HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես Անին կարող է դառնալ «հուշ» կամ «հիշողություն»

Չնայած անձրեւոտ եղանակին' Անիի ավերակներում այցելուներ կան' թուրք ուսանողներ, չեխ եւ հայ զբոսաշրջիկներ եւ այլ հյուրեր: Անիի ավերակները հետաքրքրում են զբոսաշրջիկներին: Փաստը չի թաքցնում Անիի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցը: Թուրքիայի կառավարությունը ցանկացողներին այլեւս չի արգելում մուտք գործել Անիի պարիսպներից ներս: Հասկացել են, որ տուրիզմի համար այս վայրը նույնպես հետաքրքիր է եւ հանել նախկին արգելքները:

 Անիի ավերակներ այցելող չեխ մոտոցիկլավար զբոսաշրջիկ Չենի Քերոլդին Անին շատ է դուր եկել, չնայած Անիի մասին քիչ տեղեկություններ ունի: Գիտեր, որ Անին հին քաղաք է, սակայն պատմությանը ծանոթացավ մուտքի ցուցանակից: Անիի ավերակներ տանող մուտքի մոտ տեղադրված ծանոթության ցուցանակն արդեն ուղղորդում է զբոսաշրջիկներին, թե ինչ նշանակություն է ունեցել Անին. «Անին, որը միջնադարի հնագույն քաղաքներից մեկն է, մի վայր է, որտեղ բախվում են մշակույթները»: Միայն թե «հայկական մշակույթ» բառակապակցությունը կամ «հայ» բառը այդ եւ ներսում տեղադրված մյուս ցուցանակներում չեն հիշատակվում:

Մուտքի ցուցանակը պատմում է, որ Անիի բնակիչներին պատկանող առաջին նշումները վերագրվում են նեոլիթյան դարաշրջանին, բայց նրա գոյությունը հասնում է նույնիսկ Քրիստոսի ծննդից առաջ:

 Ըստ ցուցանակի' Անիում առաջին ուսումնասիրությունները կատարել է ռուս հնագետ Ն. Մառը (1893-94, 1904-17 թթ.), թուրքական պետության ստեղծումից հետո պեղումներ իրականացրել են թուրք 2 գիտնականներ: 2006-ից ուսումնասիրությունները եւ պեղումները կատարում է պրոֆեսոր Յասար Չորուհլուն:

Ցուցանակի վրա Անիի կառուցվածքի կամ կառույցների պատկանելության մասին նշումները վերագրվում են թագավորների, ասենք' Աշոտ թագավորին (961-977 թթ.), Սմբատ Բագրատունուն (977-989 թթ.), բայց չի նշվում, թե որ երկրի թագավորներ են եղել նրանք: Բոլորովին անտեսված է նաեւ Անիի' Հայոց մայրաքաղաք հռչակվելու փաստը: Փոխարենը տեղ են գտել տեղեկություններ, որ Անիում բազմաթիվ կրոնական կառույցներ են եղել, որոնք բնութագրում են տարբեր ճարտարապետություններ եւ կրոններ, դրանց ներկայությունը պատմական քաղաքում, ինչպես նաեւ սոցիալական ծառայության տարբեր տների գործունեությունը' առեւտրի կենտրոններ, թուրքական բաղնիքներ եւ մեծ հյուրատներ:

Ցուցանակը թուրքերեն եւ անգլերեն է: Չեխ զբոսաշրջիկը նկարեց այն, որպեսզի իր երեխաներին ցույց տա, նրանց հետ ուսումնասիրի եւ նրանց էլ փոխանցի Անիի պատմությունը, բնականաբար այն պատմությունը, որը ներկայացված է Անիի ավերակների ցուցանակների վրա:

 Բացի նրանից, որ Անին առեւտրային խաչմերուկ է եղել Չինաստանից, Բյուզանդիայից, Կիլիկիայից, Եգիպտոսից եւ Պարսկաստանից բերվող ապրանքների համար, այն հայտնի է եղել իր ճարտարապետական կառույցներով ու եկեղեցիներով: Դրա համար էլ Անին նաեւ անվանել են «1001 եկեղեցիների քաղաք»: Միայն պալատական համալիրը ներառում էր 7 եկեղեցի, հայտնի են Անիի Առաքելոցը, Սբ. Փրկիչը, Տիգրան Հոնեցու, Մանուչեի եկեղեցիները եւ, իհարկե, Մայր Տաճարը:

Տիգրան Հոնեցու եկեղեցին թեպետ մասնակի վերանորոգվել է, բայց գմբեթն այդպես էլ չի վերականգնվել: Այս եկեղեցին վերագրվում է վրացիներին, ցուցանակն էլ վկայում է, որ Տիգրան Հոնեցու նախաձեռնությամբ է այն կառուցվել, երբ Անիում վրացիներն են գերիշխել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, սակայն, համոզված է, որ Տիգրան Հոնեցու եկեղեցին պատկանել է հայ քաղկեդոնական համայնքին:

Չնայած Թուրքիայի մշակույթի նախարարության ջանքերին' տեղացիները գիտեն, որ Անին հայկական է եղել: Ազգությամբ քուրդ Ալի Իհսան Ալընաքը լրագրությամբ է զբաղվում, մասնագիտությամբ ճարտարապետ է եւ ղեկավարում է Թուրքիայի Կովկասյան մշակույթների հետազոտական ինստիտուտը: Նրան հանդիպեցինք Կարսում:

 Ալի Իհսան Ալընաքը հայկականության բացակայությունը ցուցանակների մակագրություններում բացատրում է Թուրքիայի քաղաքական դիրքորոշմամբ' հայերի եւ հայկական ժառանգության նկատմամբ տարիներ շարունակ վարած մերժողական քաղաքականությամբ: Թուրքիայի կառավարությունը չի ուզում իր անցյալի հետ առնչվել, հատկապես այն հատվածի, որը վերաբերում է հայերին ու 1915-ի Ցեղասպանությանը:

Ճարտարապետը նկատել է, որ վերջին երկու տարում Անիի թուրքականացման քաղաքականության միտումն առավել ակնհայտ է դարձել, ինչն արտահայտվում է նույնիսկ քաղաքի անվանման թուրքականացմամբ. Թուրքիայի մշակույթի նախարարությունը սկսել է Անին անվանել Անը' փորձ անելով հեռացնել այն հայկական անվանումից: «Անը» բառը թուրքերեն է եւ նշանակում է «հուշ», «հիշատակ» կամ «հիշողություն»: Նպատակը միակն է' ցույց տալ, որ Անին ոչ թե հայկական ժառանգության մասնիկ է, այլ թուրքական:

Այդուհանդերձ, ճարտարապետը կարծում է, որ ինչքան էլ Թուրքիայի մշակույթի նախարարությունը ջանա Անին թրքականացնել' անվանելով «Անը», Անի անվանումը հայկականության եւ հայկական ժառանգության խորհրդանիշն է ամբողջ աշխարհում:

 Ավերակներում առանց գմբեթի պահպանվել է նաեւ Մայր Տաճարը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ Թուրքիայի կառավարությունը նախատեսում է վերականգնել Անիի Մայր Տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին: Այդ մասին հայտարարել էր անձամբ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայը: Իսկ Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի հետ աշխատանքը համակարգում է «Անադոլու քուլթուր» հասարակական մշակութային կազմակերպությունը, որի ղեկավար Օսման Քավալայը հայտնել է, որ վերականգնողական աշխատանքները նախատեսում են սկսել 2012 թ. սկզբին, իսկ 4 տարի անց' ավարտել:

 «Հազարամյակի զարգացման նպատակներ» հիմնադրամի ներկայացուցիչ Իհսան Կարայազին ավելի լավատես է: Չնայած հիշում է, որ մինչեւ 2004 թվականը Անին ռազմական փակ տարածք էր համարվում, ոչ ոք ոչինչ չի իմացել Անիի մասին եւ չի կարողացել անգամ մուտք գործել այնտեղ, այժմ այն դառնում է ավելի հասանելի, նույնիսկ միջազգային փորձագետների, այդ թվում նաեւ հայերի, ռուսների եւ այլոց համար: Նրանք գալիս են Անի' ուսումնասիրություններ կատարելու: Նմանատիպ միջազգային խումբ այցելել է վերջերս: «Սա նշանակում է, որ մենք կունենանք տարբեր ուսումնասիրություններ Անիի վերաբերյալ: Եվ ես տեսնում եմ հայերի ներկայության փաստի նկատմամբ որոշ հանդուրժողականության դրսեւորումներ նախարարության կողմից»,- ասում է Ի. Կարայազին եւ հիշեցնում վերանորոգման նախագծերն Անիում:

Ճարտարապետն էլ կարծում է, որ Անիում հայկական մշակութային արժեքների պատկանելության ճանաչման խնդիրը կարող է լուծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում: Սակայն այդ ամենը չի լինի: Ալի Իհսանը նաեւ չի հավատում Թուրքիայի' Անիի հուշարձանների վերանորոգման խոստումներին եւ կարծում է, որ դրանք Թուրքիայի վրա արտաքին աշխարհի գործադրած ճնշումների արդյունք են, որը Թուրքիան ընդամենը ձեւականորեն է ընդունել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter