և հակամարտության կարգավորման նպատակը փոխարինվեց պատերազմից խուսափելու նպատակով, ինչը ծառայում էր բացառապես Ադրբեջանի շահերին: Որովհետև վերջինս հասկացավ, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը, անգամ խախտելով ԵԱՀԿ Հելիսնկյան եզրափակիչ ակտի ամենակարևոր սկզբունքներից մեկը` ուժի և ուժի սպառնալիքից խուսափելը, կարող է որպես շանտաժի միջոց կիրառել միջնորդների նկատմամբ, որպեսզի վերջիններս միակողմանիորեն զիջումներ պարտադրեն հայկական կողմին: Բանակցությունների տրամաբանության այս փոփոխության մեջ պատասխանատվության իր մասնաբաժինն ունի նաև Հայաստանը, որը ոչ միայն արդեն 2007-ի վերջերին ԼՂ-ին վերջնականապես դուրս մղեց բանակցությունների ձևաչափից, այլև 2008-ից հրաժարվեց, այսպես կոչված, «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևից ու սկսեց առաջնորդվել «տարածքներ՝ պատերազմից խուսափելու համար» նոր, անհեռանկարային մոտեցմամբ:

Մադրիդյան փաստաթղթի էությունը հենց դա էր. հանձնել տարածքները և դրա դիմաց չստանալԼՂ կարգավիճակի հստակեցման որևէ իրական ու աշխատող մեխանիզմ: Ավելի ուշ, իհարկե, Ադրբեջանի գերմաքսիմալիստական նկրտումների և ամեն ինչ ու միանգամից ստանալու նույնքան անհեռատես քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ ճողոպրել իր համար սկզբունքային այս նահանջի ճանապարհից, բայց դրա փոխարեն բանակցություններն արդեն մտան փակուղի` մեծացնելով միակ այլընտրանքի` պատերազմի վերսկսման հնարավորությունը:

Բոլոր դեպքերում Ադրբեջանն այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է Մինսկի խմբի ձևաչափը փոխելու և հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու մեջ, որտեղ գործում է որոշումներ կայացնելու պարզ մեծամասնության սկզբունքը, այլ ոչ թե կոնսենսուսի, ինչպես ԵԱՀԿ-ում: Սա, Թուրքիայի գործոնով պայմանավորված, էականորեն մեծացնում է ադրբեջանամետ բանաձևերի ընդունման և դրանք Հայաստանին պարտադրելու հնարավորությունները: Բաքուն դա փորձում է իրականացնել` օգտվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի ձեռք բերած կարգավիճակից ու հատկապես Թուրքիայի աջակցությունից: Պատահական չէ, որ ամեն հարմար առիթով Անկարան և Բաքուն առաջարկում են որպես միջանկյալ լուծում գոնե Թուրքիային ճանաչել միջնորդ կամ ՄԽ-ում որևէ երկիր փոխարինել հենց Թուրքիայով:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը համաձայնելու Թուրքիայի գրեթե ողջ նպատակը հենց այս ճակատում հաջողություն ունենալն էր, որը չաշխատեց: Առայժմ քաղաքական այս խնդիրը լուծել չի հաջողվում, որովհետև ՄԽ-ում ձեռք բերված լուռ փոխհամաձայնությամբ հիմա բոլոր կողմերին ձեռնտու չէ տարածաշրջանում նոր պատերազմի վերսկսումը: Այս ձևաչափի խախտումը կարող է փոխել հավասարակշռությունը և հանգեցնել ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ռուսաստանի համար անցանկալի հետևանքների:

Մյուս կողմից` թերևս հասկանալով, որ ոչինչ չանելով, միևնույնն է` վաղ թե ուշ ՄԽ-ի անարդյունավետության հարցը մտնելու է միջազգային քաղաքականության օրակարգ, միջնորդ երկրները հերթով ստանձնում են միջնորդական առաքելությունը` փորձելով, Մադրիդյան սկզբունքների տարբեր մոդիֆիկացիաներ շրջանառության մեջ դնելով, պահել բանակցային գոծընթացը որոշակի մակարդակի վրա: 2008-2011թթ այդ խնդիրը դրված էր Ռուսաստանի վրա: 2012-ի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի՝ հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցով կարծես էստաֆետը հանձնվում է Վաշինգտոնին:

Թերևս պատահական չէր, որ հենց Երևանում ու Բաքվում Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե նոր առաջարկներ են ներկայացվել կողմերին, որոնք քննարկվելու են հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Այնպես որ, առաջիկայում պետք է որ որոշակի զարգացումներ լինեն: Իսկ հունիսի 18-ին ընդառաջ հայկական սահմանապահ ուժերը շատ ավելի զգոն պետք է լինեն` հաշվի առնելով հենց նման առիթները դիվերսիոն նպատակներով օգտագործելու Ադրբեջանի սովորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter