Լյովը հույների հետ խաղը համեմատում է քար կրծելու հետ
Գերմանիային 1-2 հաշվով պարտվելուց եւ «Եվրո-2012»-ը լքելուց հետո Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը դժգոհել է բախտից: «Եթե ուզում ես այսպիսի մակարդակի թիմի հաղթել, պետք է բախտ ունենաս, սակայն Պոուլսենը երկրորդ կեսում խփեց դարպասաձողին: 1-1 հաշվով ոչ-ոքին լավ արդյունք կլիներ: Եթե ռիսկի ես դիմում նման դինամիկ ու արագ թիմի դեմ խաղում, նա քեզ կպատժի»,- ասել է դանիացին:
Վերջինս չի կասկածում, որ իր թիմն ապագա ունի: «Այսօր շատ էինք կորցնում գնդակը ու ընդհանրապես հոգնած տեսք ունեինք: Իմ շնորհավորանքները խաղացողներին, որոնք հիանալի անցկացրին մրցաշարը. արդյունքում մեր ճակատագիրը որոշեցին փոքր դետալները: Նայեք Գերմանիային՝ նրանց գրեթե բոլոր խաղացողները կլոր տարին հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Սակայն կարծում եմ՝ մեր որոշ տղաներ այսօր ցույց տվեցին, որ կարող են նրանց հետ հավասարի պես խաղալ: Մեզ դիմակայում էր ֆանտաստիկ թիմ: Չեզոք հանդիսատեսին նրանց հետեւելը պետք է բավականություն պարգեւի»,- եզրափակել է Օլսենը:
Յոահիմ Լյովն էլ խոստովանել է, որ խաղը, ինչպես եւ սպասվում էր, դժվար էր: Ըստ գերմանացու՝ 3-4 տարի առաջ իր թիմը նման խաղում չէր հաղթի: Լյովն առանձնացրել է դանիացիների հանգիստ խաղը, պաշտպանությունը եւ «խայթոցի» նման հակագրոհները, ինչպես նաեւ փոխանցումների որակը: «Ինձ չէր թվում, թե նրանք ցանկանում են հաղթել, կարծում էի՝ ուզում էին պահել հավասար հաշիվը եւ իրենց շանսը փնտրում էին ստանդարտ դիրքերի ժամանակ»,- կարծիք է հայտնել մասնագետը:
Ըստ Լյովի՝ ինքը գիտեր, որ կարող են բաց թողնել, բայց եւ համոզված էր, որ խփելու են երկրորդ գոլը: Մարզիչը շեշտել է, որ թիմը դեռ աճելու տեղ ունի: Գերմանացու կարծիքով՝ ֆուտբոլիստները պետք է ավելի շատ ճնշեն մրցակցին ու զրկեն ազատ տարածություններից, որպեսզի նրան չթողնեն գցել խաղի տեմպը: Այդպես պետք է արվի Հունաստանի հետ խաղում, որը, ըստ Լյովի, խաղում է Դանիայի ոճով: «Կարծում եմ՝ մրցաշարի ընթացքում հույները 3-4 պահ են ունեցել եւ 3 գոլ են խփել: Նրանք արդյունավետ ֆուտբոլի վարպետներ են: Հիանալի են խաղում թիկունքում, լավ են գործում մենապայքարներում: Դա քար կրծելու փորձի պես բան կլինի»,- եզրափակել է գերմանացի մարզիչը:
Լուս.՝ Յոահիմ Լյով (AFP/Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել