HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«CPS»-ը մինչեւ 2013-ը իրավունք չունի մասնակցել պետգնումների մրցույթներին, բայց արդյո՞ք այդպես է

Ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայքում տեղադրված է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը»: Այն հրապարակվում է 2005 թ. հունվարի 1-ից՝ «Գնումների մասին» օրենքի համաձայն:

Ներկայումս առկա ցուցակում ներառված է 17 ընկերություն, որոնք 3 տարով զրկված են պետության կողմից իրականացվող գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից: Եղածներից ամենահետաքրքիրը, թերեւս, «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվն է, որը հայտնի է բենզինի եւ դիզվառելիքի շուկայում գործող «CPS» ապրանքանիշով:

Ի թիվս մյուս ընկերությունների՝ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ն էլ «սեւ ցուցակում» հայտնվել է այն պատճառով, որ 2010 թ. գարնանը խախտել է երկու պետական կառավարման հիմնարկների հետ կնքված պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները: Պետական գնումների գործակալությունն էլ դիմել է ֆինանսների նախարարությանը, որը ԱԿ-ի անունը 3 տարով գրանցել է «սեւ ցուցակում»: Այսպիսով՝ վերջինս մինչեւ 2013-ի գարուն չի կարող մասնակցել պետգնումների գործընթացին: Բայց արդյո՞ք այդպես է:     

Կոոպերատիվի՝ «սեւ ցուցակ» ընկնելը հետաքրքիր է նրանով, որ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը վառելիքի շուկայում գործող խոշոր խաղացողներից է, եւ առաջին անգամ չէ, որ հայտնվում է տհաճ իրավիճակում:

2009-ի հունիսին ՀՀ տնտեսական հանձնաժողովի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել բենզինի շուկայում: Պարզվել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը բարձրացրել էր գները: Սակայն կոոպերատիվը ՏՄՊՊՀ-ին հայտնել էր, թե ինքը 2009-ի ապրիլի 1-ից այլեւս չի զբաղվում բենզինի ու դիզվառելիքի ներկրմամբ. դա իրականացնում է նոր ընկերություն՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն: Հանձնաժողովն էլ հետագայում՝ 2009-ի օգոստոսին, պարզել էր, որ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը զբաղվում է միայն վառելիքի մեծածախ իրացմամբ, իսկ մանրածախով, որտեղ գրանցվել էր գնաճ, զբաղվում է նորաստեղծ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, որը գերիշխողների ռեեստրում գրանցված չէր: ՏՄՊՊՀ-ն պարզել էր նաեւ, որ «2009-ի ապրիլի 1-ից փոխվել է դրանցից մեկի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, հետեւաբար այդ երկու ընկերությունները, ըստ օրենսդրության, չեն հանդիսանում անձանց խումբ: Այդպիսով, ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել»:

Հենց այս հանգամանքն է, որ առավել հետաքրքիր է: Այո, դե յուրե սրանք տարբեր ընկերություններ են: «Քաղ Պետրոլ Սերվիս» ԱԿ-ն իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է 1995-ին, հիմնադիրները երեքն են՝ Աշոտ Սալազարյան (կոոպերատիվի նախագահ), Արա Հովհաննիսյան (փոխնախագահ), Նոնա Սարգսյան: «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն էլ գրանցվել է 2008-ին: Որպես հիմնադիր նշված է քաղաքացի Արթուր Դանիելյանի անունը, որը նաեւ ընկերության տնօրենն է: Սակայն երկուսն էլ գործում են նույն հասցեում՝ Պուշկինի 1, մանրածախ իրացումն էլ, որով, ըստ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի եւ ՏՄՊՊՀ-ի հայտարարությունների, զբաղվել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, իրականացվել է «CPS» («Քաղ Պետրոլ Սերվիս») ապրանքանիշով: Եվ այսօր էլ պատկերը նույնն է: Միանգամայն հասկանալի է նաեւ այն, որ մամուլում այս ընկերությունները շփոթվում են իրար հետ՝ ընկալվելով նույնը:

Ստացվել է հետեւյալը. պետությունը «սեւ ցուցակ» է ընդգրկել վառելիքի շուկայում հայտնի ընկերություններից մեկին, որը մինչեւ 2013-ը իրավունք չունի մասնակցել գնումների գործընթացին: Սակայն ներկայումս նույն գործընթացին մասնակցում է դե յուրե այլ, սակայն դե ֆակտո նույն կազմակերպությունը:

Եթե 2009-ի օգոստոսի դրությամբ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը չէր համարվում գերիշխող, ապա մի քանի ամիս հետո պատկերը լրիվ այլ էր: 2009-ի երկրորդ կիսամյակի տվյալներով կատարված ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ բենզինի շուկայում գործող ընկերությունների առաջին եռյակն այսպիսի տեսք ունի՝ «Ֆլեշ» ՍՊԸ (42,62 տոկոս), «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ (41,76 տոկոս), «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ (9,5 տոկոս): Հանձնաժողովի որոշմամբ` գերիշխողների գրանցամատյանում հաշվառվել էին առաջին երկուսը: Դիզվառելիքի շուկայում էլ այս երկու ընկերությունն են եղել գերիշխող` «Ֆլեշ» (47,3 տոկոս), «Սիթի Պետրոլ Գրուպ» (40,8 տոկոս):

Այս տարվա մարտի 14-ին ՏՄՊՊՀ-ն հրապարակեց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի դեմ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Պարզվել էր, որ ընկերությունը չարաշահել է իր գերիշխող դիրքը: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ դա արել էր այսպես. իր մեծածախ բազաների վառելիքն ավելի փոքր տնտեսվարողներին վաճառել է այն գնով, ինչ գնով ինքն իրականացնում է մանրածախ վաճառք իրեն պատկանող բենզալցակայաններում: Փոքր ընկերություններն էլ հայտնվել են փակուղու առաջ, որովհետեւ չէին կարող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից գնած բենզինը վաճառել ավելի թանկ, քան այն գինը, որով առել էին: Ասել է թե՝ նույն այն գինը, որով մանրածախ սպասարկում է կատարում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Հատկապես վատ վիճակում են հայտնվել մարզերի տնտեսվարողները, որովհետեւ մեծածախ բազաներ շատ շրջաններում ունի միայն այս ընկերությունը: Օգտվելով առիթից՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել է փոքր ընկերություններին, որոնց տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են ՍՊԸ-ին կամ նրա հետ կնքել են համատեղ օգտագործման ոչ շահավետ պայմանագիր:

««Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն է ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաև խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է»,- հայտարարել էր ՏՄՊՊՀ-ն եւ ընկերության դեմ կիրառել 100 մլն դրամ տուգանք:  

Հ.Գ. «Հետքն» առաջիկայում կներկայացնի վառելիքի ոլորտում պետական գնումների մասնակիցներին եւ հաղթողներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter