HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Վախենում եմ՝ մինչեւ գնալս խելագարվեմ»,- ասում է Գլենդեյլում բնակվող Գեղամը

Գեղամը ինձ ճանաչեց, ասաց՝ դու լրագրող ես Հայաստանից: Ասացի՝ հա, վաղը մեկնում եմ Երեւան: Երանի քեզ՝ ասաց: Ասում եմ՝ դու ինչո՞ւ չես գալիս: Գալու եմ, արդեն որոշել եմ վերջնական՝ ասում է Գեղամը: Վերին Արտաշատից է, աշխատում է Գլենդեյլի մի «շաուրմայանոցում»: Վերին Արտաշատ գյուղը Հայաստանի Արարատի մարզում է: Գլենդեյլը Միացյալ Նահագների ամենահայաշատ քաղաքն է: Գեղամը 2003-ին է տեղափոխվել այս քաղաք: Նա պատմում է Վերին Արտաշատում թողած այգու մասին, ասում է՝ եղբայրն է հիմա մշակում, բայց ինքը շուտով գնալու է: Գեղամի երկու եղբայրներն ու չորս քույրերը Հայաստանում են: «Վախենում եմ՝ մինչեւ գնալս խելագարվեմ»,- ասում է Գեղամը:

Երկշաբաթյա այցի ընթացքում սա երկրորդ հայաստանցին էր, որ օրերն է հաշվում Հայաստան վերադառնալու համար: «Ամեն ինչ իմանում եմ, ինչ կատարվում է Հայաստանում, իմանում եմ, այնտեղի կյանքով եմ ապրում»,- շարունակում է Գեղամը ու սկսում հարցեր տալ ընտրություններից, քաղաքական տարբեր գործիչներից: Նա ասում է, որ որդին հաջող բիզնես ունի, եւ ինքն այլեւս այստեղ մնալու կարիք չունի: «Դասավորվել է տղաս, մնացածը ինքը կարող է անել, դեռ մի բան էլ Հայաստանում կարող է անել, ես կգնամ իմ այգին կմշակեմ, հողի գործ շատ եմ սիրում ու կարոտել եմ էդ գործը»,- ասում է հիսունհիnգին մոտ Գեղամը: Հետո հարցնում է երկրի վիճակից: Ես էլ ասում եմ՝ վատ է, քանի որ շատերն են դուրս եկել երկրից: «Փոխող չկա երկիրը»,- ասում եմ: «Հա, ես էլ եմ էդ ասում, բոլորս դուրս ենք եկել, ասում ենք՝ բան չի փոխվում, ես էլ մեղավոր եմ»,- ասում է Գեղամը:

Գեղամը մի ափսե ֆրի է բերում ու ասում՝ էս էլ իմ կողմից: Ես ընկերոջս աղջկա հետ էի, վերջին օրը գնացել էի նվերներ գնելու, ու հետդարձի ճանապարհին ընկերոջս աղջիկն ասաց՝ մտնենք շաուրմա ուտենք, նոր գնանք տուն: Ճանապարհին միացրել էր երաժշտությունը, բարձր է շատ, իսկ բառերը ուղեղ սղոցող. «Երեւան, Երեւան գնալու եմ, հիմնական Երեւանում մնալու եմ…»: Ու ասում է, որ գնալու է Սեւանի ափիn իշխան ուտելու, հետո Արագածի փեշերին՝ խաշ…

Այս երգը էլի էի լսել, բայց Գլենդեյլում այս ռաբիսը ավելի շատ սկսեց սղոցել ուղեղս: Այստեղ՝ Գլենդեյլի փողոցներում, ավտոմեքենաների բաց պատուհաններից լսվող ռաբիսը արկի պայթյունի է նմանվում քաղաքի հանգիստ փողոցներում: Ես այս քաղաքը չեմ սիրում: Այս քաղաքում իմ հայրենակիցների խոսակցություններն եմ լսում ամենուր, ամենուր ինչ-որ պատմություններ են մտցնում ուղեղս, մեղադրանքներով լի խոսակցություններ, չգիտես ինչու, ոմանք ինձնից արդարություն էին պահանջում երկրում տիրող վիճակի համար: Նույնիսկ Ղարաբաղում կռված հայաստանցիներն են այստեղ հասցրել խմբեր ստեղծել ու հայրենասիրության են քարոզում, երգում, պարում: Ու ահա այդպիսի մի հանդիպման ժամանակ, չգիտեմ ինչու, քթիս տակ սկսեցի Չարենցի «Մահվան տեսիլը» շշնջալ, ու պատկերներ էին անցնում աչքերիս դիմաց, Հայաստանը լքած հայերի, դրանց մեջ իմ ընկերների, ծանոթների դեմքերն էլ էին:

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու…

Ես այս քաղաքը չեմ սիրում: Ես էլ, չգիտեմ թե ինչու, իմ նախկին հայրենակիցների հետ զրուցելուց հետո Չարենցի «Մահվան տեսիլի» կախաղանի փայտերն եմ հիշում: Չեմ հասկանում, թե նրանք ինչու են այդքան խոսում Հայաստանի խնդիրների մասին, նրանց ի՞նչ այդ խնդիրները:

«Երեւան, Երեւան գնալում եմ, հիմնական Երեւանում մնալու եմ…»: Ու հետո խաշ, խորոված են ուտելու: Այդպես էլ լինելու է, այդ երգողները երբեմն գալու են այդ գործողությունը կատարելու համար: Հայաստանը նրանց երգերի բառն է, Հայաստանը նրանց երգելու համար է պետք: Հայաստան երգելը հեշտ է, ադրբեջանցիները հիմա Ղարաբաղի, Շուշիի մասին են երգեր լսում, նրանք դրանք իրենց կորուստն են համարում, լացակումած երգեր են երգում: Մենք Մուշի ու Սասունի մասին ենք երգում: Հայրենասիրական երգեր են երգում նաեւ այստեղ գտնվող նախկին ազատամարտիկները, ասում են՝ հայապահպանությունն է սա: Ամերիկացիները կասեին՝ really?: Օտար երկրներում հայրենասիրական երգով դատարկվող հայրենիք չես կարող կառուցել. երգով նահանջը, կորուստն են միայն արդարացնում:

Գեղամը հրաժեշտ տալիս ասում է՝ Երեւանում կհանդիպենք: Ես գիտեմ, որ նա վերադառնալու է, երգը թողնելու է Գլենդեյլում ու գալու է Վերին Արտաշատ:

 

Մեկնաբանություններ (2)

naira kerobyan
Դրսում եղողները Հայաստանի համար են խելագարվում, ներսում եղողները Հայաստանում տիրող վիճակից ենն խելագարցում...
Kerob Nairyan
Նաև կան դրսում մարդիկ ովքեր չեն խելագարվում գնալու Հայաստան, ու Հայաստանում մարդիկ ովքեր երբևիցե խելագարված չեն գնալու ուրիշ երկիրներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter