HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գենփոփոխված սնունդ. այդքան վտանգավո՞ր է, որքան ներկայացվում է

Հայաստան ներմուծվող գենփոփոխված սննդի վտանգի գնահատումը

Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխված ապրանքների (ԳՓԱ) և նրանց վնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրամիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ-ից ներմուծվող ԳՓԱ-ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն և իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների և նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական արտադրող պետություններն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, իսկ հիմնական ներկրողները` ԱՄՆ, Եվրամիությունը, Ռուսաստանը: 2000 թ.-ից սկսած, 13 պետություններ իրականացնում են ԳՓԱ-ների արտադրություն, որը կազմում է նրանց ընդհանուր արտադրության 68 %-ը:

Ինֆորմացիոն աղբյուրներում բերված իրարամերժ տեղեկատվությունը բնակչության մեջ ձևավորել է խուճապային մթնոլորտ, որն, ավելի շուտ, ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության և ապատեղեկացվածության արդյունք է, քան հակառակը:

Ի՞նչ են ԳՓԱ-ները, արդյոք նրանք վտանգավոր են մարդու առողջության և էկոլոգիայի համար:

Քաղաքակրթությունների զարգացումն ընթանում է գլոբալացման ուղով` առաջացնելով նաեւ նորանոր խնդիրներ: Երկրագնդի բնակչության թիվն արդեն 7 միլիարդ է և առաջիկա 50 տարում այն կկրկնապատկվի: Առաջնային խնդիր է դառնում բնակչությանը սննդով ապահովելու հարցը: Ծառացած խնդրի լուծման համար կարևոր և հեռանկարային են գիտական` կենսատեխնոլոգիական, ուղղությունների կատարելագործումը, հատկապես գենային ինժեներիայի զարգացումը:

Շնորհիվ գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի, վերջին 100-ամյակի ընթացքում մարդու կերակրացանկը կտրուկ փոխվել է: Փաստացի, հասարակության ուրբանիզացված մասի արդեն 3-4-րդ սերունդը սնվում է ոչ այն սննդով, որով սնվում էին 1000-ամյակներ շարունակ: Գյուղապրանքները, մինչև սպառողին հասնելը, անցնում են մի շարք արտադրական վերամշակումներ, հավելվում են քիմիական արդյունաբերության մի շարք պրոդուկտներով (գունանյութեր, կոնսերվանտեր, համային ուժեղացուցիչներ և այլն), որոնց նպատակն է լավացնել ապրանքատեսակի համային չափանիշները և երկարացնել պահպանման ժամկետը: Քիմիական վերամշակման ճանապարհով փայտից ստանում են էթիլ սպիրտ, սննդային արժեք չունեցող ճարպերից (նավթից ևս)` մարգարին, իսկ երշիկեղենը պատրաստվում է սոյայի, օսլայի, ցելյուլոզի և գունանյութերի համակցությամբ:

Սննդատեսակների պահածոյացման և ժամկետի երկարացման համար կիրառվում են կոնսերվանտներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար (ունեն ուռուցք առաջացնող և հակաբակտերյալ հատկություններ - առաջացնում են դիսբակտերիոզ): ԳՓԱ-ները մոդայի վերջին ճիչն են և սննդային այսբերգի միայն տեսանելի մասը, դրա համար էլ դառձել են տեղեկատվության ամենաքննարկվող խնդիրը, իսկ մնացածը «մանրուքներ են»:

Գենետիկորեն փոփոխված ապրանքները հնարավորություն են տալիս մարդկության առջև ծառացած խնդիրների մի ստվար հատվածի լուծման, որը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատողներ: Կողմնակիցների շարքերում են ԳՓԱ արտադրողները, արտադրող և արտահանողպետությունները, կենսատեխնոլոգները և գենետիկները (հատկապես ԳՓԱ-ների հետ աշխատող մասնագետները), իսկ քննադատողները` բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք մրցակցային առումով տուժում են, բժիշկների և էկոլոգների որոշ շրջանակներ, կրոնական կազմակերպություններ, որոնք խստիվ դեմ են «աստծո գործերում» մարդու խառնվելուն: Էկոլոգները մատնանշում են, որ ԳՓ-բույսերը կարող են փոխել երկրագնդի էկոլոգիական պատկերը, սակայն մարդկությունն արդեն իր գոյությամբ և գործունէությամբ փոխել է այն, և սա ընդամենը կաթիլ է տակառի մեջ: Մասանավորապես, մատնանշվում է ԳՓ-եգիպտացորենը, որն ընդունակ է սպանելու վնասատու միջատներին, միաժամանակ սպանում է նաև օգտակար միջատներին, մեղուներին: ԳՓ-բույսերը կարող են խաչասերվել իրենց վայրի ազգակիցների հետ և փոխանցել փոփոխված հատկանիշները նրանց: Նկատվել են ալերգիաների դեպքեր ԳՓԱ-ների նկատմամբ, օրինակ ԳՓ-գետնանուշից (արախիս) և պոմիդորից:

Բայց հիմնական շեշտը դրվում է գենետիկական վտանգի վրա: Ենթադրվում է, որ տրանսգենային ապրանքների մեջ ներդրված օտարածին գեները մարդու մարսողական համակարգով կարող են փոխանցվել մարդուն, և մարդը կենթարկվի մուտացիայի` կվտանգվի մարդկային գենոֆոնդը:

Արդյոք այս ամենը ռեալ է, ո՞րն է այս իրարամերժ տեղեկատվության մեջ ճշմարիտը, ի՞նչ են իրենցից ներկայացնում ԳՓԱ-ները և ինչո՞վ են սպառնում մարդկությանը:

Գենետիկորեն փոփոխված ապրանքներ (ԳՓԱ) տերմինը օգտագործվում է լաբորատոր պայմաններում գենետիկական փոփոխությունների ենթարկված օրգանիզմները մատնանշելու համար: Գենային ինժեներիայի ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անմիջականորեն արագ և ուղղորդված կերպով իրականացնել գենետիկական փոփոխություններ: Գենետիկական փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ապրանքի որակը, բարձրացնելու սննդային արժեքը, ուժեղացնելու օրգանիզմների կայունությունը անբարենպաստ պայմանների ու վնասատուների նկատմամբ, օժտելու նոր օգտակար հատկանիշերով և այլն: Նախկինում նույն նպատակներին հասնելու համար կիրառվում էին մուտագենեզի, սելեկցիայի և կենսատեխնոլոգիական այլ մեթոդներ, որոնք ավելի ժամանակատար էին և պատահական բնույթ էին կրում:

Գենային ինժեներիայի ժամանակակից մեթոդներից է մոլեկուլային կլոնավորման մեթոդը, որտեղ օգտագործվում են պլազմիդներ, վիրուսներ (ֆագեր), տրանսպոզոններ` որպես օտարածին ԴՆԹ-ի տեղափոխիչներ (վեկտոր) թիրախ հանդիսացող օրգանիզմի ԴՆԹ -ի կազմի մեջ ներմուծելու նպատակով:

Պլազմիդներ: Բակտերիաներում, բացի հիմնական` ժառանգական ԴՆԹ-ից, կարող են պարունակվել ոչ քրոմոսոմային ԴՆԹ-ի օղակաձև հատվածներ, որոնք ընդունակ են ներգրավվել քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին: Պլազմիդները կարող են փոխանակվել մոտ ազգակից բակտերիաների միջև` փոխանցելով իրենց մեջ պարունակվող գենետիկական ինֆորմացիան:

Վիրուսներ և ֆագեր: Ցանկացած օրգանիզմ բնության մեջ ունի իրեն առանձնահատուկ վիրուսների տեսականի, որոնց նկատմամբ ընկալունակ կարող են լինել նաև նրան մոտ ազգակից տեսակները: Վիրուսային ԴՆԹ-ն կարող է ներառվել թիրախ հանդիսացող օրգանիզմի քրոմոսոմային ԴՆԹ-ի կազմի մեջ (պրովիրուս, պրոֆագ) և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին:

Տրանսպոզոններ: Սա ԴՆԹ-ի շղթայի հաջորդականություն է, որը կարող է խցկվել (ներառվել) գենոմի զանազան մասերում, միառժամանակ անց կարող են դուրս գալ և ներառվել գենոմի այլ հատվածում կամ այլ քրոմոսոմի մեջ («թռչկոտել»): Տրանսպոզոնները, ի տարբերություն մյուսների, չափերով շատ փոքր են:

Նշված ԴՆԹ-ի հատվածների տարատեսակների ներգրավվելը հիմնական` քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ կոչվում է ռեկոմբինացիա (սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա): Ռեկոմբինացիայի ժամանակ ներգրավվող ԴՆԹ-ի հատվածը կորցնելով ինքնուրույնությունը անցնում է քրոմոսոմային ԴՆԹ-ի ենթակայության տակ (վիրուսի դեպքում կարող է տեղի ունենալ նաև հակառակը` քրոմոսոմային ԴՆԹ-ն կարող է կորցնել ինքնուրույնությունը):

Մոլեկուլային կլոնավորման նպատակով սինթեզվում կամ այլ օրգանիզմից ստանում են անհրաժեշտ գենետիկական ինֆորմացիա կրող ԴՆԹ-ի հատված: Այն ներմուծում են պլազմիդի, վիրուսի կամ տրանսպոզոնի կազմի մեջ, ստանալով հիբրիդային մոլեկուլ` կրող (վեկտոր): Կրողը ներմուծվում է թիրախ հանդիսացող բջջի մեջ, և եթե տեղի է ունենում գեների ռեկոմբինացիա` տրանսֆորմացիա (փոխանցում), ապա այս, հիբրիդային ԴՆԹ պարունակող, բջջի սերունդը լինում է միասեռ և հանդիսանում է կլոն: Կլոնը կրում է ծնողական բջջի բոլոր հատկանիշները գումարած ներմուծված ԴՆԹ-ի գենետիկական հատկանիշները, որը և պահանջվում էր ստանալ:

Ինչպես արդեն նշվել էր, ԳՓԱ-ների հակառակորդները շեշտում են ռեկոմբինացված գեների (վեկտորների) վտանգավորության մասին: Կենսաբանական և կենսաքիմիական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ սա անհիմն առասպել է: Մարդը սնվում է կենդանական ծագում ունեցող սննդով, որի բջիջների պարտադիր բաղադրիչն են քրոմոսոմային ԴՆԹ-ն, ռիբոսոմային ԴՆԹ-ն, պլազմիդները և տրանսպոզոնները: ԴՆԹ-ն, սննդի միջոցով անցնելով մարդու աղեստամոքսային համակարգ, թթվի և ֆերմենտների ազդեցությամբ շատ արագ քայքայվում է մինչև մոնոնուկլեոտիդների (փոքր մոլեկուլային միավորների), որից հետո միայն կարող է մարսվել` թափանցել աղիների լորձաթաղանթի բջջապատի միջով: ԴՆԹ-ի նույնիսկ ամենափոքր շղթաները (3-4 նուկլեոտիդ) անկարող են ներթափանցել աղիներով, հետևաբար գենային վարակման այս ուղին բացառվում է: Բացի դրանից, պլազմիդների և վիրուսների կառուցվածքն այնպիսին է, որ նրանք կարող են փոխանցվել և ներազդել միայն մոտ ազգակից տեսակների միջև: Հետևաբար, նույնիսկ մարդու արյան մեջ նրանց թափանցումը վտանգ չի կարող հանդիսանալ. բուսական և բակտերիալ ծագում ունեցող վեկտորների ռեկոմբինացիան մարդկային քրոմոսոմների հետ բացառվում է:

Ալլերգիաների առումով ցանկացած սննդատեսակի նկատմամբ կգտնվեն մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է և չի բացառվում, որ ԳՓԱ-ների նկատմամբ որոշ մարդկանց կամ մեծամասնության մոտ կարող են լինել ալլերգիկ ռեակցիաներ: Հետևաբար պետք է նախապես տարվեն բժշկական համապատասխան հետազոտություններ, մինչև ԳՓԱ-ի շուկա հանելը:

Մոլեկուլային կլոնավորման մեթոդը լայն կիրառություն է ստացել միկրոբիոլոգիայում: Եթե բակտերիալ բջջի նկատմամբ իրականացվում է օտարածին ԴՆԹ-ի էքսպրեսիա (ներմուծում), դա թույլ է տալիս միկրոբիոլոգիական ճանապարհով ստանալ բակտերիաներին ոչ հատկանշական միացություններ, օրինակ մարդկային հորմոններ և ֆերմենտներ: Պանրագործության մեջ օգտագործվող հորթի ռենին ֆերմենտի գենը մտցվել է բակտերիայի մեջ, և հիմա ռենինը ստացվում է արդյունաբերական եղանակով: Դեղարդյունաբերության մեջ լայն տարածում են ստացել հակաբիոտիկների, ամինաթթուների, մարդկային հորմոնների և ինսուլինի արդյունաբերական ճանապարհով ստացման եղանակները: Մասնավորապես, շաքարախտի բուժման նպատակով նախկինում օգտագործվող տավարիկամ խոզի լյարդից ստացված ինսուլինի փոխարեն, ներկայումս ամբողջապես օգտագործվումէ բակտերիաներից ստացված մարդկային ինսուլինը, որի գենը ներմուծվել է մոլեկուլային կլոնավորման մեթոդով:

Մոլեկուլային կլոնավորման մեթոդի օգնությամբ ստացվել են բանջարաբոստանային և պտղատու ԳՓ -կուլտուրաներ, որոնք բնօրինակի համեմատ օժտված են մի շարք առավելություններով: Մեթոդը թույլ է տալիս մի բույսի հատկանիշները տեղափոխել մեկ այլ կուլտուրայի մեջ, բակտերիաների կամ կենդանիների գեները պատվաստել բույսերին: Նշենք մի շարք օրինակներ.

- կարտոֆիլի վնասատու կոլորադյան բզեզը չունի ոչ մի բնական թշնամի, նրա վրա չեն ազդում թունաքիմիկատները և պայքարի մյուս միջոցները: Ստացվել է ԳՓ-կարտոֆիլ, որի մեջ մտցվել է բակտերիաներից վերցվաժ խիտին քայքայող ֆերմենտի գենը (խիտինը միջատների կմախքի հիմնական բաղադրիչնէ): Միջատը սնվելով ԳՓ -կարտոֆիլի տերևներով իսկույն սատկում է, մինչդեռ մարդու և ողնաշարավոր կենդանիների համար այն անվնաս է:

- նույն կերպ ԳՓ-եգիպտացորենի մեջ մտցվել է Bacillus thuringiensis բակտերիայի ինսեկտիցիդ (միջատասպան) արտադրող գենը;

- ստեղծվել են ԳՓ-կուլտորաներ, որոնք կայուն են վիրուսների, սնկերի, բակտերիաների նկատմամբ, ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն են, ունեն բարձր բերքատվություն և որակային բարձր հատկանիշներ;

- ԳՓ-պոմիդորը կարելի է 15 C-ում պահել խակ վիճակում 6 ամիս շարունակ, բարձր ջերմաստիճանում այն արագ հասունանում, կարմրում է և ստանում շուկայական տեսք` երկարում է պահպանման ու տեղափոխման ժամկետը;

- ստեղծվել են ԳՓ-ծառեր, որոնք ոչնչացնում են արդյունաբերական թափոնները և հողը մաքրում են ծանր մետաղներից;

- ԳՓ-բրինձը, սոյան, կարտոֆիլը լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սոյայի կաթ, երշիկեղեն, վիտամինացված բրնձի հաց, չիփսեր և այլն:

Կենդանիներից ստացվել են ԳՓ-ձկնատեսակներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում և չեն օգտագործվում: Գյուղատնտեսական կենդանիների ԳՓ տեսակներ դեռևս չկան` պայմանավորված գիտության ներկայիս մակարդակով, բայց սննդի շուկայի ապագան ԳՓ-մսամթերքներինն է: Հեռանկարում` ԳՓ գյուղատնտեսական կենդանիները կարող են օժտվել հիվանդությունների նկատմամբ կայուն իմունիտետով, աճի արագությամբ և բարձր մթերատվությամբ (պայմանավորված աճի հորմոնների գեներով):

Մի բան ակնհայտ է, ԳՓԱ -ները արդեն մեր առօրյա սննդի մասն են, և մենք չենք կարող հսկել և կանխարգելել նրա օգտագործումը: Հայաստանի (և ոչ միայն) օրենսդրության մեջ չկան ԳՓԱ-ների արտադրությունը, իրացումը և ներմուծումը կարգավորող օրենքներ, չկան կանոններ և չափանշվածք (ստանդարտ): Երկիր ներմուծվող ապրանքները չեն ստուգվում ԳՓ լինելու առումով: Նույն կարգավիճակում են բոլոր երկրները, թեև համապատասխան չափանշվածքներ և ԳՓԱ-ների ստուգման ժամանակաշրջան մշակելու փորձեր նրանց կողմից իրականացվում են, Եվրամիությունը վարում է չստուգված ԳՓԱ-ներ չներմուծելու քաղաքականություն:

Ելքը

Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են մշակել կանոններ և չափանշվածքներ, կատարել փորձարկումներ և ստուգումներ, մշակել համապատասխան օրենքներ: Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է օրենք, որը կպարտադրի արտադրվող և ներմուծվող ապրանքների վրա նշել նրանց բաղադրիչների ծագումը և աղբյուրները (ԳՓԱ-ների, քիմիական բաղադրիչների և հավելնյութերի պարունակելն ու ծագումը), որպեսզի սպառողը սեփական ընտրության հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է նաև առողջապահության տեսանկյունից. եթե իսկապես ԳՓԱ-ների երկարատև օգտագործումը բացասական ազդեցություն ունենա` ալլերգիաներ, խրոնիկ թունավորումներ, «մուտացիաներ» ևս, ապա հետևելով հիվանդի սննդակարգին, կարելի կլինի պարզել ԳՓԱ-ների վտանգավորության իրական պատկերը:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի» գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյան


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter