HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ԵԱՀԿ նախագահի հետ խոսել են Ադրբեջանի կազմակերպած դիվերսիաների մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով պատվիրակության այցը տարածաշրջան, բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող կազմակերպության դերը: Պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարավորություն կտա էլ ավելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում խոսեց ԼՂ հակամարտության մասին՝ այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դեպքերը տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին: Վարդան Օսկանյանի կարծիքով՝ սա Ադրբեջանը հատուկ էր արել և որոշակի ուղերձ էր: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ցանկանում է ասել, որ ինքը «հիասթափված է» բանակցային գործընթացից և հարցն ուզում է լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ հիասթափությունը հենց իրենց պատճառով է. բանակցությունների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- ասաց պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և համամիտ լինելով նախորդ բանախոսի հետ, անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն անվտանգության, այլև ժողովրդավարացման գործում մեծ դերակատարություն ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ևս բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման գործում: Նա ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված խմբավորումների նախաձեռնած գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերով: Պատգամավորն անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ի մոտեցումները լինեն հստակ և կոնկրետ:

«Այն, ինչ ասում եմ այսօր Երևանում, ասելու եմ վաղը Բաքվում. Լեռնային Ղարաբաղի համակարտության ռազմական որևէ լուծում չի լինելու»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը: Նրա խոսքերով՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր առաքելությունն իրականացնելու և երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են:

ԵԱՀԿ նախագահի գնահատմամբ՝ պետք է վերջ դրվեն թե սահմանային միջադեպերին, թե դիպուկահարների գործողություններին: «Պետք է մեխանիզմներ գտնել այդ միջադեպերը հետաքննելու համար»,- ասաց ԵԱՀԿ նախագահը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը գերխնդիր է թե ԵԱՀԿ-ի և թե իր համար իր պաշտոնավարման տարիներին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter